Ի՞նչ իրավական հնարավորություն ունեն դատապարտյալները՝ լսելի դառնալու նպատակով հացադուլի, ջրադուլի չդիմելու համար: Որքանո՞վ է ապահովված հացադուլ հայտարարած դատապարտյալի՝ բժշկական, հոգեբանական ծառայություն ստանալու իրավունքը:
2022 թ.-ի հունիսի 30-ին, երեք ամիս տևած հացադուլից հետո, «Արմենիա» ԲԿ-ում մահացավ 50-ամյա Արմեն Հարությունի Մնացականյանը: Նա 2020 թվականի հունվարի1-ին, Երևանի Սարի Թաղում, վիճաբանել էր Ռոբերտ Փափազյանի հետ, դանակահարել նրան: Տուժողը չէր մահացել: Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար։ Մնացականյանն իրեն մեղավոր չէր ճանաչել:
2021 թվականի հունվարի 12-ին Երևանի Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ որոշելով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանը փոխել է վճիռը՝ Մնացականյանին դատապարտելով երեք տարի ազատազրկման: Երեք ամիս գտնվելով ՔԿՀ-ում՝ այդ ողջ ընթացքում Մնացականյանը հացադուլ է արել: Ինչն էլ պատճառ է դարձել առողջության հետ կապված նախկինում որևէ խնդիր չունեցած դատապարտյալի մահվան: Ըստ նրա ընտանիքի անդամների և փաստաբանի՝ եթե անհրաժեշտ բուժօգնություն ու հոգեբանական աշխատանք տարվեր, Արմեն Մնացականյանը ողջ կմնար:
Ֆիլմում ներկայացված են հետևյալ մասնագետների, փորձագետների մեկնաբանությունները՝
- Լիպարիտ Սիմոնյան՝ փաստաբան
- Նաիրա Բաբայան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
- Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավականա աշխատանքների բաժնի պետ
- Լաուրա Գասպարյան՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
- Զարուհի Հովհաննիսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
Կապ հաստատեցինք նաև Արմեն Մնացականյանի կնոջ՝ Վարդուհի Ալեքյանի հետ: Նա սկզբում համաձայնեց խոսել, ներկայացնել ամուսնուն, սակայն հետո հրաժարվեց՝ ասելով, որ որդիները թույլ չեն տալիս հետմահու խոսել իրենց հոր մասին, քանի որ իրենց հոր մահը պետության անտարբերության պատճառով է եղել: Տիկին Ալեքյանը համաձայնեց մի քանի խոսք ասել ամուսնու մասին, որը տեքստով կհնչի ֆիլմում՝ առանց իր մասնակցության: