Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է:
Մեդիա կենտրոնում փետրվարի 24-ին անցկացվեց «Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին» թեմայով քննարկում։
Քննարկումն անցկացվեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. Հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:
«Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ դատապարտյալներն իրավունք ստացան անվճար հանրակրթության՝ առանց տարիքային սահմանափակման։ «Սա պատմական իրադարձություն կարող ենք համարել՝ հաշվի առնելով, որ 2015-2019 թվականներին անգամ անչափահասների հանրակրթություն չկար քրեակատորղական հիմնարկներում։ Ուսումնական ծրագրեր մշակվեցին։ 2022-ի սեպտեմբերի մեկից վեց ՔԿՀ-ներում՝ Արմավիր, Աբովյան, Նուբարաշեն, Սևան, Արթիկ և Վանաձոր ՔԿՀ-ներում մեկնարկեց ծրագիրը․ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտալները, ում պատժին մնացել է մեկ տարի և ավելի, կարող էին իրենց կրթական իրավունքը իրացնել պետության հաշվին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների ընտրությունը պայմանավորված էր իրենց իսկ դիմումների առկայությամբ։ Իրականացվել են նախնական կրթական հարցումներ։ «Մինչ ծրագրի մեկնարկը կար 306 դատապարտյալ, որոնք ունեին հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու կարիք: Այսինքն՝ 306 դատապարտյալ պետք է իրացներ իր կրթության իրավունքը»,- մանրամասնեց Հասմիկ Հովակիմյանը։ Նրա խոսքով, ծրագրի հիմնական նպատակը ոչ միայն կրթության իրավունքի իրացումն է, այլև անհատներին հասարակությանը ինտեգրվելու և հանրային անվտանգությանը նպաստելու նախապատրաստումը: «Անհատներին հասարակությունն ավելի անվտանգ դարձնելու հնարավորություն տալով՝ մենք նպատակ ունենք նվազեցնել կրկնահանցագործության ռիսկը»։ Այս տարի ծրագրին դիմել և մասնակցել է 120 դատապարտյալ։
«Նոր սերունդ» ՀԿ-ն օրենսդրական փոփոխությունից հետո հետազոտություն է կատարել հանրակրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ․ մի շարք խնդիրներ են արձանագրվել։ ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կարծիքով՝ որոշ խնդիրներ ազդեցություն են ունեցել դատապարտյալների ուսումը դադարեցնելու վրա. դրանցից մեկը նույն դասարանում տարբեր կրթական մակարդակներ ունեցող և տարբեր տարիքի անձանց սովորելն էր: Նրա խոսքով՝ կրթական գործընթացին մասնակցելու խոչընդոտներ եղել են նաև աշխատող դատապարտյալների դեպքում, որոնց երբեմն փորձել են ընդառաջել՝ հարմարեցնելով նրանց աշխատանքային գրաֆիկը ուսմանը:
Միաժամանակ Շուշան Խնկոյանը կարևորեց, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրել են միջազգային փորձը և վստահաբար կարող են ասել, որ Հայաստանում իրականացվող ծրագիրը շատ դրական ազդեցության ներուժ ունի։ Դա պայմանավորված է նրանով, որ ծրագիրը տարիքային սահմանափակում չի դնում, և այն ֆինանսավորվում է պետության կողմից։ Բացի այդ, նա նշեց, որ հուսադրող է, որ հետազոտության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ եղել է երկխոսություն պատկան մարմինների հետ, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։
Հասմիկ Հովակիմյանի տեղեկացմամբ՝ քննությունները սկսվել են փետրվարի 24-ին, ավարտական քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 24 դատապարտյալ՝ համապատասխան վկայականներ ստանալու համար։ Քննություններն անցկացվում են «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում։ «2022-2023 կրթական ծրագրի մասնակիցներից էքստեռն ավարտական պետական քննություններին մասնակցել են 37-ը, որոնցից 31-ը ստացել են հիմնական և միջնակարգ կրթության վկայականներ»։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական հարցերի վարչության պետ Ցողիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ աշխատում են հնարավորություններ ընձեռել հանրակրթությունից բաց թողածներին։ «Հետագայում մենք ունենք դեպքեր, երբ հանրակրթությունն ավարտած և միջնակարգ կրթության վկայական ունեցող անձինք քայլեր են ձեռնարկում բարձրագույն կրթություն ստանալու ուղղությամբ, ինչը մեզ համար շատ հուսադրող է։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
Հեռ․՝ +374 99 755 898
Էլ․ փոստի հասցե՝ [email protected] | [email protected]
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: