« Վերադառնալ ցանկին
Սեպտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Անցումային արդարադատություն. ծայրահեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն» թեմայով, որին մասնակցում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Հայաստանի դատական համակարգի ներկայիս վիճակին և նշել, որ առաջիկայում լուրջ քննարկում կունենան եւ որոշում կկայացնեն անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ: 

«Անցումային արդարադատությունն այն արդարադատությունը չէ, ինչը մեր հասարակության մեծամասնությունը, պատկերացնում է: Այն չի փոխարինում դատարաններին: Մի բացառություն կարող է լինել. երբ եղել են զանգվածային սպանություններ, քաղաքացիական պատերազմ, էթնիկ հողի վրա կամ ցեղասպանությանը մոտեցող հանցագործություններ: Բայց այդպիսի երկրների մեծ մասում դատական իշխանություն ընդհանրապես չի եղել՝ ստեղծվել են միջազգային դատարաններ»,-ասաց Իշխանյանը ՄԿ ասուլիսի ժամանակ:

Ըստ իրավապաշտպանի՝ անցումային արդարադատությունը չպետք է դիտարկենք որպես նոր դատարաններ, կամ անցումային արդարադատությունը չպետք է վերածվի,  այսպես կոչված, «եռյակների»:  

«Խոսքը հասարակական վստահություն վայելող առանձին հանձնաժողովների, այսպես կոչված՝ «ճշմարտության հանձնաժողովների» մասին է, որոնք պետք է վստահելի լինեն, բացահայտեն նախկինում կատարված մութ հարցերը, պայմանական ասենք՝ մահերը, թե դրանք ինչ հանգամանքներում են եղել, ոստիկանական բաժանմունքներում  խոշտանգումների մասամբ բացահայտված սպանությունները, որոնք ի վերջո իրականացվել են կոլեգիալ որոշումներով, բայց կիսատ են բացահայտվել: Կարևոր է նաև հատկապես հրադադարից հետո, խաղաղ պայմաններում բանակում 95-99 թվականներին ու այսօրվա անհայտ պայմաններում մահերի եւ  այսօրվա ամենաաղմկահարույց հարցը՝ 2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտումը»,-ասաց Իշխանյանը:

Իրավապշատպանի կարծիքով՝ մյուսը կարող է լինել սահմանադրական կարգի խախտումներով զբաղվող հանձնաժողով. «Նկատի ունեմ, որ 1995-ից սկսած Հայաստանում ցանկացած ընտրություն եղել է սահմանադրական կարգի խախտումով: Օրինակ, 1996-ին գյուղերից մեկում ատրճանակով ստիպել են ընտրությունների արձանագրությունները փոխել: Այդպիսի բաներ շատ կան, մինչեւ 2017 թիվը ներառյալ: Մի հանձնաժողով կարող է լինել քաղաքական բանտարկյալների ռեաբիլիտացման համար 1990-ական թվականներից մինչեւ վերջերս: Կարող է լինել նաեւ մարդկանց սեփականությունից զրկելու եւ կոռուպցիայի հարցերով զբաղվող հանձնաժողով»: 

Իշխանյանը հավելեց, որ թվում է, թե այս ամենին պետք է հաջորդի պատիժը, սակայն անցումային արդարադատության հիմնական սկզբունքն է՝ հասարակության մեջ համերաշխության հաստատումը:

«Մի շարք երկրներում դժգոհություն է եղել, թե պատիժ չի հետեւել, բայց հետո պարզվել է, որ այդպես ավելի ճիշտ էր: Հարցը գնահատական տալն է, պետության կողմից ներողություն խնդրելը, փոխհատուցում տալը, նույնիսկ անմեղ զոհվածների հուշարձան կառուցելը, թեկուզ այդ իշխանությունը դրանք չի արել: Ամենակարեւորը իշխանությունների կողմից նախկինում կատարվածների դատաիրավաքաղաքական գնահատական տալն է եւ այն, որ այլեւս այդպես չի լինի: Այդպիսի հնարավորություն մենք ունեցել ենք 90-91 թվականներին, երբ Հայաստանն անկախություն ստացավ: Պետք էր գնահատական տալ Խորհրդային շրջանի ռեպրեսիաներին ու այդ պարագայում մենք այսօրվան չէինք հասնի»,-հավելեց Իշխանյանը: 

Տեսանյութ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ