«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն էին  «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը և «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը:

Բանախոսներն անդրադարձան ՄԻԱՎ վարակ ունեցող կանանց  բռնության ենթարկվելու հավանականության դեպքերին և ներկայացրեցին իրական պատմություններ Հայաստանից:

Ժենյա Մայիլյանը նշեց, որ  ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող  Եվրասիական կանանաց ցանցը հիմնադրվել է 2013-ին: Ցանցին անդամակցում են 11 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը: 2015-ից ցանցը միացել է Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի արշավին:

Ժենյա Մայիլյանի խոսքով՝ այս տարի հիմնական շեշտը դրվել է ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքի պատմությունների վրա:  Անդամակից երկրներից հավաքագրվել են ՄԻԱՎ-ով ապրող կանանց 3-ական պատմություններ,  որոնք  հոկտեմբերի 25-ից հրապարակվում են տարբեր սոցիալական ցանցերում և վեբ-կայքերում: Պատմությունները վերաբերում են այն կանանց, ովքեր ունեն ՄԻԱՎ վարակ և ենթարկվում են որևէ տեսակի բռնության:

«16-օրյակի շրջանակներում մենք փորձում ենք հավաքագրել վիճակագրություն 11 երկրներում հղիության արհեստական ընդհատումների, հակաբեղմնավորիչների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց արտամարմնային բեղմնավորմամբ հղիություն դեպքերի վերաբերյալ: Իրականացվում են նաև կանանց ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումներ: 11 երկրներում  ապրող ՄԻԱՎ վարակ ունեցող կանայք ներգրավվում և իրազեկվում են բռնության, դրա տեսակների և իրենց իրավունքների մասին»,-նշեց Մայիլյանը:

Նրա խոսքով՝ արշավն իրականացվել է օնլայն հարթակում և թիրախավորվել են հիմնականում երիտասարդ աղջիկները, ովքեր  խոցելի են բռնության և ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Աննա Աբգարյանն էլ ներկայացրեց ՄԻԱՎ վարակ ունեցող կանանց նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնության 3 իրական դեպքեր և բարձրաձայնեց դրանց հետևանքների մասին:

Ըստ նրա՝ ՄԻԱՎ-ը կրկնակի խոցելի է դարձնում կանանց, և ժամանակին դեղորայքի ընդունումից բացի, երեխաներին պաշտպանելու և ապրուստի համար գումար հայթայթելու անհրաժեշտություն է ստեղծում:

Աբգարյանի կարծիքով խնդիրը  համակարգային է:

«Եթե հասարակության մեջ բռնության ճիշտ կանխարգելում լինի, չլինի խտրականություն և թշնամական վերաբերմունք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, ապա կանայք ավելի շուտ կբարձրաձայնեն իրենց հանդեպ կիրառված բռնության մասին և կստանան անհրաժեշտ աջակցություն»,-նշեց Աբգարյանը:

Ժենյա Մայիլյանի կարծիքով՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք բռնության ենթարկվելու դեպքում  չեն դիմում ապաստարաններ, քանի որ վախենում են, որ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով իրենց չեն ընդունի:

«Ըստ այդմ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի շուրջ  քննարկումներ անցկացնելիս կամ օրենքը վերանայելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հասարակության այս խմբին»,-ընդգծեց Մայիլյանը:

Նրա խոսքով՝ մյուս երկրներում պատկերը գրեթե նույնն է և հիմնական խնդիրը նրանում է, որ կինը չգիտի ում դիմի, վախենում է, որ խտրականորեն կվերաբերվեն իրեն և օգնություն խնդրելու դեպքում չեն օգնի:

«Իսկապես այս արշավը կծառայի իր նպատակին: Տեղեկացված լինելու դեպքում մարդն արդեն իսկ պաշտպանված է որոշ չափով: Երբ մարդը գիտի իր իրավունքները, նա փորձում է պաշտպանել դրանք, բայց երբ չգիտի, արդեն բախվում է այլ իրականության»,-հավելեց Մայիլյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ