Ատելության մշակույթը Հայաստանում. ի՞նչ են առաջարկում իրավապաշտպանները խտրականության դեմ պայքարի համար
26.03.2019
12:00
Մեդիա կենտրոն, Մարտի 26, Երևան: Իրավապաշտպանները կարծում են` Հայաստանում խտրականության, ատելության խոսքի և ահանդուրժողականության վերացման ուղղությամբ անհրաժեշտ են մի շարք բարեփոխումներ. հանրային իրազեկման արշավներ, օրենսդրական բարեփոխումներ, հակախտրականության մասին առանձին օրենքի ընդունում և կրթական ծրագրերի վերափոխում:

Այս թեմայի շուրջ մարտի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան  Լարա Ահարոնյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Վերջին ամիսներին իրավապաշտպանները  և փաստաբանները Հայաստանում հաճախ են հայտնվում ատելության կոչերի և խտրականության դրսևորման թիրախում:  Նմանօրինակ դեպք գրանցվեց նաև մարտի 8-ին կին իրավապաշտպան  Լարա Ահարոնյանի նկատմամբ, ով պայքարում է Հայաստանում գենդերային հավասարության և կանանց իրավունքների համար:

Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում տիկին Ահարոնյանը իր ելույթում խոսել էր աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի հետևանքով եւս մեկ անգամ հայտնվել էր օնլայն հարձակումների եւ ատելության խոսքի թիրախում: Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով եւ խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաեւ նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։

2019 թվականի մարտի 11-ին Լարա Ահարոնեանը հաղորդում է տվել ՀՀ Ոստիկանություն՝ հարձակումների, վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ՝ պահանջելով գտնել և պատժել իր դեմ հարձակումների պատասխանատուներին։

Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանը Լարա Ահարոնյանը հայտարարեց, որ Ոստիկանությունը գործ է հարուցել և այժմ այն գտնվում է քննության փուլում:

«Պետությունը և կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում տան մարդու իրավունքների և իրավապաշտպանների դեմ կատարվող ատելության արշավին: Կարևորում եմ, որ հստակ մեխանիզմներ լինեն կին իրավապաշտպանների մասնակցությամբ, որպեսզի իրավապաշտպանը հանրային շահ պաշտպանելիս իրեն հասարակության մեջ պաշտպանված կզգա»,-ասաց Ահարոնյանը:

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ որքան էլ հասարակական սեկտորը փորձի արշավների միջոցով հանրության մտայնությունը փոխել, միևնույն է՝ չունի այնքան գործիքակազմ, ինչպես պետությունը:

«Սակայն պետությունը դեռ չի կարողանում կատարել իր պարտավորությունները և հանրության պատկերացումների փոփոխություն բերել»,-ասաց Հովհաննիսյանը:

Քննարկման մասնակիցները կարևորեցին դեռևս նախադպրոցական և դպրոցական տարիքից կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն թիրախավորման, խտրականացման բացառմանը:

Զառա Հովհաննիսյանի կարծիքով առաջնային պետք է լինի պետության կողմից ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա հասարակությանն ավելի բաց և լայնախոհ դարձնել:

Լուսինե Սարգսյանը ասաց, որ իրավապաշտպանները ներկայացնում են հանրային շահը և ցանկացած սպառնալիք ուղղված իրավապաշտպանին, ոչ է թե անձի դեմ է, այլ այն ամբողջ կոնցեպտի, որը իրավապաշտպանը պաշտպանում է:

«Կարծիքը չկիսելը չպետք է դիտարկվի ատելության կոչի հետ հավասար երևույթ: Բոլորը պետք է իմանան, որ կա կարծիքի արտահայտման ազատություն և կա այլ անձի իրավունքների պաշտպանության կոնցեպտ»,-ասաց Լուսինե Սարգսյանը:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը կարևորեց ատելության խոսքի քրեականացումը և անպատժելիության վերացումը, նշելով, որ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում իրավապաշտպանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Ըստ նրա` պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ Քրեական օրենսգրքում, մասնավորապես ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ կարգավորումների շուրջ:

«Ատելության խոսքը օրենքով պետք  է քրեականացվի, ինչը այսօր մենք չունենք»,-ասաց Ղարագյոզյանը:

Բանախոսները համաձայնեցին այն մտքի հետ, որ պետությունը դեռեւս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ:

Այսօր Հայաստանում խտրականության ենթարկված անձինք, այդ թվում` իրավապաշտպանները, զրկված են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, իսկ խտրականության դեպքերը մնում են անպատիժ: Հայաստանը չունի նաև հակախտրականության համապարփակ և արդյունավետ օրենսդրություն: Գործող օրենքները չեն սահմանում նույնիսկ խտրականություն եզրույթը:

Լուսինե Սարգսյանը կարևորեց խտրականության դեմ պայքարի կամ իրավահավասարության մասին առանձին օրենք ունենալը:

«Այս օրենսդրությունը կպաշտպանի յուրաքանչյուրի իրավունքը, քանի որ խտրականության սպեկտորը շատ լայն է և յուրաքանչյուրը կարող է ենթարկվել խտրականության: Խտրականության ենթարկվում են տարբեր հանգամանքների պատճառով, օրինակ` տարիքային խտրականություն: Խտրականության կարող են ենթարկվել նաև  հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք:  Իսկ առանձին օրենսդրության անհրաժեշտությունը դրանով է կարևորովում, անգամ քաղաքական ուղղվածության պատճառով կարող  է անձը խտրականության ենթարկվել: Սա մի համընդհանուր իրավական ակտ է, որի անհրաժեշտությունը իհարկե կա»,-հավելեց Լուսինե Սարգսյանը:

Քնարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Արդարադատության նախարարություն, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ