ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ քաղաքական հանրային նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։ Ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Մեդիա կենտրոնի կողմից Դիլիջանի համայնքային կենտրոնում կազմակերպված՝ «Ոստիկանական բարեփոխումները հասե՞լ են Տավուշի մարզ» թեմայով քննարկման փաստաբանները մտահոգիչ համարեցին այն, որ խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները ոչ միայն չեն պատժվում, այլև նոր պաշտոններ են ստանում։
«Այն գործերը, որոնց վերաբերյալ որևէ տեսանյութ է լինում, և աղմուկ է բարձրանում, ինչ-որ կերպ գործը տեղից շարժվում է, բայց բազմաթիվ գործեր կան, որոնք վերաբերում են ոստիկանությունում ենթադրյալ խոշտանգումներին, բայց տեսանյութեր չկան, այս դեպքում միայն տուժողի ցուցմունքով շատ դժվար է արդյունքի հասնել»,- նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Այդպիսի աղմուկ բարձրացրած դեպքերից է այս տարվա հունիսի 1-ին համացանցում տարածված տեսանյութը, որում Տավուշի մարզի քրեական հետախուզության վարչության պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի է ենթարկում անչափահաս տղայի։
Տուժողի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը, որը քննարկման բանախոսներից էր, իր խոսքում նշեց, որ այդ դեպքը ի հայտ բերեց իրավապահ համակարգում բացթողումների մի ամբողջ շղթա։
«Երբ ոստիկանությունում դեպքը գրանցվում է, համապատասխան ամփոփագրերն ուղարկվում են նաև դատախազություն։ Բնականաբար, դատախազությունը տեղեկացված է եղել դեպքից։ Երբ քննչականը որոշում է կայացրել քրեական վարույթ չիրականացնելու մասին միջնորդություն ներկայացնել, և գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հիշյալ միջնորդությունը բավարարվել է, դա չէր կարող տեղի ունենալ՝ առանց մարզի դատախազի թույտվության։ Սակայն ծեծի տեսանյութը հանրայնացնելուց հետո, երբ հանրային աղմուկ բարձրացավ, ստացվեց մի իրավիճակ, որ տվյալ մարզի դատախազությունը որևէ տեղեկատվություն չի ունեցել նման որոշման մասին»,- նշեց Ս․ Ռաֆայելյանը՝ հավելելով, որ բարեփոխված ոստիկանությունը չպետք է թույլ տար, որպեսզի իր աշխատակիցը նման արարք կատարելուց հետո շարունակեր աշխատել համակարգում։
Քննարկմանը ներկա՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը, խոսելով տվյալ դեպքի մասին նշեց, որ գրասենյակը որևէ ահազանգ չի ստացել․ քննարկման ընթացակարգ սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութին ծանոթանալուց հետո։
Ծերունյանը հավելեց, որ ՄԻՊ աշխատակիցները ոչ միան Տավուշի, այլև ՀՀ բոլոր մարզերում հաճախակի չհայտարարված այցեր են ունենում փակ հաստատություններ, այդ թվում՝ ոստիկանության բաժանմունքներ․
«Այդ այցերը նպատակ ունեն ոչ միայն ոստիկանության պարտավորությունների մասով որոշակի քննարկումներ ունենալ, այլև տեղում ֆիքսել, թե ինչպիսի խնդիրներ կարող են լինել, օրինակ՝ հեռախոսի առկայությունը՝ ՄԻՊ գրասենյակ ահազանգելու համար»։
Քննարկմանը ներկա մասնակիցներին հետաքրքրող հարցերը հիմականում վերաբերում էին նրան, թե ո՞րն է պատճառը, որ տարիներ շարունակ խոսվում է ոստիկանական բարեփոխումների մասին, սակայն դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում։
Փաստաբանները նշեցին, որ ոստիկանական բարեփոխումները չեն իրականացվում քաղաքական կամքի բացակայության պատճառով։
Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Միջոցառման լուսանկարները հասանելի են այստեղ։