Քննարկումը կազմակերպվել էր «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։
Սոնա Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ կա օրենքը խտրական կիրառելու ռիսկեր, լսել է այդ մասին բողոքներ, բայց պնդելու համար բավարար ապացույցներ դեռ չունի։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը չպետք է տարածվեր նաև 90-ական թվականներին ձեռք բերված գույքի վրա՝ նա նշեց, որ սխալ կլիներ դա չանելը։ «Եվ վերցնել միայն նախկին տասը կամ քսան տարիներին ձեռք բերված գույքը, հատկապես որ որոշ մարդիկ սկսել են ապօրինի եղանակով հարստանալ հենց 90-ականներին։ Այսօր նրանք իրենց հարստությունը պարզապես բազմապատկում են, բայց ակունքները դրվել են այդ տարիներին։ Բացի այդ, դա անպայման կքաղաքականացվեր»,- հավելեց նա։
Սոնա Այվազյանն այդ ինստիտուտը կարևորեց նաև ժողովրդավարության կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր փաթեթում՝ հավելելով, որ մարդիկ պետք է ունենան արդարության զգացողություն։ Ի վերջո, նրա խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը գործում է ընդամենը 3,5 տարի, և դա կայացման, ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար կարճ ժամանակ է։
ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը շեշտեց, որ թե տվյալ իրավապահ ստորաբաժանումը, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանը ռեսուրսների խնդիր ունեն․ դատախազների, դատավորների և այլ մասնագետների թիվը քիչ է, և այդ փոքրաթիվ թիմով չեն կարող մեծ քանակությամբ գործեր ուսումնասիրել։ Համլետ Հարությունյանը նաև նշեց, որ նախկին պաշտոնյաների հետ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների նկատմամբ նույնպես գործեր են հարուցվել։ Նրա ներկայացմամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք պաշտոնավարել են մինչև 2018 թվականի հեղափոխությունը և շարունակել են պաշտոնավարել նաև գործող իշխանությունների օրոք։ Որոշներն էլ 2018 թ հեղափոխությունից հետո են պաշտոն զբաղեցրել։ Համլետ Հարությունյանը, սակայն չցանկացավ նշել այդ մարդկանց անունները կամ գոնե ասել, թե քանիսն են նրանք։ «Մենք անսասան ենք այս գործընթացում և բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ ավելի շատ արդյունքներ ունենանք, ավելի շատ գործերով վերջնական դատական ակտեր ունենանք․ ի վերջո, քիչ լինեն այն քննադատությունները, թե ավելի արագ է հանրությունը արդյունք ակնկալում»,- եզրափակեց նա։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։