«Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը»
13.06.2017
12:00
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին` Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Քննարկմանը մասնակից Արթուր Սաքունցն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, և ինքն  այդ գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:

«Քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է հունիսի 12-ին, որպես տուժող ճանաչվելու մասին որոշումը կայացվել է ամսի 13-ին: Մենք անցած երկուշաբթի օրն էինք հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- տեղեկացրեց Սաքունցը:

Նա հավելեց, որ դեռ հունիսի 2-ին հնչեցված սպառնալիքի փաստով 10 օր անց քրեական գործ հարուցելը պայմանավորված էր հիմնականում Հայաստանում փոստային ծառայության աշխատանքի հետ: 

«ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվելիք հաղորդումը նամակով մուտք է արվել Վանաձորի փոստային ծառայություն անցած երկուշաբթի, և այդ նամակը դատախազություն է հասել միայն ուրբաթ օրը, այսինքն 4 օրվա ընթացքում է նամակը Վանաձորից Երևան հասել»,- նշեց իրավապաշտպանը:

Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ իրավապահ համակարգը գործել է օրենքի շրջանակներում և հոդվածի հրապարակումից հետո  սկսվել է նյութերի նախապատրաստումը: 

«Քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ էր ունենալ տուժած անձի, տվյալ դեպքում Սաքունցի դիրքորոշումը քրեական գործ հարուցելու հետ կապված: Քանի որ նշված հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել միայն բողոքի առկայության, տվյալ դեպքում հաղորդման առկայության դեպքում»,- նկատեց Հակոբյանը:

Վլադիմիր Հովհաննիսյանն, անդրադառնալով դեպքին, խիստ մտահոգիչ գնահատեց և ընդգծեց, որ կոնկրետ այս դեպքը գտնվել ու գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում:

«Արդեն կա մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի հստակ դիրքորոշումը կա մամուլով տարածված, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում նման երևույթի ցանկացած դրսևորում: Նաև գրություն է հասցեագրվել իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավորինս տեղեկատվություն ստացվի գործի ընթացքից»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խնդիրը դիտարկեց ավելի լայն հարթության մեջ՝ անդրադառնալով սպառնալիքների հետ կապված հասարակության ընկալմանը.«Ցավոք սրտի, մենք դեռևս քաղաքակիրթ երկիր չդարձանք ու դեռևս հասկացություններով ենք ապրում, որը շատ բացասական է, ագրեսիվ հասարակություն է: Մենք բազմիցս լսել ենք դեպքեր, երբ սպառնացել են ոչ միայն իրավապաշտպաններին, այլ նաև լրագրողներին, օրինակ՝ «գլուխդ կպոկեմ»-ի նման արտահայտություններ շատ ենք լսել: Սակայն որևէ հետևանքներ չեն եղել»:

Իշխանյանը հավելեց,  որ ինքը չի հավատում իրավապահ համակարգին, քանի որ կան ոչ միայն սպառնալիքի անպատասխան ու անհետևանք մնացած դեպքեր, այլ սպառնալիքի իրագործման դեպքեր, որի պարագայում որևէ մեկը չի պատժվել:

«Արթուր Սաքունցի հասցեին սպառնալիք հնչեցնողը բացառված չէ, որ ինքնուրույն է գործել, սակայն համոզված եմ, որ նա իշխանության հովանու տակ գործող ինչ-որ խմբավորման ներկայացուցիչ է: Նման սպառնալիք հնչեցնելը հետագայում լավ պաշտոն ստանալու գրավական կարող է լինել, որ ցույց տան, թե ինչքան լավ են ծառայում իշխանություններին»,- նկատեց  Իշխանյանը:

Վերջինս նաև համոզված է, որ սպառնալիք հնչեցնողին, եթե անգամ հայտնաբերեն, ապա նա ձևական պատժի կենթարկվի:

Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ նման երևույթներն այն հադուրժողականության մթնոլորտի հետևանք է,  որը երկար տարիներ կա Հայաստանում:

«Նման սպառնալիք հնչեցնող անձը ուղղակի ունի այն վստահությունը, որ ինքը պատասխանատվության չի ենթարկվելու: Օրինակ՝ վերջերս հուլիսյան դեպքերի հետ կապված զեկույցի թեմայով քննարկում ունեցանք, որից հետո սոցիալական ցանցերում արտահայտություններ էին հնչում, որ նման իրավապաշտպաններին պետք է վերացնել: Միջավայրը որպես այդպիսին չափազանց պարարտեցված է»,- կարծիք հայտնեց Հայկուհի Հարությունյանը:

Վերջինս նաև ընդգծեց, որ իրավապահ համակարգի հետագա գործողությունները ցուցիչ են լինելու, թե ինչքանով են նրանք ուզում պայքարել նման արտավոր երևույթների դեմ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ պատիժ է սպասվում Սաքունցի հասցեին սպառնալիք հնչեցրած անձին:

«Եթե նախաքննության ժամանակ պարզվի անձի ինքնությունը, ապա նա պատասխանատվության կենթարկվի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի պատժի սահմաններում. օրենքով սահմանված է ժամկետը՝ կալանքով առավելագույնը երկու ամիս և ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի: Սահմանված է նաև տուգանք նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով»,- տեղեկացրեց Հակոբյանը:

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը հորդորեց ուշադրություն դարձնել այն բառապաշարին, որով իրեն սպառնացել են:

«Ասում են ադրբեջանական ագենտ, բոլորս էլ գիտենք, թե նման որակում ինչու են օգտագործում: Դա օգտագործվում է նրա համար, որ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների խախտման մասին դեպքերի մասին ենք բարձրաձայնում: Ասում են Վահան Մարտիրոսյաններ….այսինքն՝ անձը, որը զբաղվում է իրավապաշտպանությամբ,  պիտակավորում են: Սա մեկ անձի կողմից տրվող որակավորում չէ, սա ձևավորված հանրային ընկալման հիման վրա  ձևավորված որակում է: Սա օդից վերցված չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, հիմնականում իշխանության պրոպագանդայի արդյունքում»,- նշեց Սաքունցը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի միջոցառումների համակարգող-խմբագիր։
Հեղինակի հետ կապվելու համար գրեք mediacenterarmenia@gmail.com հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
12:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
«Ադրբեջանին զենքի մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է»
22.07.2017
12:00
Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ