« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս նվիրված «Որբաքաղաքը» գրքի հայերեն լրամշակված հրատարակությանը։ 

Բանախոսներն են`

Ռուզաննա Գրիգորյան, հայերեն լրամշակված և բարեփոխված հրատարակության ընդհանուր խմբագիր

Վարդան Ազատյան, Հովհաննիսյան ինստիտուտի նախագահ, գրքի ներածության հեղինակ

Որբաքաղաքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։ Որբանոցների պատմության այս բացառիկ նմուշը՝ անտիպ և տպագիր, տեղական և միջազգային հրատարկությունների, հոդվածների, հետազոտությունների, զեկուցագրերի, հուշագրությունների, լուսանկարների, բնագրային և արխիվային նյութերի հետ աշխատանքի իր ծավալով, ոչ միայն ընթերցողին տարբեր կողմերից հասու է դարձնում տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում մեծանում, դաստիարակվում և կրթվում էին որբերը։ «Որբաքաղաքը» մի յուրահատուկ դիտակետ է՝ հասկանալու այդ շրջանի դաշնակցական, խորհրդային և ամերիկյան քաղաքականությունները, դրանց հակասություններն ու փոփոխվող նրբերանգները։

Ամերիկահայ արվեստի/մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի այս մեծածավալ աշխատությունը անգլերեն հրատարակվել է 2016 թվականին: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը 2017-ին հանձն առավ հայերեն թարգմանության խմբագրման և գրքի հրատարակման աշխատանքները՝ նկատի առնելով գրքի անգնահատելի արժեքը թե՛ միջազգային գիտական մասշտաբով, և թե՛  տեղական կոնտեքստը հասկանալու իմաստով։

Հեղինակի խոսքերով «գիրքը փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն այս կամ այն կերպ ունեցավ իր «անցման ծեսերին» դիմանալու տոկունությունը եւ դրանք վերապրելու վճռականությունը»:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ