Հունվարի 31-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Բրյուսովը՝ առանց ռեկտորի․ ինչո՞ւ չեն հաստատվում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները» թեմայով։
Բանախոսներ՝
- Կարինե Հարությունյան՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ին վերընտրված ռեկտոր
- Արսեն Սարդարյան՝ Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչ
ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները։
Դեկտեմբերի 9-ին կայացել էր Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Այս ընտրություններից երեք օր անց պաշտոնից ազատվեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որը Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։