Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:

Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։ Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով  Հարությունյանը, փորձելով պաշտպանել գործընկերոջ տեսակետը, իր հերթին ասել էր․ «Միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները, միևնույն է, չեն կարող միս գնել»։

Իշխող կուսակցության ներկայացուցիչների վերոհիշյալ հայտարարությունները սոցցանցերում ու ԶԼՄ-ներում դժգոհությունների տեղիք էին տվել, անգամ ստորագրահավաք էր Հակոբ Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկելու համար։

Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ներկա ու նախկին որոշ պատգամավորներ հաճախ են աչքի ընկնում հակասական, նույնիսկ էթիկայի սահմաններն անցնող հայտարարություններով ու բռնություն կիրառելու սպառնալիքներով։

Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով քննարկման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Հակոբ Հակոբյանի ասածին, նշեց, որ առաջին հերթին անհանգստացնողն այն է, որ պատգամավորի միջոցով իշխանությունները տեղեկացնում են, որ պետությունը բնակչության մոտ 30 տոկոսը կազմող աղքատների առումով որևէ անելիք չունի։

«Ենթադրում եմ, որ կոնկրետ այս դեպքի հետ կապված ՀՀԿ-ի ներսում քննարկում է եղել, որոշում է եղել, որ իշխանությունն ու պետությունը աղքատների հարցում անելք չունի։ Այս մարդը ուղղակի կամա թե ակամա մասսայականացրել է այդ որոշումը»,- նշեց Հրանուշ Խառատյանը՝ միաժամանակ հավելելով, որ մենք ոչ թե ունիվերսալ կերպարներ ունենք, այլ ունենք օդիոզ կերպարներ․

«Սակայն այդ օդիոզ կերպարները քանակապես ամենաշատը չեն, ամենաշատը այն պատգամավորներն են, որոնք ընդհանրապես մեր աչքին չեն երևում։ Վստահ չեմ, որ նրանք Ա-ն Բ-ից տարբերում են, վստահ չեմ, որ նրանք հայերեն այբուբենը լրիվ գիտեն, որովհետև չեմ լսել նրանց խոսքը։ Մամուլին հաջողվել է գտնել նրանց որոշ տեքստեր, որոնք, մեղմ ասած, դպրոցական կրթության տարողությունը չեն ձգում։ Նրանք քանակ են, մեզնից դուրս են ու կոճակ են սեղմում և որոշում են մեր ճակատագիրը»։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, թեմային անդրադառնալով, այն դիտարկեց մի քանի հարթության մեջ, որոնցից առաջինը  մեր հասարակության գավառական մոտեցումներն են, և պաշտոն ստանալուց հետո մարդիկ կարծես կերպարանափոխվում են․

«Երբ որ ինչ-որ մեկին թվում է, թե ինքը հաջողության է հասել, ինչ-որ պաշտոնի է հասել, լրիվ փոխվում է, իրեն թվում, թե ինքն ամեն ինչ գիտի, շրջապատը հաճախ չի նկատում և այլն։ Սակայն ավելի բարձրի նկատմամբ իրենք հպատակ են։ Գավառական մոտեցում, որտեղ չկա պարզություն, ինչը շատ կարևոր խնդիր է»։

Մյուս կողմից, բանախոսի կարծիքով, իշխանությունը վաղուց կտրվել է հասարակությունից և չի պատկերացնում, թե ինչ է կատարվում ստորին շերտերում․

«Իրենք իրենց շրջապատով են հանդիպում հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին և նրանց համար երկրորդական է, թե հանրությունն ինչպես է ապրում»։

Ավետիք Իշխանյանը նաև նշում է՝ նմանատիպ երևույթները արդյունք են նաև իշխանությունների՝ անկախ իրենց կամքից անկեղծության․

«Անկախ իրենցից նման հայտարարություններ են անում և չեն էլ պատկերացում, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա: Նրանք թքած ունեն հանրության կարծիքի վրա: Մյուս կողմից էլ մեր կուսակցություներում չկա ներքին դեմոկրատիա, ուստի տվյալ կերպարի կուսակիցները պետք է պարտադիր նրան պաշտպանեն՝ թեկուզ հերթական անհեթեթությունն ասելով: Իրենք պատկերացնում են, թե պետությունն իրենք են, իրենք այդ աղքատներին չեն համարում պետության մասնիկ, այլ համարում են օգտագործվող օբյեկտ։ Մեր պետական այրերը չեն պատկերացնում՝ ինչ է պետությունը»։

Բանախոսները նաև ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Հայաստանում գաղափարական ու գաղափարախոսկան բանավեճ գոյություն չունի, և ընդդիմությունն ու իշխանությունը նույն լեզվով են խոսում հանրության հետ։ Ավետիք Իշխանյանի կարծիքով, եթե Հայաստանում իրականում ձախակողմյան մտածողություն լիներ, սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժ լիներ, իրավիճակը կարող  էր որոշակիորեն փոխել։

«Այսօրվա Եվրոպան, որը դարձել է սոցիալական պետություններ՝ սկսած Սկանդինավյան երկրներից, դրա պատճառն եղել են  սոցիալ-դեմոկրատական կուսակցություներն ու արհմիութենական շարժումները։ Մեզ մոտ չկա այդ գաղափարը, մեր մոտ բոլոր կուսակցությունները պսևդո լիբերալ կուսակցություններ են»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ