Հունվարի 18-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցավ քննարկում՝ «Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է» թեմայով։
Բանախոսներ՝
Թագուհի Թովմասյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Եղոյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու
իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան:
Դիմել ենք նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովին՝ ակնկալելով հանձնաժողովի որևէ ներկայացուցչի մասնակցություն և պարզաբանում՝ ինչո՞վ է պայմանավորված մտահոգիչ այս վիճակագրությունը: Հանձնաժողովից խոստացան արձագանքել, սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա:
2024 թվականը ՀՀ Զինված ուժերում սկսվեց զինծառայողների մահվան դեպքերով:
44-օրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց Զինված ուժերում լրջագույն բարեփոխումների մասին: Նպատակը՝ վերացնել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:
2024 թ.-ի հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց՝ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երեկոյան նախարարությունը հայտնեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։
Այս մահերին հաջորդեց Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականը՝ հետևողական աշխատել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ։
Արդեն հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հաջորդ օրը ձնահյուսի տակից հայտնաբերվեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․):
Ինչու՞ հաջողություն չեն ունենում ԶՈՒ-ում նախաձեռնված բարեփոխումները: