Երևանում տեղի ունեցավ «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի բացումը
14.03.2018
16:00
Մարտի 14-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանճարեղ նկարիչ, ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) 23 տարի առաջ` 1995 թ.-ին: Եվ 2017 թ. մարտին, միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց  ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ թանգարան վերադառնալը, նկարը Տրետյակովյան պատկերասրահում  շուրջ 8 ամիս ենթարկվեց վերականգնման Իննա Կոնստանտինովնա Սոլովովայի կողմից:

Վռուբելյան   նկարն իր գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) նկարազարդված երկերի ժողովածուի համար: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:

Ցուցահանդեսի բացման առթիվ «Մեդիա կենտրոնը» Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպել էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող Իննա Սոլովովան և ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարևորեց հայտնի գլուխգործոցի վերադարձը Հայաստան և նշեց, որ սա աստվածային, հրեշտակային նվեր է թանգարանին:

«Այսպես մենք կկարողանանք նորից հանրությանը ներկայացնել նկարը՝ միևնույն ժամանակ մեծացնելով մարդկանց այցելությունների քանակը թանգարան:Մենք համոզված ենք՝ այն բրենդային փաթեթը, որ մշակել ենք թանգարանի համար Վռուբելյան այս ստեղծագործության շուրջ, կդառնա շատ հզոր շարժառիթ՝ թանգարանին նոր շնչառություն փոխանցելու համար»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Որպես շնորհակալություն Տրետյակովյան պատկերասրահի տնօրենին և նկարը վերականգնողին` Արմեն Ամիրյանը շնորհեց ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալ:

«Այն, որ նկարը գողացվել ու վերականգնվել է, փաստում է դրա պատմական ու մշակութային արժեքը: Մենք միջոցառումների մի ամբողջ շարք ենք պատրաստել, ուր կներկայացնենք նկարի ողջ պատմությունը՝ ստեղծումից մինչև վերածնունդ»,-ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Մարինե Մկրտչյանի խոսքով, Վրուբելի այս նկարը նախ ձեռք է բերել 20-րդ դարասկզբի ռուս հայտնի ձեռնարկատեր և մեկենաս Սավվա Մամոնտովը, որը հետո նկարը նվիրել է այն ժամանակվա անվանի բալետային պարուհի Եկատիրինա Գելցերին: Հետո այն ձեռք է բերել բժիշկ, կոլեկցիոներ Արամ Աբրահամյանը, ում հավաքածուի հիման վրա 1984 թվականին ստեղծվել է Երևանի ռուսական արվեստի թանգարանը: 

Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող Իննա Սոլովովան ներկայացրեց նկարի վերականգման աշխատանքները:

«Երբ բերեցին տուփի մեջ դրված նկարն ու թողեցին սեղանիս, ես ուզում էի արտասվել: Նկարը բաժանված էր կտորների՝ որոշները՝ միլիմետրանոց, որոշներն՝ ավելի մեծ… Բայց մեզ պետք էր նկարին տալ նախկին տեսքը՝ առանց այն վնասելու, չէ՞ որ Վռուբելն ավելի շատ սրբություն է: Բարդ ու ժամանակատար աշխատանք էր, ինձնից յոթ ամիս է պահանջվել՝ այն վերականգնելու համար: Նկարը պատռված չի եղել. ավելի շատ տպավորություն էր, թե դրա վրա մի ծանր բան են դրել, կամ գուցե նստել են վրան: Բայց դա ավելի լավ է, քանի որ կարողացանք համարյա աննկատ միացնել մասերը: Ուսումնասիրության ընթացքում հասկացանք նաև, որ նկարը նախկինում էլի են փորձել վերականգնել»,-ասաց Սոլովովան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նկարի կորուստն ու վերադարձն իր համար զարմանահրաշ պատմություն է, քանի որ ինքն էլ ներկա է եղել գեղանկարի փոխանցման արարողությանը:

Նկարի վերադարձին նվիրված մարտի 16-ին, ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա նաև «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացում: 

«Լերմոնտով, Ռուբինշտեյն և Վռուբել: Այստեղ մենք միասին ներկայացնում ենք երեք հանճարներին, և դրսի թանգարանների հետ համագործակցելով՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվայի Վախրուշինի անվան թատերական թանգարան, Կիևի Ազգային թանգարան, հավաքել ենք մնացած 11 նկարները՝ թվային տարբերակով․․․ 3D անիմացիա: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է երկու մշակութային հաստատությունների համագործակցությունը՝ թանգարանի և Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի: Դա նաև առաջին փորձն է համատեղ ներկայացման», - եզրափակեց Մարինե Մկրտչյանը:

Տեղեկացնենք նաև, որ հանրության առջև ցուցահանդեսը բաց կլինի սույն թվականի մարտի 20-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը
25.09.2018
12:00
Սեպտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ «Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը» թեմայով:
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ