Չնայած 2020 թվականի տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր բարեփոխված ոստիկանություն ունենալու անհրաժեշտության մասին, սակայն, տարեվերջին տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են՝ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել 2019 թվականի համեմատ։ 2019 թվականին արձանագրվել է 90 դեպք, 2020-ին՝ 192, իսկ 2021-ին 159 դեպք։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի համաձայն՝ չնայած ոստիկանության կողմից կիրառվող բռնության դեպքերը 2020-ի համեմատ 2021-ին 17 տոկոսով նվազել են, սակայն, 2019 թվականի համեմատ աճել են 43․4 տոկոսով։ Աղբյուրի համաձայն՝ առավել մեծ թվով խախտվել է մարդկանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հինգ տարի անց այս վիճակագրությունը մտահոգիչ համարող իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են՝ ոստիկանությունում բարեփոխումներ անցկացնելը խիստ անհրաժեշտություն է։
Վրեժ Մկրտումյանին ընկերոջ հետ Ստեփանավան գնալու ճանապարհին ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանն ու նրա տեղակալը կանգնեցրել են և բռնության ենթարկել։ Վրեժը 23-տարեկան է, մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ է։ Աշխատում է Երևանի սպորտային ընկերություններից մեկում։ Նշում է՝ միջադեպը բարոյահոգեբանական առումով ծանր հետևանքներ է ունեցել իր և հարազատների համար։ Մինչ բռնություն գործադրելը ոստիկանության պաշտոնյաները պատշաճ չեն ներկայացել, նրանցից մեկն է միայն ոստիկանական հագուստով եղել։ Բռնության այս միջադեպով ՀՀ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել։ Բռնության ենթարկված Վրեժը հույս չունի, որ ոստիկանությունը մի օր բարեփոխվելու է, սակայն, պայքարում է արդարության հասնելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետն այս միջադեպից հետո էլ շարունակում է պաշտոնավարել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` Հայաստանում քաղաքացիների իրավունքները շարունակվում են ոտնահարվել՝ իրավապահ համակարգում խոստացված ու չկատարված վեթինգի պատճառով։ Ըստ իրավապաշտպանի` ոստիկանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քանի որ կատարողները պատասխանատվության չեն ենթարկվում։ ՀՀ ոստիկանությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ ստացված բողոքների հիման վրա 764 ծառայողական քննություն և ուսումնասիրություն է կատարվել։ Շուրջ հինգ տարիների ընթացքում վերոնշյալ խախտումների համար աշխատանքից ազատվել է ընդամենը հինգ ոստիկան, 6-ին հայտարարվել է նկատողություն, մեկ ծառայողի՝ խիստ նկատողություն, իսկ մեկի պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով։ Ընդհանուր 764 դեպքով պատասխանատվության է ենթարկվել 13 ծառայող, 580 դեպքով ահազանգերը թողնվել են անհետևանք։ Ըստ ոստիկանության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ քաղաքացիներին բռնություն ենթարկելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։ 147 դեպքով ծառայողական քննությունների ընթացքը կասեցվել է` մինչև հարուցված քրգործերի ավարտը։ Այս պահին ընթացքի մեջ է 8 ծառայողական քննություն և ուսումնասիրություն։ 2020 թվականի ապրիլի 23-ին կառավարությունը հաստատեց ոստիկանության բարեփոխումների 2020-22 թվականների ռազմավարությունը։ Առանցքում Ներքին գործերի նախարարության ստեղծումն է։ Նոր գերատեսչությունը կներառի Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Միգրացիայի ծառայությունը։ Չնայած՝ նախարար կարող է նշանակվել նաև իշխող կուսակցության անդամը, իսկ ոստիկանապետին նախարարի առաջարկությամբ վարչապետն է նշանակելու, այնուհանդերձ, օրենսդրական փոփոխության հիմնավորումն այն է, որ ոստիկանությունն ավելի արդյունավետ կգործի, քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունը համակարգի նկատմամբ ուժեղ կլինի։ Քաղհասարակության ներկայացուցիչները ՆԳՆ-ի ստեղծումը կարևոր քայլ են համարում՝ միտված ոստիկանության բարեփոխումներին։
Սակայն, արդիական է մնում հարցը՝ գերատեսչության անունն է փոխվո՞ւմ, թե՞ ՆԳՆ-ում ծառայության անցնողները վեթինգի կենթարկվեն, որ խաղաղ բողոքի ակցիա անող քաղաքացուն հրապարակներում, իսկ ենթադրյալ հանցագործին ոստիկանական բաժիններում բռնությունների չենթարկեն։ Այդուհանդերձ, Ոստիկանության բարեփոխումների նպատակը, ըստ ռազմավարության, ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ Հաստատված ռազմավարությունում նշվում է, որ փոփոխությունների արդյունքում Ոստիկանության կազմում մնալու են հիմնական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները՝ քրեական ոստիկանությունը, հասարակական անվտանգության ապահովման ծառայությունը, պարեկային ծառայությունը, իսկ ոստիկանության զորքերը վերածվելու են գվարդիայի։
Նախատեսվում է խորհրդարանի աշնանային նստաշրջանում քննարկել, իսկ մինչև տարեվերջ ընդունել նոր նախարարության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը և նշանակել ՆԳ նախարար։