Նոյեմբերի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ» թեմայով։
Բանախոսներ՝
- Հայկ Սարգսյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
- Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
Պատգամավորի կարծիքով` նոր օրենքը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հայրենիք վերադառնալ, բացի այդ լրացուցիչ գումարներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։