Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով։
Բանախոսներ՝
Էդգար Մարտիրոսյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ
Ռոման Երիցյան՝ փաստաբան
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ
Արցախից տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից
և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ծեծի ենթարկելու մասին հայտարարությանը՝ ոչ միայն հերքելով բռնությունը, այլև պնդելով, որ ձերբակալման ընթացքում տղամարդը հարվածել և դիմադրություն է ցույց տվել պարեկներին։ Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ ծառայողական քննությամբ ուսումնասիրվում են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները։ «Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք»,- հայտարարում է ՆԳՆ-ն։
Օրեր առաջ դատարանը որոշեց մերժել ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը և փաստաբան Ռոման Երիցյանի եղբայր Արամ Երիցյանին չկալանավորել։ Օգոստոսի 6-ին Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ եղբորը կրկին ձերբակալել են։