Փետրվարի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` «Քաղաքական մանև՞ր, թե՞ կառավարման մտահոգություններ. ի՞նչ է կատարվում Երևանի ավագանիում» թեմայով:
Բանախոսներ՝
Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ
Սոնա Աղեկյան՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, սակայն դեռևս հաստատում չկա։
Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»: