«Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին»
01.03.2018
11:00
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ժողովրդական հուզումներին ու հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին վերջ դրվեց 2008 թ․-ի մարտի 1-ին, երբ իշխանությունը, բռնի ուժ կիրառելով, Ազատության հրապարակից հեռացրեց հրապարակում գիշերող նստացույցի մասնակիցներին։ Այնուհետև Երևանի քաղաքապետարանի մոտ` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջև հավաքված ցուցարարների նկատմամբ կիրառվեց անհամաչափ բռնի ուժ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008 թ. մարտի 1-ի գիշերը Երևանում արտակարգ դրություն հայտարարվեց, որը, հակառակ օրենքի պահանջի, կիրառվեց ամբողջ հանրապետության տարածքում։

Ողբերգական իրադարձություններից 10 տարի անց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը 2018 թ. փետրվարի 27-ին կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։

Մարտի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին» թեմայով քննարկման ընթացքում  «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը, անդրադառնալով ԱԺ-ում Մարտի 1-ի վերաբերյալ կազմակերպված լսումներին, նշեց, որ անկախ այն բանից, թե ինչ նպատակ են հետապնդում այս գործընթացները, միևնույն է, ինքը կողմ է խնդրի ավելի շատ հրապարակայնացմանը, որպեսզի մարդիկ չմոռանան Մարտի 1-ը․

«Եթե նույնիսկ շոու է, ես պատրաստ եմ շոուի մաս դառնալ այն բանի համար, որ մարդիկ չմոռանան Մարտի 1-ը: Շատ վատ բան եմ ասում՝ գիտակցելով, որ այս ամեն ինչն արված է սլաքներ ցրելու համար, ես գիտակցված գնացել եմ դրան, մասնակցել այդ լսումներին, քանի որ ուրիշ բան գոյություն չունի, քաղաքական պրոցես գոյություն չունի, և միակ տարբերակն այդ շոուին ավելի ողջամիտ տեսք տալն էր, քո մասնակցությամբ այդ շոուն լրջացնելն էր:

Վստահ լինելով, որ այդ ամենը շոու է՝ միևնույն է, ես ամեն ինչ անելու եմ, որ այն իրականություն դառնա» ։

Խոսելով «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին՝ Սեմիրջյանը նկատեց, որ դա որևէ իրավական հետևանքների չի կարող հանգեցնել, սակայն, միևնույն է, այդ մասին պետք է խոսել․

«Ուզում եք 677 հատ հայտարարություն անեմ ու նիստի օրակարգ ընդունեմ, ի՞նչ է, որևէ քաղաքական կամ իրավական բան փոխվո՞ւմ է: Ամեն դեպքում, մեր խնդիրն էլ այն է, որ չթողնենք, որ Մարտի 1-ը երբեք մոռացության մատնվի, այդ հարցն ամեն վայրկյան պետք է տաք պահվի, ու շոուն վերադարձվի իրական հարթություն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսեց Մարտի 1-ի բացահայտման, իրավական գնահատականի արժանացնելու ու մեղավորներին պատժելու խիստ անհրաժեշտության մասին, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք նվազեցնել Մարտի 1-ի նման դեպքերի կրկնությունը։ Իրավապաշտպանը նաև նշում է, թե քանի դեռ հանցագործության պատասխանատվության խնդիրը չի լուծվել, երկիրը յուրաքանչյուր պահի կարող է ցնցումների մեջ հայտնվել․

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ էլի ապստամբությունների փորձեր են լինելու։ Այս ընթացքը կասեցնել չի լինելու, քանի դեռ իշխանության պատասխանատվության հարցը լուծված չէ»։

Անդրադառնալով «Մարտի 1» գործի մասին մինչ այս հնչած իրավական գնահատականներին՝ իրավապաշտպանը նշեց, որ իրավապահ համակարգի կողմից այդ գործին տրված իրավական գնահատականը չի հապատասխանում գործողությունների բովանդակությանը․

«Երբ անդրադարձ եղավ Մարտի 1-ի՝ պետական ահաբեկչության մասով քրեական գործին, մենք մի բան արձանագրեցինք, որ այն քրեական գործը, որ հարուցված էր և մինչև հիմա այդ գործի շրջանակներում են փորձում, իբրև թե, իրենց հավաստիացումներով, քննություն իրականացնել, չի համապատասխանում գործողության իրավական որակմանը: Ոչ թե զանգվածային անկարգությունների հիմքով քրեական գործի շրջանակներում պետք է քննություն իրականացվի, այլ իշխանության մարմինների զանգվածային, կազմակերպված, բռնությունների, ապօրինությունների, խոշտանգումների, ազատազրկումների, ռազմական, սահմանադրական կարգի բռնի զավթման հիմքով, սա է իրավական հենքը, Մարտի 1-ը պետք է քննվի այդ շրջանակում»:

Ինչպես Առաքել Սեմիրջյանը, այնպես էլ Արթուր Սաքունցը համոզված են, որ բավարար հիմքեր կան ՀՀ նախկին ու ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու համար։

Սակայն քննարկման բանախոսներից  «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը կարծում է, որ նշված մարդկանց հարցաքննելով խնդիրը չի լուծվի․

«Կարելի է այսօրվա դատախազի մոտ կանչել Ռոբերտ Քոչարյանին, և նա համապատասխան ցուցմունքներ կտա, միասին սուրճ կխմեն, կգրկախառնվեն ու կբաժանվեն իրարից, բայց դա չի բերի Մարտի 1-ի բացահայտված հանցագործության կազմակերպիչների ու մեղավորների պատժին»։

Իրավապաշտպանը նման հանցագործությունների մեղավորներին պատժելու հարցում խիստ կարևորում է անկախ դատաիրավական համակարգ ունենալու խնդիրը․

«Արդար դատարանի բացակայության հանգամանքն անընդհատ հետաձգելու է բոլոր այս հանցագործությունների, այդ թվում նաև Մարտի 1-ի հանցագործությանը վերջակետ դնելուն»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը
25.09.2018
12:00
Սեպտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ «Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը» թեմայով:
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ