ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի մամլո ասուլիսը
09.07.2018
11:00
Աշխարհի բոլոր ժողովուրդների համար անկախության օրը յուրահատուկ օր է. հուլիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» Արգենտինայի անկախության օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Այս տարի լրանում է Արգենտինայի անկախության 202-րդ տարեդարձը:

«Սա խորհելու և մտածելու օր է այն մասին, թե դու ինչ ես կառուցել այս 200 տարիների ընթացքում»,-ասաց Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա հարաբերություններին՝ դեսպանը շեշտեց, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները շատ վաղուց են սկսել զարգանալ և ավելի ինտենսիվ դարձել 20-րդ դարի սկզբին, երբ հայերը տեղափոխվել են Արգենտինա:

«Արգենտինայում գտնվող հայ համայնքը մեծ դերակատարություն ունեցող համայնք է: Բոլոր այն հայերը, ովքեր հիմնվեցին և ունեցան սոցիալ-տնտեսական զարգացում Արգենտինայում, հենց նրանք էլ հանդիսացան հիմքը Հայաստան-Արգենտինա ամուր և սերտ կապերի հաստատման համար»,-ասաց Արգենտինայի դեսպանը:

Հայաստանում 2 ամիս առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Գոնզալո Ուրրիոլաբեիտիան գնահատեց՝ որպես հանրային պահանջի արտահայտում. «Տնտեսական, քաղաքական պահանջ էր, որը բավականին վիրտուոզ կերպով արտահայտվեց, որովհետև այն տեղի ունեցավ խաղաղ ցույցերի ու հանրահավաքների արդյունքում»:

Նա հույս է հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից հետո արգենտինահայ համայնքը նշանակալից թռիչք կապահովի Հայաստանում լայնածավալ գործողություններ և ներդրումներ կատարելու համար:

«Ներդրումների կարևորագույն ուղղություններից մեկը, որը արգենտինահայերը իրականացնում են, ջերմոցների համար ներդրվող գումարներն են Տավուշի մարզում: Վերջին տարիներին 120 ջերմոց է կառուցվել Տավուշի մարզում»,-ասում է Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Դեսպանի խոսքով՝ 1998-ից ի վեր զրոյական արդյունքից երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է 8 միլիոն դոլարի:

«Տնտեսական ոլորտում երկկողմ առևտրի առումով մի շարք խնդիրների ենք բախվում: Արգենտինան ու Հայաստանը աշխարհագրորեն հեռու են, Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ Արգենտինան շրջապատված է ծովերով: Մյուս կողմից հայկական շուկան շատ փոքր է արգենտինական ապրանքները ռեալիզացնելու համար: Հիմնականում շեշտադրվում է այնպիսի ապրանքների արտահանման վրա, որոնք լոգիստիկ առումով ավելի հեշտ է փոխադրել և ավելի քիչ ծախսեր են պահանջում: Արգենտինական կողմը աշխատում է հիմնականում գյուղատնտեսական սարքավորումների ու մեքենաների արտահանման վրա, ինչպես նաև աուդիո-վիզուալ սարքավորումների  արտահանման ուղղությամբ»,-ասում է պարոն դեսպանը:

Նա հավելում է, որ հայկական շուկայում Արգենտինային հետաքրքրում են մասնավորապես հայկական գինիներն ու ՏՏ ոլորտի ծառայությունները:

Ասուլիսի ընթացքում դեսպանը անդրադարձավ նաև Հայաստան-Արգենտինա մշակութային հարաբերություններին և ընդգծեց, որ Հայաստանում կազմակերպվում է արգենտինական ֆիլմերի և արգենտինական տանգոյի փառատոն:

«Արդեն փորձում ենք աշխատանքներ իրականացել, որպեսզի այս փառատոնները չկենտրոնանան միայն Երևանում: Այս տարի կփորձենք նաև Շիրակի և Տավուշի մարզերում իրականացնել»:

Լրագրողների այն հարցին, թե զբոսաշրջիկներին Հայաստանի ո՞ր վայրերը խորհուրդ կտա այցելել, դեսպանը պատասխանեց. «Առաջին հերթին Երևանը, որտեղ արդեն 3 տարի է ապրում եմ:  Ես գրեթե այս քաղաքի երգրպագուն եմ, շատ եմ սիրում Երևանը: Եկրորդ ամենատպավորիչ վայրերից է Խոր Վիրապը և այնտեղից բացվող տեսարանը, Նորավանքը  և այնտեղ տանող ճանապարհը, ինչպես նաև Գառնին, որը ևս մեծ տպավորություն է գործել ինձ վրա»:

Ասուլիսի վերջում դեսպանը շեշտեց, որ ամռան ամիսներին տուրիստական հոսք է նկատվում Արգենտինայից Հայաստան, որոնց մեծ մասը արգենտինահայերն են:

«Ես նաև շատ հայերի եմ հանդիպում, որոնք մեկնում են Հայաստանից Արգենտինա: Ամբողջությամբ տարբեր քաղաքակրթություն ու մշակույթներ են, վիզային ռեժիմ չկա: Հիմնական խնդիրը այն է, որ տոմսերի գներն է վախեցնում դեպի Արգենտինա, բայց դա փորձում են փոխհատուցել և հավասարակշռել մյուս ծառայությունները շատ ավելի մատչելի դարձնելով»,-հավելեց Արգենտինայի դեսպանը:

Ասուլիսի տեսագրությունը այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ