«Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր»
23.01.2018
12:00
Հունվարի 19-ին Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ու զինամթերքները հասել են Բաքվի նավահանգիստ և կտրամադրվեն Ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող զինվորականներին»:

Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին հերթական անգամ զենք-զինամթերք տրամադրելու փաստը ևս մեկ անգամ քննադատության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հասցեին: 

«Կարծում եմ՝ մեծ փոփոխություն տեղի չի ունեցել. զենքը տվել են և բացատրում են, թե ինչու են տալիս՝ եթե այստեղ չառնեն, կառնեն ուրիշ տեղ»,- նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հունվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր» թեմայով քննարկման ընթացքում:

Դեսպանի անձնական կարծիքով՝ Ռուսաստանում այն քաղաքական գործիչները, ովքեր հակված են Ադրբեջանի շահերը պաշտպանելուն, հավանաբար այսպիսով փորձում են «դեղին քարտ» ցույց տալ Հայաստանին՝ կապված նրա վերջին շրջանի աշխարհաքաղաքական քայլերի հետ՝ նկատի ունենալով Եվրոպայի նկատմամբ Հայաստանի մոտեցումը, բոլոր  փոքր և մեծ քաղաքական երևույթները: Վերջինս նշում է նաև, որ ինչ արդարացումներ էլ բերվեն, միանշանակ է, որ այդ երևույթը մեզ համար ունի խիստ բացասական կողմեր։

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր խոսքում նշում է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հարցում գլխավոր միջնորդներից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից է և նորմալ երևույթ չէ, որ միջնորդը խաղաղ կարգավորմանն աջակցելու փոխարեն ռազմականացնում է հակամարտության գոտին։

Փորձագետը նաև նշում է, որ  Ռուսաստանը սովորություն ունի իր դաշնակիցներին դավաճանելու, ուստի այս առումով ևս մենք պետք է շատ զգույշ լինենք․

«Եթե վաղը Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ-ին, միանշանակ կարող եմ ասել, որ ճնշումը մեզ վրա շատ լուրջ ու ուժեղ է լինելու»։

Քննարկման մյուս բանախոսը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Թևան Պողոսյանը, համաձայն է այն կարծիքին, որ նորմալ երևույթ չէ, երբ կոնֆլիկտի լուծմանն աջակցող միջնորդ երկիրը  ռազմականացնում է նույն կոնֆլիկտային գոտին և հակասություններ է տեսնում ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հայտարարությունների ու գործնական քայլերի միջև․

«Կարծեմ՝ Ռուսաստանի նախագահն էր  ասում՝ եթե  որևէ մեկը զենք է վաճառում կոնֆլիկտների տարածք, նպաստում է էսկալացիայի: Եթե դու այդպես ես համարում, ապա դու ինչո՞ւ ես անում, չէ՞ որ դու միջնորդ ես»։

Պողոսյանը նաև շեշտում է, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում հայկական կողմը պետք է հավուր պատշաճի իրազեկեր մեր հանրությանը, որպեսզի զնեքը ստանալուց հետո ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեության ազդեցությունը զրոյանար․

«Պետական մարմինները մեզ պետք է շատ շուտվանից նախապատրաստեին, հատուկ միջոցներով գտնեին այդ պայմանագրի տեքստը, իմանային քանակները, հաշվարկեին, թե երբ է այդ զենքը գալիս և դա պարզ ներկայացնեին հանրությանը՝ նշելով, որ այսինչ պայմանագրով էլ մենք տեղյակ ենք, բալանսավորում ենք ու պետք չէ ազդվել ադրբեջանական քարոզչությունից»։

Ըստ փորձագետի՝ կոպիտ հայտարարություններով խնդիր չի լուծվի, իսկ խաղի կանոնների փոփոխությամբ կլինի միանգամայն այլ իրավիճակ, իսկ կանոնների փոփոխության նախաձեռնողն էլ Հայաստանը պետք է լինի: Դրա տակ էլ պետք է հասկանալ համատեղ արտադրություններով  սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու ցանկությունը:  

«Այնպիսի քաղաքականություն պիտի ստեղծենք, որ կարողանանք ասել՝  Ռուսաստա՛ն, ինչքան ուզում ես Ադրբեջանին զենք վաճառիր, մենք միշտ այստեղ ավելի լավն ենք արտադրելու, ավելի շուտ ենք արտադրելու: Այնպիսի քաղաքականություն վարենք, որ Ադրբեջանը ինքը հասկանա, որ ինչքան էլ գումար ծախսի, չի կարողանալու այն զենքերն ունենալ, որոնք մեր պաշտպանությանը վնաս կտան»,- հավելում է Թևան Պողոսյանը:

Ստեփան Գրիգորյանն ընդգծում է Հայաստանի համար այլընտրանքներ ունենալու կարևորությունը․

«Մինչև այլընտրանք չունենաս, քեզ հետ հաշվի չեն նստելու։ Օրինակ, մինչև Իրանի հետ գազի խողովակը չսկսի իսկական աշխատել, ոչ մի բան չի փոխվելու։ Ռուսաստանը այն երկիրն է, որը հարգում է ոչ միայն ուժեղին, այլ նաև նրան, ով այլընտրանք ունի։»

Արման Նավասարդյանը համարում է, որ  հնարավոր այլընտրանք կարող է դիտարկվել Չինաստանի, Իրանի, ինչո՞ւ չէ, նաեւ Իսրայելի հետ նման համագործակցությունը:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքderenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ