Հիշեցնենք, որ ԱԺ-ում դեռևս հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված այդ նախագիծն առաջարկում էր տեսանկարահանող սարքեր տեղադրել բանկերում, վարկային կազմակերպություններում, տարադրամի փոխանակման կետերում, փոստային բաժանմունքներում, ուսումնական հաստատություններում, 100 քառակուսի մետրից ավելի տարածք ունեցող առևտրի կետերում, 50 քառակուսի մետրից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտներում և շատ այլ տնտեսվարողների մոտ։ Նախագծի պահանջներից մեկն էլ այն էր, որ այդ սարքերը ցանկացած պահի պետք է հասանելի լինեն Ոստիկանությանը։
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ «Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։
Քննարկման ընթացքում մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժվար կլինի այդ պահանջը կատարել, և նրանցից ոչ բոլորը կկարողանան տեսանկարահանող սարքեր տեղադրել կամ կառավարել դրանք։ ՆԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ շուրջ 2,5 տարի անցումային ժամանակահատված է նախատեսված, որպեսզի տնտեսվարողները հասցնեն պատրաստվել։
Արթուր Պապյանը նաև շեշտեց, որ տեսախցիկների համատարած տեղադրումը խնդիրներ կառաջացնի լրագրողների աշխատանքի գաղտնիության, բժշկական, առևտրային գաղտնիքի և այլ առումներով։ «Բացի այդ, ինչու՞ տնտեսվարողը պետք է վճարի Ոստիկանության աշխատանքի համար, հատկապես, որ նրանք արդեն հարկեր վճարում են, որի մի մասն էլ հատկացվում է մեր երկրի անվտանգային խնդիրների լուծմանը»,- նշեց Արթուր Պապյանը։
Անդրադառնալով այս հարցին՝ Ռուսլան Մարդանյան նշեց, որ կներդրվի վերահսկողական կամ այդ համակարգերի անվտանգության հնարավորինս ապահով տարբերակ, որպեսզի այդ բոլոր մտահոգությունները նվազագույնի հասցվեն։ «Բոլորը պետք է մասնակցեն հանրային անվտանգության ապահովման գործընթացին»,- հավելեց նա։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։