Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
22.04.2019
11:00
Ապրիլի 22-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով:

Ղարաբաղյան հակամարտություն ոչ միայն խնդիր է հակամարտող կողմերի միջեւ, այլեւ շատ խորը արմատներ է գցել կոնֆլիկտում ներգրավված երկրների հասարակություններում: Մարդիկ միահյուսվել են հակամարտության հետ, այն դարձել է նրա ինքնության մի մասը: Այդ հասարակություններում խաղաղության մասին խոսում են, սակայն դա ընկալվում է, ոչ թե գերնպատակ, այլ միջոց ինչ-որ նպատակի հասնելու համար:

Նման եզրակացության են եկել «International alert» կազմակերպության փորձագետները Հայաստանում, Ղարաբաղում ու Ադրբեջանում խաղաղության ընկալումների վերաբերյալ կատարած հետազոտության արդյունքում:

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ապրիլի 22-ին տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» զեկույցի քննարկման թեմայով, որին ներկա էին լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին:

Հանդիպումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության հետ համագործակցությամբ:

Քննարկման առանցքում խաղաղության ընկալման մոտեցումների ուսումնասիրություններն էին, որին և նվիրված էր հետազոտությունը՝ ընդգրկելով կոնֆլիկտի բոլոր երեք կողմերը:

«International alert»-ը, ղարաբաղյան հակամարտության խաղաղարար նախաձեռնությունների տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։

Առաջինը ելույթ ունեցավ «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին, որը ներկաներին պարզաբանեց իրենց կազմակերպության գործունեությունը և ներկայացրեց հակամարտող կողմերի հետ տարվող աշխատանքը:

«Այս հետազոտության հիմնական նպատակն է պարզել, թե մարդիկ, որոնք գտնվում են կոնֆլիկտի տարբեր կողմերում, ինչպես են պատկերացնում իրենց դերը կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում, կամ արդյո՞ք այդ դերը տեսնում են, թե ոչ»,- պարզաբանեց Սոֆիա Փագսլին:

Վերջինս նշեց նաև, որ շատ է կարևորում բարձրաձայնած թեմայի մասին հատկապես երիտասարդների կարծիքը, քանի որ հենց նրանք են շարունակելու սկսված գործընթացները:

Քննարկման մասնակից Գեղամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ի տարբերություն այս կոնֆլիկտի մասին արված մյուս հետազոտությունների՝ վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է ցիկլային սկզբունքով՝ թեմայի վերաբերյալ տեղի են ունեցել հարցազրույցներ և զրույցներ, որոնց հրապարակումից հետո փորձագետները հայտնել են նաև իրենց տպավորությունները:

«Եթե փորձենք համեմատել նախկինում եղած իրավիճակի հետ»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը,- «ապա պետք է նշեմ, որ տեղեկատվական դաշտի պատերազմում մենք արդեն վարում ենք ոչ միայն արտաքին, այլև ներքին տեղեկատվական պատերազմ, որը պայմանավորված է երկրում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի պատճառով կոնֆլիկտն անհարկի շահարկվում է՝ մեր գործն ավելի բարդացնելով»:

Բանախոսի խոսքով, եթե փորձենք ամփոփել զեկույցը, ապա կարող ենք փաստել, որ մարդիկ և հակամարտությունը հասցրել են այս ընթացքում միահյուսվել:

«Երբ արցախցին է խոսում այս թեմայի մասին, նշում է, որ կոնֆլիկտը ոչ թե իր ինքնության մեջ է, այլ իր առօրյայի մի մասն է կազմում»,- շեշտեց Գեղամ Բաղդասարյանը,- «այս առումով մենք խնդիր ունենք մարդկանց հետ վարժեցնելու կոնֆլիկտ ունենալու մտքից»:

Նրա կարծիքով, հետազոտության արդյունքը ցույց տվեց մի ընդհանրություն, որը բնորոշ է պատերազմող 3 կողմերին, խոսքն այն մասին է, որ կողմերից ոչ մեկը խաղաղությունը չի համարում գերագույն նպատակ, այլ ընդամենը միջոց՝ նպատակին հասնելու համար: «Նմանատիպ քամահրական մոտեցումը խաղաղության նկատմամբ պարզապես անթույլատրելի է»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Մարկ Գրիգորյանն էլ իր ելույթում շեշտեց, որ զեկույցում տեղ են գտել նաև կոնֆլիկտի կողմերի պատկերացումները խաղաղության սահմանման մասին:

«Հետաքրքիր է, որ կողմերից յուրաքանչյուրի համար խաղաղությունը յուրովի է սահմանվում: Հայի և արցախցու համար խաղաղությունը կայունություն է, մինչդեռ ադրբեջանցու համար՝ արդարության վերականգնում»,- փաստեց բանախոսը՝ հավելելով, որ հակամարտությունը շատ խոր արմատներ է գցել հասարակություններում՝ դարռնալով «մեր ինքնության մի մասը»: «Իսկ երբ դա ինքնության մաս է, դժվար ես բաժանվում դրանից, կամ չես ցանկանում բաժանվել», - ասաց նա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ անդրադարձավ բանակցային գործընթացում տեղ գտած փոփոխություններին:

Վերջինիս խոսքով, բանակցային գործընթացն առավել թափանցիկ է դարձել, և ձևավորվել է ուղերձների միասնություն. «Այս գործընթացում այլևս չկան ներքին և արտաքին ուղերձներ, որոնք ստեղծվում էին համապատասխանաբար ներքին և արտաքին լսարանի համար: Այժմ այն, ինչ ասվում է տանը, կրկնվում է նաև դրսում և հակառակը»:

Այս համատեքստում նա կարեւորեց հակամարտության կարգավորման դիսկուրսի ընդլայնման խնդիրը: «Պետք չէ սպասել, թե կառավարող ուժից կամ քաղաքական գործիչներից ով ինչ կասի խնդրի վերաբերյալ: Հակամարտության ու խաղաղության դիսկուրսին պետք է մասնակցի որքան հնարավոր է շատ մարդ», - ասաց նա:

Մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն էլ նշեց, որ հայկական կողմի համար առաջնայինը հետևյալ հարցերին պատասխանելն է՝ դու պատրա՞ստ ես վճարել խաղաղության համար, և ո՞րն է լինելու այդ գինը: «Ցանկացած խաղաղություն գին ունի, եւ մենք պետք է դա հասկանանք ու ընկալենք: Եւ մեզ հարց տանք՝ պատրաստ ենք վճարել այդ գինը, թե՝ ոչ», - ասաց նա:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ բուռն քննարկում ուսանողների և բանախոսների միջև:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ