«Պետության ինստիտուցիոնալ դիմակայունությունը շատ կարևոր հարց է։ Հայաստանի Հանրապետությունը հեղափոխությունից հետո դիտարկե՞լ է հարցը, որ կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն։ Եթե սա լինի, ես ձեզ հավատացնում եմ, բոլորովին այլ մթնոլորտ կլինի»,- «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած բանավեճի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Բանավեճն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։ Բանավեճին մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը, ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Եփրեմ Կարապետյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության պետի պաշտոնակատար Տիգրանուհի Խալաֆյանը։
Արթուր Սաքունցը նաև հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվել են անհրաժեշտ ինստիտուտները, բայց զուգահեռաբար կան խնդիրներ կիրառման կամ օրենսդրական դաշտում։ «Օրինակ՝ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից ինչքանո՞վ ենք ճիշտ համարում պաշտոնատար անձանց պահպանման ծախսերի գաղտնագրումը»,- հարց բարձրացրեց նա։
Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք կոռուպցիայի վերաբերյալ ընկալումներով, 2018թ․ հեղափոխությունից հետո իրավիճակի էական լավացում եղել է։ Վերջինս կարևոր համարեց, որ կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, բացահայտման կամ քրեական հետապնդման դեպքում իշխանությունները չպետք է որևէ խտրականություն ցուցաբերեն։
«Այնպես չլինի, որ որևէ յուրայինի նկատմամբ օրենքը մեղմ կիրառվի, հակառակորդների նկատմամբ՝ շատ խիստ։ Եթե յուրայինին վերաբերող գործը չհետաքննվի, հակակոռուպցիոն քաղաքականությունը կամ կոռուպցիայի դեմ պայքարն այստեղ կվերջանա։ Դու քո օրինակով պետք է ցույց տաս, որ այդպիսին չես, հակառակ պարագայում դա կարող է նշանակել, որ դու այդ գործիքն օգտագործում ես քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։
ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Եփրեմ Կարապետյանն էլ հավելեց, որ ՀՀ կառավարությունը նախագծեր մշակելիս, իրավապահ, կանխարգելման մարմինների կարողությունները գնահատելիս գործադրում է բոլոր ջանքերը, որ մեր ինստիտուտները կարողանան լիարժեքորեն կիրառել իրենց գործիքակազմը, և կոռուպցիայի կանխարգելումը, բացահայտումը լինի պատշաճ մակարդակի վրա։ «Բացի այդ, ակտիվ աշխատանքներ են տարվում հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ։ Կրթության և վերապատրաստման պիլոտային ծրագրեր են իրականացվում թե նախակրթարաններում, թե դպրոցներում ու բուհերում։ Կառավարությունն ունի հստակ քաղաքականություն, որը տանում է նրան, որ մեր հասարակության մոտ այդ երևույթների մասին գիտելիքները, դրա նկատմամբ անհանդուրժողականության ու ազդարարման մակարդակը բարձրացվի»,- հավելեց Եփրեմ Կարապետյանը։
Բանավեճն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։