Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը և Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանը:

Մարգարիտ Եսայանն այն համոզմանն է, որ հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտում բազում խնդիրներ ու անելիքներ կան:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ որպես պետություն ու հասարակություն այս դաշտում մենք անելիքներ չունենք ու մեր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ իրականացնում ենք: Այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել բավարար ոչ միայն արտաքին պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլև չենք կարողացել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ այսօր, ցավոք սրտի, ունեն Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Սա միանշանակ բոլոր անցած, ներկա իշխանությունների համար մինուս գնահատական է»,- ասաց Եսայանը:

Հայաստանում այժմ գործում է 1993 թվականին ընդունված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագիծ, որը փակ քննարկվել է դրվել նաև Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Այս օրենքի ընդունումը բխում է նաև ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից:

Մարգարիտ Եսայանը ընդգծեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի խոստումներից մեկն էլ հենց այս օրենքի ընդունման վերաբերյալ է եղել, և այժմ օրենքի նախագիծը գոյություն ունի:
«Այն քննարկվել է և՛ կուսակցությունում, և՛ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի հանձնաժողովում: Հանդիպումներ ու քննարկումներ են եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, ինչի ժամանակ մանրակրկտորեն անդրադարձել ենք նախագծի ամեն կետին: Օրենքի նախագիծը քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ների հետ:Ու այսքան քննարկումներից հետո կարևորում եմ, որ տևական ընդմիջումից հետո գոնե կարողանանք ընդունել այնպիսի օրենք, որը կգործի լիարժեք՝ առանց հավելյալ խոչընդոտների»,-հավելեց Եսայանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հանրային տրանսպորտից օգտվելու ու ազատ տեղաշարժման հետ կապված խնդիրներ:

«Քանի դեռ Երևանում գազելային քաղաքականությունը կա, մենք այդտեղ խնդիրներ կունենանք: Մենք մեր տրանսպորտային միջոցներն էլ պետք է հարմարեցնենք բոլոր քաղաքացիներին»,- ասաց Եսայանը:

Զարուհի Բաթոյանի գնահատմամբ` նոր օրենքի նախագծով կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովումը:

«Այն հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա, որտեղ հաշմանդամություն ունեցողը ոչ թե պաշտպանության և խնամքի կարիք ունեցող է, այլ քաղաքացի, որն ունի իրավունքներ, ինչպես մյուս քաղաքացիները: Նախագիծը այնքանով է կարևոր, որ կխթանի, որպեսզի պետությունը ձեռնարկի գործողություններ»,-ասաց Բաթոյանը:

Նա կարևորեց նաև օրենքի նախագիծը ոչ իրավական տերմիններով, մատչելի ձևով քաղաքացիներին ներկայացնելը, ինչպես նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասանելի դարձնելը:

Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան նաև ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի այն դրույթին, որի համաձայն առաջարկվում է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով գործակալություն, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրության պահանջների խախտման դեպքում կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ ինքն էլ է անձամբ առաջարկել Երևանի քաղաքապետարանում ստեղծել հատուկ բաժին, որ կզբաղվի միայն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով, սակայն առաջարկը մերժել են` հիմնավորելով, որ իրենք զբաղվում են բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:

«Այո, վերջնական նպատակը պիտի լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա նույն հնարավորություններն ու իրավունքները: Բայց այսօր Հայաստանում այլ իրավիճակ է և նույնիսկ շատ զարգացած երկրներում էլ կան նման բաժիններ:Այսօր քաղաքապետարանում կա առանձին բաժին, որը զբաղվում է կանանց և ընտանիքի հարցերով: Ի՞նչ է՝ կինը կամ երեխան մարդ չէ՞, ինչպես մյուս մարդիկ»,- հավելեց Բաթոյանը:

Մարգարիտ Եսայանը դեմ արտահայտվեց այս առաջարկին, նշելով որ այն հակասում է իր արտահայտած այն մտքին, որ հասարակության անդամներին չպետք է բաժանենք խմբերի՝ հաշմանդամություն ունեցողներ և հաշմանդամություն չունեցողներ:

«Այդ դրույթով կարծես տեսակավորում ենք մարդկանց այդ խումբը: Բացի այդ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում կա համապատասխան վարչություն, որը զբաղվում է այս խնդիրներով: Մարզպետարաններն էլ ունեն առանձին սոցիալական բաժիններ»,- շեշտեց Եսայանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:
Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ