Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին
20.04.2017
12:00
Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էինՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը ևԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Քննարկման սկզբում Սուրեն Քրմոյանը նշեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունները սկսվել են 2,5 տարի առաջ և  գաղափարն առաջացել է քաղաքացիական հասարակության հետ տարբեր հանդիպումներից:

Քրմոյանն առաջարկվող լուծումների մեջ կարևորեց պետական ոլորտում թափանցիկության բարձրացումը, ինչը դիտվում է նաև հակակոռուպցիոն գործիքների տրամաբանության մեջ։

«Տեղեկատվություն տնօրինողների շարքում մենք լրացրել ենք նաև պետական կազմակերպությունները, որովհետև պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները դուրս էին մնացել օրենքի կարգավորման դաշտից: Երկրորդը, համայնքային հիմնարկները և կազմակերպությունները․ տեսեք, շատ քննարկվում են համայնքային ենթակայության դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարման, կոմունալ տնտեսության կառույցներ: Մենք, որպես տեղեկատվություն տնօրինող և ըստ այդմ օրենքի կարգավորման դաշտ ենք բերել նաև պետական կազմակերպություններին և համայնքային հիմնարկներին»,-ասաց Քրմոյանը:

Նա ընդգծեց, որ օրենքի նախագծով հստակեցվել են նաև բանավոր և գրավոր հարցման հասկացությունները և շեշետը օրենքում դրվել է գրավոր հարցման վրա:

Ըստ օրենսդրական փոփոխության՝ նախատեսվում է նաև ստեղծել  հանրային տեղեկատվական հարթակ:

«Էլեկտրոնային հարթակ կստեղծենք, որտեղ քաղաքացին կարող է հարցում ուղարկել համացանցի միջոցով  և պատասխան ստանալ առանց ժամկետի ձգձգման, ու այդ գործընթացը վերահսկելի կլինի, իսկ քաղաքացին նորմալ ժամկետների մեջ կարող է տեղեկատվություն ստանալ: Եթե քաղաքացին չգտնի, թե որ մարմնին դիմի, ապա հարցման օպերատորն անձամբ ընթացք  կտա, կտեսնի, թե որ բաժնին է վերաբերում ու հարցումը կուղարկի համապատասխան պետական մարմին»,–ընդգծեց փոխնախարարը:
Արդարադատության նախարարությունը երկամսյա ժամկետ է սահմանել քաղհասարակության համար օրինագծի դրույթների հետ կապված իրենց առաջարկներն ու առարկությունները ներկայացնելու և քննարկման սեղանին դնելու համար:

Նոր օրինագծով նախատեսվում է նաև կարևորագույն նորամուծություն. այն է ՄԻՊ-ին առընթեր Տեղեկատվության ազատության խորհրդի ստեղծումը:

«Փորձում ենք զարգացնել արտադատական մեխանիզմները: Քանի որ քաղհասարակությունը ներկայացրել էր, որ դրույթների ներկայացման կարիք ունի, կառավարությունը երկամսյա ժամկետ է տվել։ Մեր նպատակն է, որ այս նախագիծը կոնսենսուսային լինի ու ընդունվի քաղհասարակության կողմից»,– եզրափակեց Սուրեն Քրմոյանը։

Քննարկման մյուս բանախոս Լիանա Դոյդոյանը նշեց, որ այստեղ ամենակարևոր խնդիրը արտադատական մարմին ունենալն է, քանի որ տարիների ընթացքում պրակտիկան ցույց է տվել, որ նույնիսկ գործող օրենքի դրույթները չեն կիրառվում:

«Մեզ համար ամենակարևորը պատասխանատվության մեխանիզմների ուժեղացումն է: Ուսումնասիրելով առաջատար երկրների փորձը, որտեղ գործում է տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտը, մենք առաջարկել ենք, որ առանձին անկախ լիազոր մարմին ունենանք, որը որոշում կայացնելու իրավունք և լիազորություն կունենա: Ոչ թե խորհրդատվական կլինի, ոչ թե եզրակացություն կանի, այլ արտադատական մարմին, որը կկարողանա որոշումներ կայացնել: Իսկ  այսօրվա այս նախագծում այդ խնդիրը չի լուծվում և խախտված իրավունքի դեպքում նորից պետք է վիճարկել  դատարանով»,-ասում է Դոյդոյանը:

Նա հավելում է, որ ՄԻՊ-ը մինչ այսօր ունի այդ լիազորությունները նման ուսումնասիրություն անելու, եզրահանգումներ կազմելու և ուղարկելու համար.«ՄԻՊ-ը այսօր էլ կարող է անել այդ ամենը»:

Աշոտ Մելիքյանն էլ նշում է, որ այն, ինչ որ այսօր օրենքի նախագծում գրվել է, առանց այդ խորհրդի ստեղծման էլ, ՄԻՊ-ի գրասենյակը կարող է իրականցնել:

«Սրա անհրաժեշտությունը ամենևին չկա: Ուրիշ հարց է, արդյոք միաժամանակ կարող ենք դիմե՞լ դատարան, թե՞ ոչ: Բացի այդ, հայտնի չէ այդ խորհուրդը ի՞նչ ժամկետով է գործելու, քանի՞ հոգի են լինելու: Բայց ի սկզբանե կարծում եմ չարժէ այս հոդվածը ուղղակի ներառել, այլ այն դատական պրակտիկան, որը ձևավորվել է վերջին 14 տարիների ընթացքում ցույց է տալիս, որ բավականին էֆֆեկտիվ է,  և օրենքը այնքան հստակ է սահմանում, որ դատարանները հիմնականում բավարարում են հայցվորների պահանջները:  Տարի է լինում, որ 80-ից ավելի դրական պատասխաններ են լինում»,-ասում է Մելիքյանը:

Լուսինե Սարգսյանն էլ անդրադառնալով քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած մտահոգություններին, ասաց, որ եթե ստեղծվի մի մոդել, որը ըստ էության կկրկնի այն բոլոր գործառույթներն ու իրավասությունները, որն ունի այսօր ՄԻՊ-ը, ապա խնդիր կառաջան Սահմանադրության հետ հակասության և նաև ՄԻՊ-ին դիմելու իրավունքի իրացման տեսանկյունից:

«Օմբուդսմենը ներկայացրել է առաջարկություն հենց հայեցակարգից սկսած, որ լիազոր մարմինը չպետք է կրկնի ՄԻՊ-ի գործառույթները, չպետք է իրականացնի նույն իրավասությունները: Անդրադառնալով նախագծում տեղ գտած կարգավորումներին՝ նշեմ, որ ՄԻՊ-ն այսօր իրականացնում է այդ գործառույթները: Մենք քննում ենք տեղեկատվության ազատության վերաբերյալ դիմում-բողոքները: 2015-ին քննել ենք 51 դիմում-բողոք, 2016-ին՝ 48 դիմում-բողոք: Մեկ այլ խնդիր է, եթե խորհուրդը կազմվի ՀԿ-ներից և մասնագիտացած փորձագետներից, կարող է աջակցել նեղ մասնագիտացված հարցերում: Խորհուրդը կարող է ցույց տալ այն աջակցությունը, որն անհրաժեշտ է ՄԻՊ-ին դիմում-բողոքները միգուցե ավելի խորությամբ քննելու համար»,-հավելում է Սարգսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ