«Կառավարության 100 օր. ինչպե՞ս բարեփոխել կրթության ոլորտը»
27.08.2018
12:00
Այս տարի գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, երեք ամսվա ընթացքում կրթության ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Այս մասին օգոստոսի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը` ամփոփելով նոր կառավարության 100 օրը:

Անափիոսյանը նշեց, որ կրթական ոլորտի բարեփոխումները հիմնականում երկու ուղղվածություն ունեն: Առաջին ուղղվածությունը  համակարգը ամբողջությամբ փոխելն է,  որը հնարավորություն կստեղծի  իրագործելու գալիք բոլոր ծրագրերը, իսկ երկրորդը` համակարգի ներսում հատվածական լուծումներ իրականացնելն է:

«Առաջնահերթությունը համակարգի փոփոխությունն է, որովհետև գործող համակարգը չի ծառայում իր նպատակին: Կարծում եմ, որ նախկինում չենք ունեցել հստակ քաղաքականություն, թե մենք ուր ենք տանում մեր կրթությունը, և այդ պատճառով համակարգը բավականին տձև է դարձել: Հիմա փորձ է արվում կրթությանը տեր կանգնել, ինչը նախկինում ինչ-որ չափով բաց թողնված էր»,-ասաց Անափիոսյանը: 

Փոխնախարարի խոսքով, արդեն աշխատանքներ են տարվել համակարգի ներսում հատվածական լուծումներ կատարելու նպատակով, որի համար անհրաժեշտ են մարդկային, ժամանակային և ֆինանասական ռեսուրսներ:  Նրա պնդմամբ նախկինում խնդիրը ֆինանսների ճիշտ բաշխումն էր և ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը:

«Այս երեք ամսվա ընթացքում փորձել ենք հնարավորինս ռացիոնալիզացնել ԿԳՆ-ի աշխատանքը, և շեշտը հիմնականում դնել բյուջեի արդյունավետ օգտագործման վրա»:

Կրթության փորձագետ, Կրթական  քաղաքացիական նախաձեռնության անդամ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով 100 օրվա ընթացքում ԿԳՆ-ի կատարած աշխատանքին, ասաց, որ կրթության ոլորտում առկա խնդիրներից է կրթության կուսակցականացումը և անհրաժեշտ է անցումային  ապակուսակցականացում:

«Բոլորը մյուսների թերությունները արտակարգ տեսնում են, բայց ոչ մեկն իր թերությունը չի տեսնում: Առաջին քայլը պետք է անի նախարարությունը, եթե նախարարությունը սկսի իր խնդիրներից, ապա ոլորտի մասնագետները հաջորդաբար կփորձեն վերացնել իրենց  թերությունները` փոխարենը չկենտրոնանալով այլոց սխալների ու թերությունների վրա»:

Խաչատրյանի առաջարկով անհրաժեշտ է ունենալ մշտական հանձնաժողով, որը կազմված կլինի ոլորտի տարբեր մասնագետներից, ովքեր խորքային և տևական քննարկումներ կատարելով, կվերահսկեն կրթության ոլորտում կատարվող աշխատանքը:

Հանդիպմանը ներկա էր նաև Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը, ով իր հերթին կիսվեց իր մտահոգություններով և առաջարկներով: Նրա խոսքով երեք ամսվա  արմատական փոփոխությունները գուցե տեսանելի են, սակայն դրանց հետևանքներն ի  հայտ կգան մի քանի տարի անց:

Ըստ Աթայանի, այստեղ կարևորվում է նաև հասարակության դերը. « Չի կարելի նախարարությանը դեմ առ դեմ թողնել այս խնդիրների առջև: Անհրաժեշտ է այնպիսի մարմին, որն իր հեղինակությամբ կօգնի խնդիրների լուծման գործում»:

Աթայանն անդրադարձավ նաև 12-ամյա կրթությանն ու շեշտեց, որ  կարևոր չի, թե ինչ ժամանակահատված ունի դպրոցական կրթությունը, կարևորն այն է, թե ինչով են լցնում կրթության տարիները. «Պետք է ամենահետաքրքիր գիտելիքներով լցնել դպրոցական կյանքը, ոչ թե հիստերիկ տագնապներով թե, երբ կավարտեն այն: Աշակերտը պետք է առնչվի կրթության, արվեստի, սպորտի, յուրաքանչյուր ոլորտի հետ: Այն հնարավորություն կտա ինքնուրույնություն ձեռք բերել, և հետագայում բուհ դիմելիս ինքնուրույն որոշել, թե ինչ մասնագիտություն են ցանկանում ընտրել»:

Նրա կարծիքով անհրաժեշտ է վերանայել ավարտական քննությունների կարգը. «Գիտական ապացույցներ կան, որ քննություններից առաջ աշակերտները միկրոինֆարկտներ են ստանում: Հարկավոր է շեմը իջեցնել այնքան, որ աշակերտն ուրախ հաղթահարի քննական շրջանը»

Աթայանի պնդմամբ կրթության ոլորտում ընդհանրապես բազմազանության պակաս կա:

Հանրային քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Աննա Գևորգյանի խոսքով, անհրաժեշտ է հասկանալ և տարանջատել պետության դերակատարումը և կրթության ոլորտում աշխատող մասնագետներըի դերը:

Իսկ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանի խոսքով, պետք է գործեն գիտելիքի գնահատման հստակ չափանիշներ և մեխանիզմներ, որպեսզի  հասկանան, թե  ինչ գիտելիք են տալիս աշակերտներին ու  ուսանողներին:

Լսելով գործընկերների բոլոր առաջարկությունները և կիսելով բոլորի մտահոգությունները`  Արևիկ Անափիոսյանը նշեց, որ առաջիկայում կանդրադառնան բոլոր խնդիրներին, փորձելով լուծումներ տալ և փոխվստահության, փորձագիտական համակարգի ուժերի ներդրմամբ հասնել ցանկալի արդյունքի:

«Կարծում եմ փորձագիտական համայնքը մեզ կօգնի իրականացնել բարեփոխումների այն ծրագիրը, որը մենք ունենք»,-եզրափակեց ԿԳ փոխնախարարը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ