Նա կարծում է, որ Հայաստանի բանտերը տակառ են, որտեղ կալանավորին ուղարկում են և սպասում մինչև պատժի կիրառման ավարտը։ Արշակ Գասպարյանի խոսքով՝ մինչև 1 տարի ազատազրկման դատապարտված մարդը չպետք է բանտ նստի․ նրա նկատմամբ պիտի փորձաշրջան սահմանվի։ «Որպես կանոն՝ մենք վաղաժամկետ ազատում ենք, երբ պատիժը կրելուն մնացել է 6 ամիս։ Շատ հազվադեպ կհանդիպենք ազատման, երբ մնացել է 2 տարի»,- նշեց նա։
Արշակ Գասպարյանն անդրադարձավ նաև Հայաստանի կալանավայրերի պայմաններին և նկատեց, որ դրանք պետք է օրինակ լինեն, թե ինչպիսին չպետք է լինեն բանտերը․ «Ես արտերկրում մեր բոլոր բանտերը ցույց եմ տալիս որպես դիդակտիկ նյութ, թե ինչպիսին պիտի չլինեն բանտերը։ Նուբարաշեն ՔԿՀ-ն դիդակտիկ նյութ է, թե ինչպիսին պիտի չլինի բանտը»։
«Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի համահիմնադիր, նախկին դատապարտյալ Արմեն Դավթյանն էլ հավելեց, որ կալանավայրերում բանտարկյալների վարքագծի փոփոխության պայմաններ չկան․ չկա զբաղմունք, աշխատանքի և այլ հնարավորություններ։ «Մեր կազմակերպությունը 3 ամսով պայմանագիր էր կնքել ցմահ ազատազրկվածի հետ, որ նա դատապարտյալներին ծաղկեգործություն և գրիչների ասեղնագործություն դասավանդի։ Դա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ ցմահ դատապարտյալը պայմանագիր է կնքում երրորդ կողմի հետ»,- ասաց Դավթյանը։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։