Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր և գնահատականներ պետական կառույցների աշխատանքին
30.08.2017
11:00
Օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված խոշոր հրդեհը հաջողվեց ամբողջությամբ մարել երկու օր անց։

Ինչպես պարզվել էր,  Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնե տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվել է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավաստմամբ՝ Նաիրիտում հրդեհի հետևանքով դեպի մթնոլորտ վտանգավոր արտանետումները բացառվում են և օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Այնուամենայնիվ պետական պատասխանատու գերատեսչությունները սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվեցին քննադատության թիրախում։ Քննադատության ալիքը մեղադրում էր պատասխանատու գերատեսչություններին բնակչությանը  թերի տեղեկատվություն տրամադրելու և  ճգնաժամային իրավիճակներին անպատրաստ լինելու մեջ։

Օգոստոսի 30-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր և գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» խորագիրը կրող քննարկումը Նաիրիտի տարածքում բռնկված հրդեհի դիտարկման միջոցով միտված էր հասկանալու, թե որքանո՞վ ենք հանրությունը պաշտպանված տեխնածին և բնական աղետներից և ինչպիսի՞ անհրաժեշտ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն նման դեպքերի կրկնությունը նվազագույնի հասցնելու, իսկ աղետի դեպքում հավուր պատշաճի պաշտպանվելու համար։

Նախ ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանը նշեց, որ իրենց կենտրոնը վերջին երկու օրերին ակտիվ չափումներ է իրականացրել՝ օդի աղտոտվածության չափը որոշելու համար:

«Հրդեհի օրը չափումներ իրականացվել են և ընդհանուր առմամբ աղտոտվածության մակարդակի գերազանցումներ եղել են, բայց գերազանցումներն այն չափի չէին, որ վտանգ սպառնար բնակչությանը։ Ազոտի երկօքսիդն է գերազանցել, ծծմբի երկօքսիդը և ընդհանուր փոշին։ Սակայն երկրորդ օրն արված անալիզները ցույց տվեցին, որ գերազանցումները նվազել էին և ունեինք միայն ծծմբի երկօքսիդի գերազանցում»,-ասաց Գաբրիելյանը:

Արձագանքելով Արփինե Գաբրիելյանի ասածներին՝ քիմիկոս, Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր, որ մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ մուր:

«Թերայրում է կատարվել, մուրը դրա արդյունքն է և հետևաբար պետք է առաջանար շմոլ գազ, սակայն կատարված անալիզների մեջ այս երկու բաղադրիչը բացակայում է»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով հրդեհի պատճառներին՝ մասնագետը համոզմունք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ չի պահպանվել այրված նյութի պահպանման, պահեստավորման տեխնոլոգիական գործընթացը:

«Էթինոլ լաքը պոլիմերվող նյութ է, տվյալ նյութի մոլեկուլային մասսան անընդհատ աճում է, ինչը ուղեկցվում է ջերմության անջատումով։ Այդ պոլիմերումը կասեցնելու համար նրան խառնում են պոլիմերումը խոչընդոտող նյութեր։ Իսկ այդ նյութը ժամանակի ընթացքում կորցնում է անհրաժեշտ խտությունը, որի արդյունքում էթինոլ լաքի պոլիմիերումը շարունակվում է, անջատվում է ջերմություն, ինչի հետևանքով էլ կարող է լինել ինքնաբռնկում և պայթուն»,-ասաց Միրզոյանը։

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, խնդրին անդրադառնալով, նշեց, որ իր համար տարօրինակ էր դեպքից հետո, օրինակ, ՀՀ առողջապահության նախարարության գործելաոճը:

«Նրանց հայտարարությունը եղավ դեպքից 5 ժամ հետո։ Մինչդեռ անտեղի խուճապը կանխելու համար անհրաժեշտ էր ավելի շուտ հայտարարություն տարածել և տեղեկացնել, թե ինչ պետք է մարդիկ անեն այդ իրավիճակում։ Մարդիկ այդ ընթացքում տեղեկատվության պակաս ունեին»,-ասաց Նազարյանը։

Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ այս հրդեհը վերջին տարիներին արդեն երկու անգամ գործարանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:

«2006-ին 2-ից 11 արտադրամասերում, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին հրդեհներ են եղել և այդ ժամանակ նույնպես վառվել են էթինոլ լաքի պահեստները։ 2009 թ. երկու մեծ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 4 հոգի։ Այս դեպքերը մարդկանց պետք է զգաստացնեին, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում և ավելի լուրջ մոտենալ խնդրին»,- նշեց Լենա Նազարյանը՝ հավելելով, որ այնպիսի տպավորություն է, որ Նաիրիտում անվերահսկելի իրավիճակ է և այդ պարագայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է այդ տարածքում անվտանգության ապահովման հանձնառությունը վերցնի իր վրա։

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ ճգնաժամային իրավիճակներում բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու խնդիրներին՝ նշելով, որ առկա են սխալ մոտեցումներ նեղ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու հարցում և ընդհանուր քիմիայի տերմիններով «ժանգլյորություն» անելը լավագույն ձևը չէ հանրության հետ շփվելու համար:

«Այստեղ նշվեց, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը օդում բարձր է։ Քանի հոգի գիտի, թե ի՞նչ է ազոտի երկօքսիդը։ Ազոտի երկօքսիդ հնչում է բավականին մեղմ, սակայն այն լուրջ թունավոր գազ է։ Ինձ թվում է՝ պետք է խոսել մի քիչ մարդկային լեզվով։ Եթե դուք ասում եք ծծմբի երկօքսիդի պարունակությունը բարձր է, դուք ոչինչ չեք ասում։ Դուք պետք է ասեք, թե ինչո՞վ է դա վտանգավոր և ի՞նչ պետք է անել»,-հավելեց Մարտիրոսյանը։

Մասնագետը կարծիք հայտնեց, որ բոլոր նախարարությունները պետք է ունենան արձանագրային ձև որոշակի իրադարձություններում հանրության հետ շփվելու համար։

«Չպետք է լիրիկական զեղումներ լինեն։ Եթե եղել է հրդեհ, հանրությունը պետք է տեղյակ լինի, թե վտանգն ուր կարող է գնալ, պետք չէ ասել, որ ծուխը գնում է Թուրքիա, դա ինձ ոչինչ չի ասում, պետք է նշել, թե որ հայկական գյուղերն են գտնվում վտանգի գոտում և տրվեն համապատասխան ցուցումներ»,- ընդգծեց Մարտիրոսյանը։ 

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ