Զրույցի սկզբում, անդրադառնալով թավշյա հեղափոխությանը, տիկին Բաթոյանն ասաց, որ իր համար հեղափոխությունը հատկանշական է հենց մարդկանց գիտակցության փոփոխման փաստով:
«Քաղաքացիներն ապացուցեցին, որ իրենք կարող են լինել քաղաքական իրավիճակի տերը և փոխել այն: Կարծես թե քաղաքացին արթնացել է մարդու մեջ, և այդ գիտակցությունը շարունակում է իր պտուղները տալ»,-ասաց Բաթոյանը:
Տարիներ շարունակ պայքարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար, ակտիվ մասնակցություն ցուցաբերելով և նախաձեռնելով բազմաթիվ բողոքի ակցիաներ ու ցույցեր, նա հատկապես կարևորում է թավշյա հեղափոխության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը:
Նա ընդգծում է նաև, որ հեղափոխության խաղաղ ընթացքի կամ ստեղծագործական մոտեցումների համար հատկապես կարևոր գրավական էր կանանց մասնակցությունը:
«Միանշանակ դա այդպես է, և իհարկե, կարևորում եմ կանանց մասնակցությունը նաև հետագայում կառավարության ձևավորման, քաղաքական տարբեր ինստիտուտների աշխատանքում ներգրավվելու իմաստով: Կանայք միանշանակ մրցունակ են քաղաքականության մեջ: Շատ կարևոր է հնարավորությունների տրամադրումը և խրախուսումը կանանց»,- ասում է Բաթոյանը և հավելում, որ որպես կին քաղաքական գործիչ ինքը լուրջ խոչընդոտների չի հանդիպել:
Անդրադարձ կատարելով Երևանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման շուրջ ստեղծված հասարակական քննարկումներին` ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նման քննարկումներ չկան, իսկ լինելու դեպքում կուսակցությունն ինքը պետք է որոշի իր թեկնածուին:
Այնուամենայնիվ, եթե տիկին Բաթոյանը քաղաքապետի պաշտոն ստանձներ և Երևանում լուրջ փոփոխություններ բերելու հնարավորություն ունենար, առաջին հերթին կապահովեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը խնդիրների լուծման հարցում. «Եթե կա մասնակցություն և կա վստահություն այն ուժի ու անձի նկատմամբ, ով պատրաստ է այդ խնդիրները լուծելու, ես վստահ եմ, որ ավելի քիչ ռեսուրսներով կարելի է հասնել ավելի մեծ արդյունքերի»:
Նա անդրադարձավ նաև մատչելիությանն ու բնապահպանական խնդիրներին՝ վերջինիս լուծումը տեսնելով մեծ թվով անտառների ստեղծման մեջ:
«Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացին վստահ կլինի, որ ոչ ոք ամենաթողության պայմաններում չի գործում: Նա պետք է զգա, որ ապահովված է անօրինականությունից»,- շեշտեց Զառա Բաթոյանը:
Լինելով հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և պայմանների ստեղծման պայքարի ակտիվ մասնակից՝ Հայաստանում կարևոր ձեռքբերումներից մեկն է համարում ներառական կրթության ներդնումը: Միևնույն ժամանակ այդ համակարգում առանձնացնում է որոշ խնդիրներ:
«Օրինակ՝ մենք ունենք ժամկետներ, թե որ մարզը որ թվականին պետք է անցնի համընդհանուր ներառման և մինչև 2020թ. բոլոր դպրոցները պետք է լինեն ներառական կրթություն իրականացնող: 2018թ. Երևանի հերթն էր, այնինչ նախորդ կառավարությունը որևէ կերպ չէր ցանկանում այդ անցումը կատարել: Այստեղ նույնպես իրականացման ու մեխանիզմների խնդիր կա: Շատ կարևոր է ծնողների մասնակցությունը, երեխայի կրթական իրավունքի վրա հիմնված մոտեցումը և հենց նրա համար լավագույն տարբերակի ընտրությունը: Հույս ունեմ, որ բարձրագույն «Կրթության մասին» օրենքը վերանայելու դեպքում նույնպես համապատասխան փոփոխություններ կարվեն և ներառումը կապահովվի նաև այնտեղ, քանի որ դրանք շատ դեպքերում ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են լինելու, որոնք հետագայում պիտի բերեն իրենց արդյունքները»,-ասաց Բաթոյանը:
Լրագրողական հմտությունները, հասարակական գործունեությունը, քաղաքականությունն ու բիզնես ոլորտում կառավարման փորձը նա համարում է անհրաժեշտ գործիքներ, որոնք օգնել են իրեն հասնել նպատակներին:
«Շատ կարևոր է նաև քաղաքական ոլորտի՝ կեղտոտ ոլորտ լինելու մասին կարծրատիպերը կոտրելը, քանի որ բոլոր ոլորտներում էլ կան չակերտավոր ասած կեղտոտ և մաքուր մարդիկ, սկզբունքներ ու գործելաոճեր: Եթե դու կարող ես այդ մաքրությունը բերել քաղաքական դաշտ, ապա հասկանում ես, որ քաղաքականությամբ զբաղվելն ամենևին էլ կեղտոտ գործով զբաղվել չէ»,-նշեց Բաթոյանը:
Եզրափակելով զրույցը՝ Զառա Բաթոյանը հորդորեց երիտասարդներին լինել ազատ և համարձակ.
«Շատ ակտիվ ու համարձակ երիտասարդներ ունենք: Լավագույն ժամանակն է հիմա, որպեսզի մարդիկ զբաղվեն ինքնակրթությամբ, չվախենան սխալվելուց: Կարևոր է անկեղծ լինել, կարողանալ ընդունել սեփական սխալները, ունենալ ազատ և կարծրատիպերից զերծ մտածողություն»:
Զրույցի շարունակությունը դիտեք այստեղ: