Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները քննարկեցին «Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները»։
Բանախոսներներն էին՝
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Էդգար Վարդանյան՝ քաղաքագետ
Հոկտեմբերի 12-ին, Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է․ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը: Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»։
Բանախոսներն անդրադարձավ հետևյալ հարցերին․
— Ինչու՞ են հայաստանյան ՀԿ-ները «արհեստականորեն սրում հակառուսական տրամադրություններ», ի՞նչ հիմքով են «Հայաստանի միջոցով առաջ տանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»:
— Արդյո՞ք հակառուսական տրամադրություններն էին պատճառը, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ՝ ինը ամիս փակ մնաց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանքը՝ հումանիտար աղետի առաջ կանգնեցնելով 120 000 արցախահայերին: Հակառուսական այդ տրամադրություննե՞րը պատճառ դարձան սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման համար, երբ Բաքուն հայտարարեց, թե «հակաահաբեկչական գործողությունների» մասին տեղյակ է պահել ռուս խաղաղապահներին ու հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին։