Փետրվարի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի և նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը:
Բանախոսները ամփոփեցին հունվարի 22-ից փետրվարի 9-ը ԱՄՆ կատարած իրենց այցի արդյունքները:
Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը, «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ, Վաշինգտոնում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով:
Ստեփանյանն ու Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, Լոս Անջելեսում մասնակցել են կազմակերպության 35-րդ տարեկան համաժողովին, հանդիպել համայնքային ու ակադեմիական որոշ շրջանակների հետ: