«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2017թ. չի եղել դրական միտում». իրավապաշտպաններ
11.12.2017
12:30
Իրավապաշտպանների գնահատմամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2017 թ. չի գրանցվել առաջընթաց: Ըստ նրանց` իրավակիրառման պրակտիկայում հասած փոքր հաջողությունները բավարար չեն նշելու համար, որ իշխանությունները արձագանքել են դրական միտում:

«Ոստիկանությունը դեռ չի կարողացել ընկալել, որ այն ձևերը, որով հանդես է գալիս ոստիկանությունը, ոչ միայն տվյալ մարդու իրավունքների խախտում է, այլ նաև ապտակ է պետությանը»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:

ՀՀ առաջին օմբուդսմենը ընդգծում է, որ  տարիներ շարունակ իրենց ՀԿ-ն ստացել է հատվածական տվյալներ, որ ինչ-որ գիշերօթիկ դպրոցում կիրառվում է կոպիտ կամ դաժան վերաբերմունք:

«Դրան պետք է տալ ավելի խորքային նշանակություն: Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքների պաշտպանությանը և բացառենք նրանց նկատմամբ դաժան, կոպիտ կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը»,-ասում է Ալավերդյանը:

Ըստ նրա` օրենսդրաան փոփոխությունների խնդիր կա, այդ թվում, դաժան վերաբերմունքի մասով պետք է լինեն ավելի շատ հստակեցումներ:

«Եթե չկա արդար դատավարություն, մենք չենք կարող խոսել դեպի իրավական պետություն գնալու մասին, որովհետև իրավական պետության կայացումը տեղի է ունենում ոչ թե օրենսդիր մարմնի կողմից ճիշտ օրենքներ ընդունելով, այլ այն դեպքում, երբ մարդու իրավունքների ոտնահարման ժամանակ դատարանը մեզ բերում է իրավական պետության դաշտ»,-շեշտում է Ալավերդյանը:

2017-ի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ստացել է դիմում 382 շահառուից:

Ասուլիսի մյուս մասնակից`«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանն ասում է, որ Ոստիկանության բաժնում շուրջ 45 քաղաքացիների նկատմումբ միջադեպ է տեղի ունեցել հենց ոստիկանի մասնակցությամբ և  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանները տեղում տրամադրել են իրավախորհրդական աջակցություն:

«Այս տարի ունենք անազատության մեջ գտնվող 65 քաղաքացի, ում իրավունքները ոտնահարվել են և մեր փաստաբանները տրամադրել են իրավական խորհրդատվություն: 41 շահառուները ստացել են նաև հոգեբանական և սոցիալական աջակցություն: Ունենք նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած 7 գործ, որոնք ընթացքում են»,-հավելեց Սողոմոնյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, անդրադաձավ «Սասնա ծռեր» խմբավորման քրեական գործին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» անվամբ զինված խումբը 2016թ. հուլիսի 17-ին գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը, որին հաջորդեցին քաղաքացիական ակտիվ ցույցեր և բախումներ ոստիկանների հետ: 2016 թ. հուլիսի 31-ին զիված խումբը հանձնվել էր  իրավապահներին և այդ իրադարձություններից 11 ամիս անց, 2017-ի հունիսին սկսվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը, որի շրջանակում քննվում են 14 մեղադրյալներ:

Արա Ղարագյոզյանը, լինելով «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալներ Արայիկ և Արա Խանդոյանների պաշտպանը, շեշտեց, որ դատավարության 6 ամիսների ընթացքում «հատուկ միջոցներ կիրառելու» հետևանքով Արարատ Խանդոյանը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ:

«Մենք դեպքի մասին բարձրաձայնեցինք անմիջապես, սակայն Արարատի աչքը վիրահատեցին դեպքից 8 ամիս անց: Արարատը  քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է վատ և դաժան վերաբերմունքի: Արարատ Խանդոյանի 3 գործերն էլ այժմ  Եվրոպական դատարանում են: Դատավարության այս 6 ամիսների ընթացքում պարբերաբար խախտվում էին մեղադրյալների և փաստաբանների իրավունքները: «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին դատարանի նկուղում փաստաբանների ներկայությամբ ծեծի են ենթարկել: Աննախադեպ էր, երբ դատարանի նկուղում մարդիկ ծեծի էին ենթարկվում ու այն մարդիկ, ովքեր մեր սահմանները պաշտպանելու ժամանակ ստացել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ և ունեին մի շարք առողջական խնդիրներ»,-ասում է Ղարագյոզյանը:

Անդրադառնալով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնական լիազորությունների անցման հիմքով հարուցված քրեական գործին` փաստաբանը ընդգծեց, որ ևս 5 քաղաքացի ճանաչվել են տուժող, սակայն վարույթն իրականացնող մարմինը, ըստ նրա, որևէ օբյեկտիվ քննություն չի իրականացրել:

«Երբ միջազգային հանրությանը ներկայացվեց, թե ինչ է տեղի ունեցել, Եվրոպայի փորձագետները զարմանք ապրեցին, թե ինչպես կարող է 21-րդ դարում անձը ենթարկվի նման վերաբերմունքի»,-հավալեց փաստաբանը:

2016 թ. հուլիսյան դեպքերի առիթով, երբ մի շարք քաղաքացիներ և լրագրողներ մարմնական վնասվածքներ ստացան և խոչընդոտվեց նաև լրագրողների մասնագիտական գործունեությունը, ևս հարուցվել էր քրեական գործ:

«Սակայն այն սառեցված է: Ասվում է, որ իրականացվում է նախաքննություն, բայց որևէ դրական փոփոխություն կամ արդյունք չենք նկատում:  Այս գործը ևս ուղարկվել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան և ընթացքի մեջ է գտնվում»,-ասում է Ղարագյոզյանը:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև Իջևանի  Քրեական հետախուզության բաժնի պետի դեմ իրականացվեց քրեական հետապնդմանը և այս առնչությամբ դրական գնահատական հնչեցրեց իրավապահ մարմինների աշխատանքին:

«Այս առումով մենք դրական ենք գնահատում, որ այսքան տարվա պայքարից և միջազգային հանրությանը ներկայացնելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական կամք դրսևորեց և երկարատև պայքարից հետո Քրեական հետախուզության  բաժնի պետի նկատմամբ իրականացվեց քրեական հետապնդում: Դատախազությունը հաստատեց մեղադրական եզրակացությունը: Մենք, լինելով տուժողի ներկայացուցիչ, հուսով ենք, որ դատարանը օբյեկտիվ քննություն կիրականացնի և կփաստի, որ դաժան վերաբերմունք և խոշտանգում է եղել  տուժողի հանդեպ»,-ընդգծեց փաստաբանը:

Ամփոփելով և ընդհանուր գնահատական հնչեցնելով 2017-ին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին` Արա Ղարագյոզյանը շեշետեց, որ մի քանի պաշտոնյայի քրեական պատասխանատվության ենթարկել դեռ չի նշանակում, որ մենք առաջընթաց ունենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Մենք անկախ դատարաններ չունենք, եթե դատավորները անկախ չեն»,-հավելեց Ղարագյոզյանը:

Լարիսա Ալավերդյանն էլ շեշտեց, որ դրական կողմ է համարում համագործակցությունը մեծ թվով հասարակական կազմակերպությունների հետ, սակայն դրական չի կարելի գնահատել համագործակցությունը պետական մարմինների հետ:

«Հենց այստեղ է բացվում այն խնդիրը, որ պետք է ոչ միայն խոսել, այլև ազդել այդ պետական մարմինների վրա, որոնք պարտավոր են իրականացնել իենց գործառույթները` ըստ օրենքի: Քաղաքացիական հասարակությունը իր բոլոր սուբյեկտներով՝ ԶԼՄ-ներով և ՀԿ-ներով, չի կարողացել ազդեցություն ունենալ այնքան, որքան պահանջվում է: Այս տեսակետից ստացվում է, որ հասարակությունը չի կարող կանխել տեղի ունեցող բոլոր իրավունքների խախտումները: Լծակներ ունենալով՝ իշխանությունը ոչ միայն ունի հնարավորություն, այլ նաև օգտագործում է այդ հնարավորությունները մարդու իրավունքները ոտնահարելու համար, բայց չէ որ  մեզ հայտնի չեն այն շատ դեպքերը, երբ մարդու իրավունքները պաշտպանվել են հենց իշխանությունների կողմից: Եվ եթե հասարակաությունը չի զգում որակական փոփոխություն, ապա նշանակում է, որ գնդակը իշխանության դաշտում է»,-ասում է Ալավերդյանը:

Նա հավելում է, որ բավականին շատ գործ կա անելու մարդու իրավունքների պաշտապանության ոլորտում և իշխանություններից պետք է պահանջել, որ նրանք շատ ավելի կտրուկ գործողությունների դիմեն բարելավման համար:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.amէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ