Թուրքիան որոշ դեպքերում դիրիժոր է մի շարք հումանիտար միջազգային կազմակերպությունների համար
27.10.2020
12:00
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Պատերազմի մեկ ամիսը․ ի՞նչ կշիռ ունի միջազգային կառույցների մանդատը» թեմայով։

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Փորձագետների պնդմամբ՝ կան բավարար հիմքեր ասելու, որ իրապես տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ։ «Սարսափելի վիճակ է, չկա բացատրություն ու արդարացում բազմաթիվ գործողությունների։ Սա դասական ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Պատերազմի մեկ ամիսը.ինչ կշիռ ունի միջազգային կառույցների մանդատը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա՝ երբ ռմբակոծվում են տարածքներ, որտեղ միայն խաղաղ բնակչություն է, և օգտագործվում են այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ու հետևանքները ծայրահեղ ծանր են, միանշանակ վկայում է հանցագործությունների մասին: Նինա Կարապետյանցի խոսքով՝ միջազգային կառույցները տեղյակ են այս ամենից: «Կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ տեղյակ են, ծանոթ են դերակատարներին և նրանց դիրքորոշումներին, բայց ավանդույթի համաձայն իրենք իներտ են: Որոշակի ընթացակարգեր կան, որոնք նրանք չեն ուզում խախտել»,- նշեց Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ այս դեպքում միջազգային կառույցները դարձել են շատ խիստ քաղաքականացված և գործում են ըստ նպատակահարմարությունների։ «Եթե միջազգային կառույցները չմիջամտեն և չկարողանան կարգի հրավիրել գործող հանցագործ դերակատարներին, այս խնդրին բախվելու են հենց իրենց տան շեմին»,- նշե իրավապաշտպանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ այն, որ միջազգային կառույցները չեն իրականացնում իրենց առաքելությունը, բազմիցս ենք համոզվել և ոչ միայն Հայաստանի օրինակով:  «Շատ ցավոտ իրադարձություններ են եղել  աշխարհում, սակայն բազմիցս տեսել ենք, որ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, մասնավորապես ԵԱՀԿ-ն  արագ արձագանքման կառույցներ ունի, հենց ընթացքին հետևելու, ոչ թե արդյունքներն ամփոփելու, բայց տեսնում ենք որքան իներտ են, ոչ ադեկվատ են այդ կառույցների գործողությունները  և արձագանքները»։ Ազգագրագետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, սկսած 1992թ-ից ամենևին անաչառ և օբյեկտիվ հիմքերի վրա չի տանում քննարկումներն ու բանակցությունները, և ակնհայտ ցուցադրված պատերազմական հանցագործությունները չեն արձանագրվում: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Թուրքիան որոշ դեպքերում դիրիժոր է մի շարք հումանիտար միջազգային կազմակերպությունների համար: «Ես միանշանակ պնդում եմ, որ Թուրքիան խիստ փայփայված է միջազգային խաղարարար ու հումանիտար առաքելություն ունեցող կառույցներում, ես նույնիսկ կասեի նաև ՄԱԿ-ում։ Երբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի՝ UNDP-ի գրասենյակը տեղափոխվեց Ստամբուլ, մենք ահռելի մեծ ջանքեր գործադրեցինք, մեր դժգոհությանն ու մտահոգությանը միացան Հունաստանը, Կիպրոսը, նշում էինք, որ ՄԱԿ-ում ներգրավված թուրքական անձինք և Թուրքիան ինքը որպես կառույց իրենց ջանքերով միայն խանգարելու են այդ առաքելության իրականացմանը, բնականաբար մեզ շրջանցեցին։ Երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ադրբեջանական միլիոնների վրա կառուցվում էին մշակութային բաշխման ծրագրեր, ոչ մի կերպ չկարողացանք Նախիջևանի հուշարձանների ջարդարարության խնդիրը քննարկման նյութ դարձնել այդ կառույցներում, պարզ է, որ Ղազանչեցոցը պետք է թիրախ դառնար»։ Ազգագրագետի խոսքով՝ միջազգային կազմակերպություններն իրենց կոչերում չեն անդրադառնում Թուրքիային։ Ըստ նրա՝ այդ կառույցների մեծ մասը թուրքական շահերի գերի է, նրանց կողմից չկա որևէ գործնական քայլ, ուղղված հարցին, թե ինչ գործ ունի Թուրքիան հիմա Կովկասում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ, անդրադառնալով այդ կառույցների՝ Արցախի՝ չճանաչված տարածք լինելու փաստով պայմանավորված  արդարացումներին, նշեց, որ «Եթե այդ տարածքը ճանաչված չէ, պետությունը՝ որպես միավոր ճանաչված չէ, մարդուն կյանքից զրկելու, ցեղասպանելու իրավունք ունե՞ն։ Սա ամենամանիպուլյացիոն, ամենակեղտոտ տարբերակն է, որը հնարավոր էր մտածել։ Մարդիկ ունեն կյանքի իրավունք և ցեղասպանությունից զերծ մնալու իրավունք, և սա որևէ արդարացում ունենալ չի կարող, տարածքի չճանաչված լինելը այստեղ ամենավերջին հարցն էր, որը պետք է այստեղ քննարկվեր»։

Ըստ իրավապաշտպանի՝ տեղի ունեցածը կանխելու համար միջազգային հանրությունը և միջազգային կառույցները ոչինչ չեն արել։ Նինա Կարապետյանցը նշեց, որ թեև դա խայտառակություն է, սակայն նորություն չէ։ «Տեսեք՝ ինչ էր կատարվում Կիպրոսում, Ռուանդայում վերջին տասնամյակների ընթացքում, և կհասկանաք, որ մենք միայնակ չենք։ Պարզապես մեր պարագայում արդեն 21-րդ դարն է, 21-րդ դարում՝ 100 տարի անց, նորից նույն ժողովրդին, նույն դերակատարներով՝ մի փոքր ավել, մի փոքր պակաս, և նույն դերակատարների լուռ համաձայնությամբ նորից տեղի է ունենում ցեղասպանություն։ Սա հուշում է, որ պատահականություն չէ, առաջին ցեղասպանությունն էլ պատահականություն չի եղել։ Եվ գրեթե նույն դերակատարները, գրեթե նույն կազմով՝ մի մասը լռել է, մի մասը մի փոքր աջակցել է, մի մասը մի փոքր սատարել է, մի մասը հետմահու եկել է փորձել է օգնել, մի մասը 100 տարի անց ինչ-որ օրենքներ և դատապարտող բանաձևեր է ընդունել։ Պետք չէ սպասել երկրորդ 100 տարին անցնելուն»։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ բոլոր երկրները, բոլոր դերակատարները հնարավորություն ունեն կանխելու ցեղասպանությունը հիմա արդեն 21-րդ դարում։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
25.11.2020
13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ թեմայով:
Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ
24.11.2020
16:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Պատերազմի չպայթած զինամթերքը. ռիսկեր, հետևանքներ» թեմայով:

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...