Քննարկումը կազմակերպվել էր «Ա1+»-ի տաղավարում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։
Անդրադառնալով կարգապահական վարույթներին՝ Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ կորպորատիվ շահերը կարող են պատճառ դառնալ, որ դատավորները պաշտպանեն իրենց գործընկերների շահերն ու նրանց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ժամանակ ձեռնպահ մնան։ «Պետք է կառուցվածքային փոփոխություն լինի։ Պետության քաղաքականության հիմքում ամենակարևոր մեխանիզմը պետք է լինի ոչ թե պատժողական, այլ կանխարգելող քաղաքականությունը։ Իսկ եթե կատարված քայլերն արդյունք չեն տալիս, ուրեմն բարեփոխումների քաղաքականությունը ձախողվել է։ Եվ մենք փաստ ենք արձանագրում, որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահություն չկա»,- ասաց Արթուր Սաքունցը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանն էլ հավելեց, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանում են բացասական բարեվարքությամբ դատավորներ ընտրվում։ «Մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանում պետք է ամենաբարեվարք դատավորներն ընտրվեն։ Ընտրվում էին քաղաքական կուսակցության և կառավարող կուսակցության անդամներ։ Չեմ ասում, թե նրանք անբարեվարք են, բայց քաղաքական կուսակցության հետ ունեցած նրանց կապերն առնվազն հարցեր են առաջացնում հենց դատական իշխանության անկախության համատեքստում»,- նշել է Արաքս Մելքոնյանը։
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, անդրադառնալով Արթուր Սաքունցի և Արաքս Մելքոնյանի քննադատություններին, նշեց, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար բազում քայլեր են արվել՝ էլեկտրոնային արդարադատության ներդրում, դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատավորների նշանակման նոր կարգի ստեղծում և այլն։ «Եթե առաջարկներ կան, կարող եք ներկայացնել»,- հավելեց նա։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։