«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:

Քննարկումը կազմակերպվել էր JAMnews կայքի հետ համատեղ: Մինչ այդ JAMnews-ը հրապարակել էր բուհական համակարգում տեղի ունեցող զարգացումների մասին հոդվածներ: Եվ մեր համատեղ միջոցառման նպատակն էր անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնք արծարծվել էին այդ հրապարակումներում: Քննարկման բանախոսներն էին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը:

Ուսումնական տարին արդեն մեկնարկել է և 8266 առաջին կուրսեցի այս տարի ոտք է դրել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն այս տարի բուհական համակարգում թափուր մնացին առաջարկվող տեղերի  50 տոկոսից ավելին` դիմորդների թվի նվազման պատճառով: 

Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի ու անվճար տեղ, թափուր է մնացել`11.375-ը: Ունեցել ենք 9737 դիմորդ, որը 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Ինչպես այս տարի հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրչտյանը. «Մյուս տարի ավելի վատ վիճակ է լինելու և ավելի քիչ թվով դիմորդներ ենք ունենալու: Մեր համալսարանների համար բավականին բարդ շրջան է լինելու, քանի որ պետք է ելքեր գտնեն` ինչպես հաստիքները պահեն և գոյատևեն»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ այս տարի թափուր տեղերը բուհերում մի քանի պատճառ ունեին:

Առաջինը անցումն էր 12-ամյա դպրոցական կրթության, որի արդյունքում 2006-ին դպրոցները ընդունել էին երկու առաջին դասարան, և աշակերտական թվակազմը պառակտվել էր երկու մասի։

«Ավելի շատ եկել էին առաջին ավագ դասարան, որոնք պետք է  11 տարի սովորեին, իսկ կրտսեր ավագ դասարանը ավելի քիչ աշակերտներ գնացին, քանի որ մեծ մասը նախընտրեցին գնալ 11 դասարան: Այդ իսկ պատճառով կա դիմորդների թվի օբյեկտիվ անկում: Եկող տարի նույնպես կնվազի, իսկ դրանից հետո մի փոքր կավելանա ու շրջանավարտների թիվը շատ ավելի մեծ կլինի 2020 թվականից»,- ասում է Խաչատրյանը:

Հաջորդ պատճառը, ըստ կրթության փորձագետի, այն է, որ բացվեց բակալավրիատ Ամերիկյան համալսարանում, և այսօր Հայաստանում կան միջազգային ծրագրեր իրականցնող այլ դպրոցներ, որոնց շրջանավարտները հնարավորություն ունեն ավարտելուց հետո դիմել արտասահմանյան բուհեր, և այդ շրջանակներում մի քանի հարյուր շրջանավարտներ դիմում են միջազգային բուհեր կամ Ամերիկյան համալսարանի բակալավրիատ:

«Հաջորդ պատճառը կապված է արտագաղթի հետ: Վերջին 5 տարիներին մենք ունեցել ենք 18 000 աշակերտ, որոնք գնացել են Հայաստանից և բնականաբար այդ թիվը որոշ չափով անդրադարձել է շրջանավարտ դիմորդների վրա։  Բայց ընդհանուր առմամբ կան նաև որակի հետ կապված խնդիրներ: Հիմա բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան առաջ էր: Միգուցե այնքան եղավ բուհերի կողմից առաջարկը, այնքան արժեզրկվեց, այնքան հեշտացավ բուհ ընդունվելը, սովորելը և այդ պարզեցմանը զուգահեռ չհաջորդեց որակի խիստ վերահսկողությունը, որ շատերը հիմա նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում: Համալիր պատճառներ կային, որ իրար վրա կուտակվեցին»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

Որպես պրակտիկ դասախոս նա ընդգծեց, որ բուհերում դիմորդների թվի կրճատումը արդեն զգալի է ծանրաբեռնվածության նվազման տեսանկյունից:

«Իմ ծանրաբեռնվածությունը համալսարանում 0,25 դրույքով պակասեց: Եվ բազմաթիվ դասախոսների համար հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու վիճակը, ծանրաբեռնվածությունների նվազում, ոմանք նաև կորցնելու են աշխատանքը, հետևանքներն այսօր արդեն զգում ենք»,- ասում է Խաչատրյանը։

Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը հակադարձեց Սերոբ Խաչատրյանին և ընդգծեց, որ դասախոսների համար ռիսկային չէ ծանրաբեռնվածության առումով:

«Այս տարվա պլանավորած սահմանաչափով մեր բուհը 70 տոկոսով իր ծավալը կատարել է, և մենք կենտրոնանում ենք առկա ուսուցմամբ ուսանողների ուղղությամբ: Դա այդքան ռիսկային չէ ծանրաբեռնվածության առումով, որովհետև յուրաքանչյուր բուհ ունի հաստիքային աշխատակազմ և ունի ոչ հաստիքային աշխատակազմ: Ենթադրաբար, ուսանողների թվաքանակի նվազման պատճառով ոչ հաստիքային աշխատակազմը, իհարկե, նվազում է։ Բայց դա այդքան կտրուկ ծայրահեղ չի լինում հաստիքային աշխատակազմի համար, հաստիքային աշխատակազմը միշտ սպասարկում է մինչև 75 տոկոսը»,-ասում է Խաչատրյանը:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ ասում է, որ եթե այս տարի մենք ընդամենը ունեցել ենք 20 հազար շրջանավարտ, հաջորդ տարի այն ուղիղ կիսվում է և դառնում 11 հազար։

«Եթե մենք ուղիղ աշխատելու ենք աշխատաշուկայի հետ և բավարարելու ենք տվյալ ոլորտի մասնագետներով, ապա ես կարծում եմ, մենք ունենալու ենք շատ սահմանափակ մասնագիտություններ: Այստեղ հարցը այն է, թե մենք ինչպիսի քաղաքականություն ենք վարում: Մեր որդեգրած քաղաքականությունը և եվրոպական երկրներինը, որտեղ նույն պատկերը կարելի է տեսնել, բարձրագույն կրթության համակարգում մատչելիության և ընդգրկվածության մեծացումն է»,- ասում է Սուքիասյանը:

Նրա խոսքով, եթե միայն շուկայի պահանջը նայենք, ապա մենք կունենանք մի քանի ուղղություն, որոնց պահանջարկը բավականին մեծ է, բայց դրան զուգահեռ կան ոլորտներ, որոնք պարտավոր ենք պահել, պահպանել:

«Որովհետև սրանք են այն հիմքը, որով արդեն զարգանալու է շուկայի այդ ճյուղը, այսինքն մենք չենք կարող ՏՏ ոլորտը զարգացնել եթե մենք չունենանք մաթեմատիկա ու ֆիզիկա, կայուն հիմնարար գիտելիք։ Այսօր դիմորդների  մոտ 32 տոկոսը հումանիտար ուղղությունն է նախընտրում, այնուհետև 22 տոկոսը` տնտեսագիտություն, երրորդ տեղում` մաթեմատիկա ու տեղեկատվական տեխնոլոգիաներ, հետո գալիս է բժշկություն ու ագրարային: Մեզ համար հատկապես բնագիտությունը շատ կարևոր է՝ և այս տարվա գերակա ուղղություններում նախատեսված է, որ այս ուղղությամբ մենք հայեցակարգը ավարտենք, որը կբերի այս ոլորտի պահպանմանը և զարգացմանը»,- ասում է ԿԳՆ ներկայացուցիչը։

Դեռևս 2013-ից հայաստանյան 11 բուհերում վարձավճարները թանկացան ավելի քան 50 տոկոսով և մինչ օրս բուհերի բյուջեի գերակշիռ մասը` 60 կամ 70 տոկոսը կազմվում է ուսանողների վարձավճարներից: Թե որքանով է վարձավճարների բարձացմանը զուգահեռ բարձրացել Հայաստանում բարձրագույն կրթության որակը` մասնագտները մտահոգիչ պատասխաններ են հնչեցնում:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասում է, որ բարձագույն կրթության որակը ամենագլխավոր հարցերից մեկն է:

«Բոլոր նշված խնդիրներին ես կուզեի ավելացնել հավատի բացակայությունը բարձրագույն կրթության նկատմամբ, որովհետև այսօր բարձրագույն կրթությունը չի տալիս այն որակը, այն գիտելիքի հմտությունը և կարողությունները, որի ձեռքբերումից հետո շրջնավարտը կկարողանա գտնել իրեն աշխատաշուկայում ու ոչ միայն ներքին, այլև արտաքին աշխատաշուկայում»,- ասում է Անափիոսյանը:

Նա ընդգծում է, որ Հայաստանի բուհական համակարգը խնդիր ունի և բովանդակության արդիականացման և մեթոդաբանության:

«Կարևորագույն խնդիրներից մեկը բարձրագույն կրթության քննական մտածողության զարգացումն է: Իսկ քննական ակտիվ մտածողությանը հնարավոր է հասնել դասավանդման ակտիվ մեթոդաբանության շնորհիվ: Այսօր ուսանողը իֆորմացիա ստանալու կարիք չունի, այսօր ուսանողը ունի ուղղորդման կարիք, թե որ ինֆորմացիան ինքը վերցնի, որը թողնի և ինչ անի այդ ինֆորմացիայի հետ»,- ասաց Անափիոսյանը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ ասում է, որ աշխարհում այս առումով որոշ զարգացումներ և կտրուկ փոփոխություններ են գնում, որոնց չարձագանքնելն անլուրջ է:

«Տեղեկությունը հասցնելը, դասախոսության այդ ձևաչափն արդեն հնացել է, այդ  նույն ձևաչափը հասանելի է տեխնիկական միջոցներով, և աշխարհի լավագույն դասախոսները կարող են ձեզ դասախոսություն կարդալ… Այն, որ բուհերում մինչև հիմա ներկա և բացակա են դնում դասախուսությունների ժամանակ, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, որ հասուն մարդը, ով ընտրել է գնալ բուհ, սովորել և վճարում է բուհին այդ կրթության համար, կարող է բացակայել դասից»,- ասում է Փախչանյանը:

Նա ընդգծում է որ Հայաստանում մշակութային և ձևաչափային փոփոխություն է պետք, ուսանողը ինքը պետք է պատասխանատու լինի իր կրթության համար, այլ ոչ թե բուհը կամ հասարակությունը:

«Մի մարդ, որ պարտադրված է սովորում, հասարակությանը պետք չէ: Այդ ամենը շատ լուրջ մտայնության փոփոխություն է պահանջում բոլոր օղակներում, սկսած քարոզչությունից` ուղղված ուսանողներին, վերջացրած բուհերի վերաբերմունքից այս ամենին: Մենք մի քիչ կարծրացած ենք, հին մոդելի մեջ ենք մտածում, իսկ մոդելները շատ արագ փոփոխվում են»,- հավելեց Փախչանյանը:

ԿԳ նախարարության ներկայացուցիչ Ռոբերտ Սուքիասյանն էլ քննարկման վերջում ընդգծեց, որ սկսել են խորը բովանդակային փոփոխությունների փուլը:

«Բարեփոխումները առհասրակ փոխկապացված են: Եթե պետք է տանենք համակարգը զարգացման, մենք ունենք  բովանդակության, կառուցվածքային փոփոխության, ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության և սոցիալական քաղաքականության, աշխատաշուկայում փոփոխվող պահանջներ, և սրանք պետք է զուգահեռ տանենք: Այս մասին  շատ ավելի մանրամասն Հայաստանի տեսլականը այս 5 ուղղություններով կներկայացնենք մինչև տարեվերջ»,-ե զրափակեց Սուքիասյանը:

Քննարկման տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլ. հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
12.09.2017
12:00
2016թ սեպտեմբերի 13-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ դառնալով Հայաստանի Երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ