«Ամենաթանկ» հարկը. առողջության պարտադիր ապահովագրումը՝ թեժ քննարկման թեմա
21.12.2019
13:00
Առողջապահության նախարարության կողմից շրջանառվող «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» նախագծի հաստատման դեպքում հարկատուներն իրենց աշխատավարձից հավելյալ 6% հարկ են վճարելու առողջության համապարփակ ապահովագրության համար։ Նախագիծը միանշանակորեն չի ընդունվել. սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում բուռն հակազդեցություն եղավ հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից. առողջության պարտադիր ապահովագրության հարկը նրանք համարեցին լրացուցիչ և ոչ այնքան հիմնավոր բեռ:

Դեկտեմբերի 21-ին, Հրազդան քաղաքում,  Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց քննարկում ՝ «Առողջության պարտադիր հարկ․ ինչո՞ւ են դիմադրում հարկատուները» թեմայով՝ փորձելով լսել նախագծին կողմ և դեմ կողմերին, ներկայացնել նրանց հիմնավորումները: Հրավիրված էին  առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու Սամվել Խարազյանը, «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վիոլետա Զոփունյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, «Սինոփսիս» ընկերության ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը և Կարեն Մելիքյանը: Քննարկմանը մասնակցում էին 40-ից ավելի մարզային բուժհաստատությունների, քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված քաղաքացիներ։

Սամվել Խարազյանը ներկայացրեց նախարարության կողմից ներկայացված հայեցակարգը, բացատրեց, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել տոկոսային հարաբերակցությունը և ինչո՞ւ հենց միայն աշխատող մարդիկ պիտի ներառվեն այս գործընթացում։ Ըստ Խարազյանի՝ նախագիծը կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցները հատկացվելու են բյուջեից՝ առողջապահությանը հատկացվող գումարից, իսկ չբավարարող մասը լրացվելու է հարկատուների հավելյալ հարկի՝ 6% հաշվին, չնայած եթե պետությունը շարունակի գրանցել տնտեսական աճ, ապա հարկատուների կողմից վճարվող տոկոսի չափը կնվազի, որովհետև արդեն իսկ հաջորդ տարվա ծրագրերով՝ առողջապահությանը հատկացվելու է ավելի շատ գումար, քան նախորդ տարիներին։

Վիոլետա Զոփունյանը հիշեցրեց մարդու առողջության իրավունքի և միջազգային այն փաստաթղթերի մասին, որոնց վավերացմամբ Հայաստանը ստանձնել է քաղաքացիներին բժշկական բարձր որակի սպասարկման պարտավորությունը։ Նա անդրադարձավ ներառականության խնդիրներին, պետպատվերի շրջանակներում տրամադրվող սպասարկման անարդյունավետությանը, ապահովագրման ռեժիմի անցման կարևորությունը։ Նա նկատց, որ հայեցակարգը դեռևս ամբողջական տեսք չունի և դրված է հանրային քննարկման՝ կարևորելով հանրային արձագանքը նաև:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, սակայն, հիմնավորումներն արժանահավատ չթվացին.

«Ամենավատ բաներն արվում են ամենալավ հիմնավորումներով», - ասաց Տիգրան Պետրոսյանը: Նա անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն ձևակերպմանը, թե այս նախագծին հատկապե՛ս  դեմ են ամենաբարձր վարձատրվող մասնագետները՝ հաշվապահներն ու ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ նկատելով, թե  «սա խնդիր է բոլորի համար»: ՙՀարկային քաղաքականությունն իրականացնող գերատեսչություններ կան, և Առողջապահությն նախարարությունը չունի լիազորություն՝ հարկային նոր պարտավորություններ առաջարկել քաղաքացիներին: Նույն տրամաբանությամբ՝ մյուս  գերատեսչությունները ևս  կարող են նույն սկզբունքով որոշել հարկերն ավելացնել, օրինակ,  կրթության , սոցիալական ապահովության կամ այլ ոլորտներում բարեփոխումներ անելու հիմնավորմամբ՚, հատկապես որ՝ առանց այդ էլ եկամտահարկը Հայաստանում բավականին բարձր է։

Կարեն Մելիքյանը զուգահեռներ տարավ պարտադիր կենսաթոշակային համակարգն ու առողջության համապարփակ ապահովագրության նախագծի միջև, խոսեց ապահովագրական ընկերությունների գերշահույթների, այդ գերշահույթների որոշ մասը պետության կառավարմանը հանձնելու անհրաժեշտության մասին։ Մելիքյանն ասաց, որ հայեցակարգը լավն է, ինքը որոշ վերապահումներ ունի միայն, սակայն ակնհայտ է, որ այն բացասաբար է ազդելու ներդրումների վրա։ Մելիքյանը կարևորեց փոփոխությունների փուլային իրականացումը՝ սկզբում վերացնել առկա խնդիրները, իսկ հետո, անցնել փոփոխությունների երկրորդ փուլին։

ՏՏ մասնագետները շեշտը դնում էին անարդարության կոմպոնենտի վրա:

Դրան ի պատասախան՝ Սամվել Խարազյանը նշեց, որ այստեղ գերակա է ներառականության սկզբունքը, որովհետև, անկախ ամեն ինչից, հանրային բարիքը բոլորինն է, այն պետք է բաշխվի սոցիալական համերաշխության սկզբունքով. «Հենց այս սոցիալական համերաշխության վրա է պետությունը փորձում ստեղծել կայուն ֆինանսավորման համակարգ, որպեսզի բարձրացնի մարդկանց ֆինանսական պաշտպանվածությանը», - ասաց Խարազյանը։

Առողջապահության նախարարության հանրային խորհրդի անդամ, բժիշկ Անահիտ Ալոյանը՝ ողջունելով նախարարի նախաձեռնողականությունը այլ հարցերում, հայտնեց իր մտահոգությունը հայեցակարգի հետ կապված։ Նա նշեց, որ կառավարությունը պիտի ունենա առաջնահերթություններ և պիտի նպաստի մարդկանց աշխատունակության բարձրացմանը: Նախագծի հանդեպ անվստահության հիմքում, ըստ նրա, մտավախությունն է, թե եղած միջոցները արդար և արդյունավետ չեն բաշխվի:  

«Համատարած ապահովագրությունը պիտի տեղի ունենա աստիճանաբար», - ավարտեց Ալոյանը։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք բուժհաստատությունները կդիմանան հիվանդների հոսքին, եթե ապահովագրությունը լինի համատարած, Ալոյանը նշեց, որ, միանշանա՛կ, չեն դիմանալու, որովհետև ապահովագրությունների ցածր տոկոսի դեպքում արդեն իսկ չեն հասցնում սպասարկել բոլորին։

Քննարկման ավարտին քաղաքացիները ևս ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված հայեցակարգի շրջանառման շտապողականության, նախագծում ներդրվող ֆինանսական միջոցների ապահովության երաշխիքների բացակայության և հանրային վստահության պակասի մասին։

Այս հարցերը, հասկանալի է, նախևառաջ հասցեագրված էին Առողջապահության նախարարությանը. գերատեսչությունից հրաժարվել էին մասնակցել քննարկմանը՝ աշխատակիցների զբաղվածությունը վկայակոչելով: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ