Դասախոսների մտահոգություններն ու առաջարկները` ուղղված նոր կառավարությանը
04.07.2018
12:00
Բարձրագույն կրթական հաստատություններում դասախոսների ծանրաբեռնվածության, ֆինանսական ծախսերի անարդյունավետության, ռեսուրսների կառավարման և ոլորտում ծառացած այլ խնդիրների մասին հուլիսի 4-ին «Մեդիա կենտրոնում» զրուցեցին «Դասախոս ռեսթարթ» նախաձեռնող խմբի անդամներ, պատմական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Լիլիթ Մկրտչյանը, Դավիթ Թինոյանը և հոգեբանական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Արթուր Կոբելյանը և Լևոն Սարգսյանը։

Տիկին Մկրտչյանը պարզաբանում է, որ «Դասախոս ռեսթարթ» նախաձեռնող խումբը մի հարթակ է, որը նպատակ ունի վեր հանել բարձրագույն կրթության առջև ծառացած խնդիրները արդի մարտահրավերներին դիմագրավելու և մրցունակ կրթություն ապահովելու համար։ Սա բաց հարթակ է, որին կարող են միանալ կրթության ոլորտի փորձագետներ, մանկավարժներ և դասախոսներ:

«Առանձնացրել ենք մի քանի ուղղություններ․ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ  յուրաքանչյուր ԲՈՒՀ-ում առկա խնդիրները վեր հանելը և դրանց լուծում տալը, ԲՈՒՀ-երի միջազգայնացումը, համագործակցությունը ԲՈՒՀ-ԲՈՒՀ, ԲՈՒՀ-դասախոս, դասախոս-ուսանող, բարձրագույն կրթություն-հանրակրթություն օղակների միջև»,-ասում է Մկրտչյանը և հավելում, որ դասախոս-հետազոտող-գիտնական կերպարը վաղուց խեղաթյուրվել է, և դասախոսը գիտնականի մակարդակից իջել և հավասարեցվել է սովորական դասավանդողի կերպարի։

Թինոյանն անդրադարձավ ԲՈՒՀ-երի ֆինանսական բաղադրիչի՝ կադրային և ֆինանսական աուդիտի խնդրին։ Նրա խոսքով՝ կան ԲՈՒՀ-եր, որոնք ունեն ֆինանսական գործունեության թափանցիկություն, բայց շատ ԲՈՒՀ-երում դա բացակայում է։

«Խնդիրն ավելի խորքային է․ այն վերաբերում է ծախսերի նպատակահարմարությանը։ Օրինակ համալսարանում համակարգչային լսարաններ են հագեցվել այն դեպքում, երբ այդքան համակարգչի կարիք ուսանողները չունեն: Մինչդեռ այդ գումարները կարող էին ուրիշ ուղղությամբ ավելի արդյունավետ ծախսվել»,-ասում է Թինոյանը։

Նա մտահոգություն է հայտնում, որ դոցենտի ծանրաբեռնվածության պարագայում 80 հազար դրամ աշխատավարձն ուղղակի ծիծաղելի է։ Նրա խոսքով՝ կան ԲՈՒՀ-եր, որտեղ աշխատավարձը հասնում է մինչև 200-250 հազարի, բայց դասախոսին միշտ ասում են, որ ԲՈՒՀը հնարավորություն չունի, և դասախոսը ստիպված հավելյալ աշխատանք է գտնում։

Պատմական գիտությունների թեկնածուն մտահոգություն է հայտնում նաև դասախոս-գիտնականի կերպարի գրավչության անկման համար։

Պարոն Կոբելյանը կարծում է, որ այսօրվա բուհական համակարգը  չի համապատասխանում ներկայիս ազատ Հայաստանի պայմաններին։

«Եթե բուհական համակարգի 2 շահագրգիռ կողմերն էլ դժգոհ են և բարձր որակավորում ունեցող մասնագետներն աշխատանք չունեն, ապա չենք կարող խոսել արդյունավետ կրթության մասին»,-ասում է Կոբելյանը։

Հոգեբանական գիտությունների թեկնածուն նշում է, որ ԲՈՒՀ-ի գիտակրթական քաղաքականությունն իրականացնող պաշտոնները երկար տարիներ զբաղեցնում են միևնույն մարդիկ։ Նրա խոսքով՝ դա առաջացնում է լճացում, ինչը վնասում է և՛ տվյալ անձին, և՛ բուհական համակարգին։

«Անհրաժեշտ է վերանայել դեկանների, ամբիոնների վարիչների, այլ պաշտոնները և պաշտոնավարող անձանց։ Մենք ունենք դեկաններ, ովքեր 38 տարուց ավելի դեկան են: Միևնույն պաշտոնին անընդմեջ պաշտոնավարելը բերում է լճացման և համակարգը հետ է գնում»,- ասում է Կոբելյանը՝ հավելելով, որ կան մասնագետներ, ովքեր ընդհանրապես կապ չունեն իրենց դասավանդած առարկաների հետ։

Նա ընդգծում է նաև, որ դասախոսը շատ հաճախ սկսում է զբաղվել լրիվ այլ գործունեությամբ, ինչից տուժում է ընդհանուր գիտական համակարգը։  

Շարունակելով Կոբելյանի խոսքը՝ տիկին Մկրտչյանը նշում է, որ կրթությունը պիտի որակվի գործիք, որը պիտի ծառայի հօգուտ պետության զարգացման։ Նա շեշտում է, որ իրենք հանդես են գալիս դասախոսի ծանրաբեռնվածության 20-30 %  նվազեցման կամ հետազոտական հատվածի հավելման կտրուկ պահանջով։

Պարոն Սարգսյանն անդրադարձավ համալսարանի դասախոսի նեղ մասնագիտական ոլորտը հաշվի չառնելու պայմաններում նրան դրույքաչափ չապահովելու խնդրին։  

«Խնդիր է դրված ունիվերսալ դասախոսների, ովքեր դասավանդում են հումանիտարից մինչև բնագիտական ոլորտի առարկաներ։ Նույն դասախոսը աշխատում է տարբեր խմբերի, հազարավոր ուսանողների հետ տասնյակ առարկաների շրջանակում, ինչը բերում է կրթության ոլորտի կրախի։ Մեզ դարձրել են ունիվերսալ մասնագետներ, բայց մենք չենք կարողանում որակ տալ»,-նշում է Սարգսյանը։

Տիկին Մկրտչյանն ընդգծում է նաև ռեսուրսների կառավարման խնդիրը։ Նրա խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, թե ով է գրում դասավանդվող ծրագիրը, և թե ով է դասախոսը ԲՈՒՀ-ի կառավարման համակարգում, կարողանում է արդյոք իր ձայնը տեղ հասցնել։

Մասնագետները շեշտում են, որ անհրաժեշտ է վերանայել և փոփոխության ենթարկել բուհական կառավարման կանոնադրությունը, ֆակուլտետներին տալ ինքնավարություն, հումանիտար ֆակուլտետներին կից ստեղծել քոլեջներ, որոնք կիրականացնեն նախահամալսարանական կրթություն, ինչպես նաև ստեղծել գիտահետազոտական կենտրոն ոչ միայն հենց համալսարանի, այլ նաև ֆակուլտետների ներսում:  

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ