«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները»
10.05.2017
17:00
Մայիսի 10-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հայաստանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն գրասենյակ ուներ, ինչը, սակայն, Ադրբեջանի ջանքերով փակվում է: Բաքվում 2000 թ.  ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունն ավարտեց 2014 թ.-ին,  Թբիլիսիում 1992 թվականին բացված գրասենյակը փակվեց 2008 թ.-ին: 

Բանախոսները նախ մտահոգություն հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման գործընթացի հետ կապված:

Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշման պատճառով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը՝  Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ այն Ադրբեջանը կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և գտնում, որ գրասենյակի իրականացրած ծրագրերը նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:

«Ադրբեջանի պատճառաբանություններն անհեթեթ են: Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք է ունեցել ԵԱՀԿ-ի նկատմամբ: Հիշենք թեկուզ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման պատմությունը: Ադրբեջանն ուղիղ ձևով չկարողանալով ազդել ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման վրա՝ նա օգտագործեց իր վետոյի իրավունքը և սրանով փակվեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Իսկ թե ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար երևանյան գրասենյակի փակումը, Իգիթյանի կարծիքով կախված է հայկական կողմի գործողություններից:

«Նույն ԵԱՀԿ-ի ներսում կան մարմիններ, որտեղ կոնսենսուսի գաղափարը չի գործում: Վերցնենք թեկուզ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեները և բանաձևերը: Այդտեղ մեծամասնությամբ են քվեարկում: Հայաստանն այսօրվանից պետք է պատրաստվի մյուս վեհաժողովին: Այնտեղ այդ կետը պետք է անպայման լինի, որ դատապարտվում են Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ քայլերը»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ԵԱՀԿ գրասենյակի փակումն առաջարկեց դիտարկել մարտավարական ու ռազմավարական հարթությունների վրա:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից տակտիկական առումով մեզ մեծ վնաս չի լինելու, վնասը լինելու է ռազմավարական տեսանկյունից: Այսպիսով Ադրբեջանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին զարգացումներին»,- նշում է Գևորգ Տեր-Գաբրիլյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական դիվանագիտության պարտությունն է, քանի որ ժամանակին չի կանխատեսվել և կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել:

Անդրադառնալով Ադրբեջանի բուն նպատակներին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց. «Ադրբեջանի կառավարությունը Հայաստանին ցանկանում է իզոլացնել միջազգային հարաբերությունների ցանցից, ուզում է ազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա, ուզում է ազդել Հայաստանի ժողովրդավարության վրա և ուզում է ազդել Հայաստանի քաղաքացիական հասարակության շանսերի վրա»:

Բանախոսը կարծում է, որ  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանի որ նա ձգտում է Հայաստանին հեռու պահել միջազգային ցանցերից: 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ գրասենյակի փակման առումով մտավախություն ունի, որ այն քաղաքական առումով կարող է ազդել Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունների ակտիվության վրա, սակայն Հայաստանի համար այն չի կարող քաղաքական հետևանքներ ունենալ:

«Քաղաքական առումով գրասենյակի փակումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ փակման հարցը Հայաստանի կողմից չի առաջադրվել: Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով և մինչև վերջ պայքարել է գրասենյակի փակման համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Միաժամանակ վկայակոչելով ՀՀ արտգործնախարարությանը՝ պատգամավորը նշեց, որ հայկական կողմը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կանխելու համար, սակայն չի ստացվել: 

Պատգամավորը նաև նշում է, թե ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դրական ազդեցությունը հատկապես զգալի էր քաղաքացիական սեկտորի համար, քանի որ այն մեծ աջակցություն էր ցուցաբերում քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ