«Հեղափոխությունից հետո ունենք քաղաքական նոր իրավիճակ և այն խնդիրները, որ տարիներով առաջ չեն գնացել, տեղում դոփել են, հույս կա, որ այժմ առաջ կգնան: Մենք տեսել ենք այս թիմի մոտեցումները քաղաքական մասնակցության առումով, այս կուսակցության մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բավականին բարձր դիրքերում են, սա ողջունելի քայլ է: Ցավով պետք է նշեմ, որ կառավարության ծրագրում շոշափելի քայլեր և մոտեցումներ չեմ նկատել հավասար հնարավորությունների ստեղծման առումով, բայց կարծում եմ մենք հիմա ժամանակի խնդիր ունենք և այս ծրագիրը կարճ ժամանակում աշխատելու համար է»,-ասաց Սուրեն Մաղաքյանը:
Ասուլիսին նա անդրադարձ նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 1-ին ընթերցմամբ ընդունվել է ս/թ մարտի 2-ին՝ ԱԺ-ի կողմից: Նա ներկայացրեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի անդամ հանդիսացող 10 կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և փորձագետների համատեղ առաջարկները օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու համար:
«Մի քանի սկզբունք կա, որ պետք է կիրառվի: Դա համընդհանուր ներառականության սկզբունքն է բոլոր հարցերում ու բոլոր ծրագրերում: Մենք առաջարկում ենք, որպեսզի ցանկացած իրավական ակտ, ծրագիր մշակելիս ենթարկվի փորձաքննության հաշմանդամության նկատմամբ զգայունության տեսանկյունից»,-ասաց Մաղաքյանը:
Նա անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի և շենք, շինությունների մատչելիությանն ու անհրաժեշտ հարմարությունների ստեղծմանը:
«Խնդիրը նրանում է, որ նորակառույցները նույնպես այդ մատչելի պայմանները չունեն և չեն ապահովում: Խտրականության էլեմենտները պետք է մաքսիմալ նվազեցնենք»,-ասաց Մաղաքյանը` ընդգծելով, որ օրենքում պետք է ներդրվի նաև ուղկեցողի և օգնականի ինստիտուտը:
Նա անդրադարձավ նաև խնամքի հատուկ հաստատությունների` մանկատների, վերակազմավորման ծրագրին և շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատներին վերակազմավորման ծրագիրը չի անդրադառնում, որը նույնպես կարևոր բացթողում է:
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:
Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: