«Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց»
04.09.2017
12:00
2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»։

Սույն հայտարարությունից հետո Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությունը փոխվեց 180 աստիճանով։ Մինչ այդ Հայաստանը 3 տարի բանակցություններ էր վարում Եվրամիության  հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ և սպասվում էր, որ 2013 թ. աշնանը այդ համաձայնագիրը ստորագրվելու է։ Սակայն երկրի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունից հետո Հայաստանն արդեն 2015 թ. հայտնվեց Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միության կազմում։

Փորձագիտական շրջանակներում բազմաթիվ կարծիքներ հնչեցին առ այն, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրել է Ռուսաստանի կոշտ ճնշումների ներքո, ինչը կասկածի տակ է դնում արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի սուվերեն որոշումներ կայացնելու ունակությունը։ Տարօրինակ զուգադիպությամբ արդեն 2017թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանն առանց պատճառաբանության ու անսպասելի հրաժարվում է մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին, որոնց մասնակցելու հավանություն վաղուց էր տվել։

Սեպտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանը անդամակցելուհայտարարությունից 4 տարի անց» խորագիրը կրող քննարկման բանախոսները Հայաստանի այդ քայլը համարեցին Ռուսաստանի կողմից բանեցված ճնշումների հետևանք, ինչպես դա եղավ 2013թ. սեպտեմբերի 3-ին։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր/նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով զորավարժություններին մասնակցելուն վերջին պահին առանց պատճառի հրաժարվելն առաջին հերթին հարվածում է Հայաստանի հեղինակությանը.

«Նույնիսկ միջանձնային հարաբերություններում պայմանավորվածություններ չպահելը լավ չի դիտարկվում, առավել ևս միջպետական հարաբերություններում։ Ես նաև կարծում եմ, որ եղել է արտաքին ազդեցություն նման որոշում կայացնելու մեջ»։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի գնահատմամբ Հայաստանը հերթական անգամ զարգանալու հնարավորություն է կորցնում ուրիշների շահերի պատճառով:

«Հերթական շանսի կորուստն էր, որը կօգներ Հայաստանին ինչ-որ չափով զարգանալ, հզորանալ, ամրապնդվել, դրա հետ մեկտեղ ավելի ուժեղանալ, որ կարողանար այլ ճնշումներին դիմակայել, իսկ արտաքին ճնշումների խնդիր հավանաբար այդ դեպքում եղել է ու զգացնել է տվել»,- ասաց Պողոսյանը։ 

Պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորեց ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացմամբ:

«Այսօր, երբ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փաստացի նույնիսկ բանակցություններ վարելու կանալներ չկան և այս պարագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Հայաստանին մանեվրելու ավելի քիչ հնարավորություն է թողնում։ Հայաստանը որոշում է ընդունել մնալ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում և բնականաբար Մոսկվան, իր նկատմամբ Վաշինգտոնից ճնշումներ զգալով, սկսել է իր դաշնակիցների ու գործընկերների հետ ավելի կոշտ ու հետևողական խոսել»,-ասաց Գալստյանը։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքներին՝ բանախոսները համակարծիք էին, որ դրանից Հայաստանն ավելի շատ կորցրել է, քան շահել:

Արա Պապյանը ԵԱՏՄ անդամակցության կորուստների ու ձեռքբերումների մասին կարծիք կազմելու համար առաջարկում է ուշադրություն դարձնել տնտեսական ցուցանիշներին:

«Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ 2013 թ. 11.61 մլրդ դրամի ՀՆԱ ենք ունեցել, 2016թ.՝ 10.55 մլրդ, 1 մլրդ-ից ավելի համախառն ներքին արտադրանքի ծավալը նվազել է, 2013թ. արտաքին շրջանառությունը կազմել է  5.69 մլրդ, 2016 թ.՝ 5.07 մլրդ, պետական պարտքը 2013թ. եղել է 4.6 մլրդ դոլար, 2016թ.՝ 5.9 մլրդ,- նշեց Արա Պապյանը՝ հավելելով,- «Կարելի է որոշ մանիպուլյացիաներ անել և որոշ տեղերում դրական արդյունքներ գտնել: Մաքսային միությանն անդամակցելու հիմնական գայթակղիչ կետերից մեկը մեծ ներդրումներն էին, որ պիտի կատարվեին:  2013թ. 597 մլն դրամի արտաքին ներդրում է կատարվել, 2016թ.՝ 170 մլն՝ 3 անգամ պակաս»:

Թևան Պողոսյանի կարծիքով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պարտադրելով՝ Ռուսաստանի կողմից փորձ է արվել ազդել Ուկրաինայի որոշման վրա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու առումով:

«Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, թե Ուկրաինայի վերջնական որոշումը որն է լինելու։ Արդյո՞ք Հայաստանն էր նպատակը ռուսական ճնշումների, թե՞ Հայաստանը օգտագործվեց «հաջողակ» փորձ, որ տեսեք Ռուսաստանն ինչի է ընդունակ, ինչ կարող է առաջարկել ու մեկ գիշերվա մեջ մարդկանց տեսակետը փոխել».-ասաց Պողոսյանը։

Խոսելով կորուստների մասին՝ փորձագետը նշեց, որ դրանք ոչ միայն տնտեսական են.

«Կորուստները նաև քաղաքական էին, սոցիալիզացիայի, ինստիտուցիոնալ,  ճամբարային առումով նաև։ Եվս մեկ անգամ նշեմ, որ մենք զարգանալու, արդիականացվելու ու բարեփոխումների հնարավորություն կորցրեցինք։ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն այդ ամենն էր»։

Փորձագետ Արեգ Գալստյանի կարծիքով Հայաստանը, Մաքսային միությանն անդամակցելով, քաղաքակրթական անհաջող ընտրություն է կատարել, որն էլ իր հերթին բերել է ներկայացված բացասական արդյունքներին:

«21-րդ դարում պետք է կողմնորոշվես՝ ո՞ւմ հետ ես դու, աշխարհի ո՞ր երկրների հետ Հայաստանն ընդհանուր շահեր ունի՝  Ֆրանսիայի՞, թե՞ Ղրղզստանի, Գերմանիայի՞, թե՞ Ղազախստանի։ Այս հասարակ համեմատությունները եթե անում ենք, տեսնում ենք, թե որ ուղղություններով է ճիշտ շարժվել, ով է մեզ ավելի մոտ։ Տնտեսության հարցը միայն շուկաներն ու փողերը չեն, այլ ապագան, զարգացումը, որոնք գտնվում են այնտեղ։ Այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը գնում է ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի ուղիով»,-նշեց Գալստյանը։

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ