«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքների մասին

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը իրականացրել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ՝ քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելու նպատակով:

Դիտարկվել է 13 ԶԼՄ․ 5 հեռուստաընկերություն («Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «5-րդ ալիք», «РТР-Планета»), 3 թերթ («Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Իրավունք») և 5 առցանց լրատվամիջոց («1in.am», «24news.am», «Tert.am», «News.am», «Armeniasputnik.am»): Լրատվամիջոցների ընտրության հարցում հաշվի են առնվել տարբեր քաղաքական կողմնորոշումները։

Դիտարկման շրջանակներում քարոզչության մեթոդները բաժանվել են հետևյալ կարգերի (դրանք կարող են դրսևորվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ).

  • ատելության խոսքի կիրառում
  • տարբեր տիպի մանիպուլյացիաներ
  • բացասական կարծրատիպերի գործածություն։

            Քառամսյա դիտարկման ընթացքում 13 ԶԼՄ-ներում հետազոտվել է 103735 նյութ, որոնցում եվրոպական թեմատիկային վերաբերող հրապարակումների թիվը կազմել է  30110 (կամ 29%-ից քիչ ավելի): Վերջիններից ընդամենը 213-ն (0,7%) է եվրոպական արժեքները վարկաբեկելուն միտված քարոզչական տարբեր տարրեր և

հնարքներ պարունակում։ Սա, իհարկե, չափազանց ցածր ցուցանիշ է և վկայում է, որ եվրոպական թեմատիկան Հայաստանում լուսաբանվում է գլխավորապես չեզոք կամ դրական: Այսուհանդերձ, հակաեվրոպական բնույթի հրապարակումների բացահայտված աննշան այդ քանակը կարիք ունի ուսումնասիրության, քանի որ դրանց բովանդակության վերլուծությունը երկրի տեղեկատվական դաշտի բավականին հետաքրքիր միտումներ վեր հանելու հնարավորություն է տալիս:

            Ուշագրավ է, որ եվրոպական արժեքների վարկաբեկման հնարքներ օգտագործած 213 նյութերի առավել մեծ մասը՝ 116-ը, բաժին է ընկնում տպագիր մամուլին, հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում դրանք համապատասխանաբար 65 և 32 են։ Ընդ որում, ինչպես վկայում են մոնիտորինգի արդյունքները, թերթերից եվրոպական արժեքները վարկաբեկող նյութեր առավել մեծ թվով հրապարակել է «Իրավունքը», հեռուստաընկերություններից՝ «РТР-Планета»-ն (հայկականներից` «5-րդ ալիք»-ը), իսկ առցանց մեդիայից՝ «News.am»-ը։      Օգտագործված քարոզչական հնարքներից ամենից տարածվածը իրադարձությունների և երևույթների կողմնակալ-մանիպուլյատիվ մեկնաբանությունն է: Երկրորդը փաստերի խեղաթյուրումն է: 

            Դիտարկող խումբն արձանագրել է, որ 13 ԶԼՄ-ների ընդհանուր տեղեկատվական հոսքում, որպես կանոն, լրագրողներն ավելի հաճախ են Եվրոպայի և եվրոպական արժեքների վերաբերյալ մանիպուլյատիվ մեկնաբանություններով հանդես գալիս կամ բացասական կարծրատիպեր տարածում, քան հեղինակների մյուս խմբերը: Լրագրողները նաև տեղեկությունների անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրների հղումների թվով են առաջատար:
            Սակայն եթե մոնիտորինգի արդյունքները դիտարկենք ըստ ԶԼՄ-ների առանձին տեսակների, ապա ակնհայտ կդառնա, որ լրագրողները քարոզչության զանազան մեթոդների դիմելու քանակով հեղինակների այլ խմբերին գերազանցում են միայն տպագիր մամուլում։ Թերթերի աշխատակիցներին բաժին է հասնում կողմնակալ մեկնաբանությունների, փաստերի խեղաթյուրման, բացասական կարծրատիպերի և այլնի ավելի քան 70 տոկոսը (123-ից 88): Իսկ ահա հեռուստաընկերությունների պարագայում պատկերը բոլորովին այլ է. փորձագետները/հասարակական գործիչներն իրենց մեկնաբանություններում ավելի քան  2 անգամ շատ են օգտագործել քարոզչական հնարքներ, քան լրագրողները (44-ը՝ 21-ի դիմաց), ընդ որում, այդ 44-ը եվրոպական արժեքները վարկաբեկող հիշատակված հնարքներին դիմելու ընդհանուր թվի (85) կեսից ավելին է: Առցանց մեդիայում եվրոպական արժեքների վարկաբեկմանը միտված քարոզչական հնարքների ավելի քան 82 տոկոսը (39 միավորից 32-ը) նույնպես բաժին է ընկնում փորձագետներին, քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին:           
            Մոնիտորինգում ընդգրկված հինգ հեռուստաընկերություններից եվրոպական արժեքները վարկաբեկող նյութեր ամենից շատ արձանագրվել են ռուսական «РТР-Планета» ալիքում՝ 39: Սա ավելին է, քան հայկական 4 ալիքների տվյալները միասին վերցրած՝ 26: Հետազոտվող հայկական հեռուստաընկերություններում հակաեվրոպական արտահայտություններ պարունակող ամենից շատ նյութեր՝ 18, հայտնաբերվել է «5-րդ ալիք»-ում:

            Մոնիտորինգի ժամանակաշրջանում ԶԼՄ-ներում հակաեվրոպական տրամադրությունների արտահայտման հիմնական առիթը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման հարցն էր: Փաստաթղթի շուրջ աղմուկը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ։

Մանիպուլյացիաների թեմաներ են դարձել նաև սեռը փոխելու որոշում ընդունած նշանավոր հայ ծանրորդուհու մասին ֆիլմի նկարահանումը, «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին Հայաստանի մասնակցությունը, Երևանի մետրոյի կայարաններից մեկի մոտ ֆուտուրիստական ոճով պարային բեմադրությունը։ Այս ամենը ներկայացվել է իբրև «Արևմուտքի քայքայիչ ազդեցություն» և առիթ հանդիսացել պնդումների, թե ներկա իշխանությունը Արևմուտքի դրածոն է և կատարում է նրա կամքը։
            Մոնիտորինգի ընթացքում վերհանված մանիպուլյացիաներն ու կարծրատիպերը միտված են վարկաբեկելու եվրոպական արժեքները և լսարանին ապակողմնորոշելու, նրա որոշակի հատվածի մոտ Եվրոպայի և եվրոպացիների մասին թյուր պատկերացում ձևավորելու լուրջ վտանգ են պարունակում: Նման քարոզչական նյութերը քաղաքական դրդապատճառներ ունեն և ամբողջովին արհամարհում են հավաստի և անաչառ տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքը:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
«Ապրիլի 5, հանրաքվե. քաղաքական և իրավական հետևանքները»
12.02.2020
12:00
Փետրվարի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս-հարցազրույց՝ «Ապրիլի 5, հանրաքվե. քաղաքական և իրավական հետևանքները» թեմայով:

«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
10.02.2020
13:00
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։
Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներ.վրաստանյան փորձը
10.02.2020
11:00
Փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներ. ի՞նչ է ասում վրաստանյան փորձը» թեմայով։
«ՍԴ ճգնաժամ. կլուծվի՞ այն՝ դադարեցնելով ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները»
06.02.2020
13:00
Փետրվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՍԴ ճգնաժամ. կլուծվի՞ այն՝ դադարեցնելով ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ