Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները (մարտի 5-31)
04.04.2017
12:00
Ապրիլի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները (մարտի 5-31)» թեմայով:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված մշտադիտարկման ամփոփ արդյունքներն ու դրանց վերլուծությունը:

Բորիս Նավասարդյանը նախ նշեց, որ, ինչպես վկայում են միջազգային ու մասամբ նաև տեղական դիտորդական առաքելությունները, այս ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների հետ կապված  դժգոհություններն ավելի պակաս են, քան նախորդ ընտրությունների ընթացքում:

«Ես կարող եմ ասել, որ հեռարձակվող լրատվամիջոցների առումով մենք մոտավորապես նույն իրավիճակն ունեինք, ինչ 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ արդեն 5 տարի առաջ մենք ունեցել ենք դրական զարգացումներ, որոնք պայմանավորված էին և՛ օրենսդրական փոփոխություններով, և՛ այն հանգամանքով, որ ՀՌԱՀ-ը մեր երկար տևած պահանջների արդյունքում նաև սկսեց մշտադիտարկել հեռարձակվող լրատվամիջոցներին: Մինչ այդ միայն միջազգային դիտորդներն ու մեր նման կազմակերպություններն էին դա անում, որը շատ քիչ շանս ուներ իրավական հետևանքների համար»,- իր խոսքում նշեց Բորիս Նավասարդյանը:

Բանախոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, չնայած զարգացող ինտերնետի ու ինտերնետային լրատվամիջոցների առկայությանը, Հայաստանում քաղաքացիների 80 տոկոսը շարունակում է հեռուստատեսությունը դիտարկել որպես տեղեկատվության հիմնական աղբյուր:  Ուստի ոլորտի որոշակի կարգավորումն ու այդ կարգավորման վերաբերյալ ուսումնասիրություններն անհրաժեշտ են: 

Հեռուստատեսության կարևորության փաստն ընդգծելու համար Բորիս Նավասարդյանը բերեց ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ընթացքին վերաբերող ուշագրավ օրինակներ.

«Լևոն Տեր-Պետրոսյանը ո՛չ նախագահ լինելու ժամանակ, ո՛չ էլ քաղաքականությունից հեռանալուց հետո, ո՛չ էլ ընդդիմություն լինելու ընթացքում երբևէ հեռուստաընկերությունների տաղավարում հարցազրույց չի տվել: Այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ մենք փաստորեն տեսանք, որ նույն Տեր-Պետրոսյանը մեծ նշանակություն տվեց հեռուստատեսությանը և որոշեց երկու տաղավարային հարցազրույցի մասնակցել: Նույնը կարելի է ասել Գագիկ Ծառուկյանի համար, որը այս անգամ կրկին տաղավարային հարցազրույց տվեց»:

Հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման ընթացքը մեկնաբանելիս բանախոսը շեշտեց քաղաքական ուժերի միջև դեբատների բացակայության հանգամանքը և նշեց, որ այս ուղղությամբ օրենսդրական կարգավորումներ են պետք, նույնիսկ կարող են օրենքով ամրագրել դեբատներին մասնակցելու անհրաժեշտությունը:

«Այն պետության համար, որը հավակնություններ ունի զարգանալ որպես ժողովրդավարական երկիր, բանավեճերի բացակայությունը դառնում է նյարդայնացնող: Խոսքը բոլոր դաշինքների առաջին համարների կամ վարչապետների թեկնածուների մակարդակով բանավեճերի մասին է: Կարծում եմ՝ եթե դա չի կայանում կամավոր եղանակով, պետք է գոնե մեկ դեբատի մասնակցությունը օրենքով սահմանել և ամրագրել այդ ավանդույթը»,- ասում է Նավասարդյանը:

ԵՄԱ-ի ղեկավարը նշեց, որ եթերի ժամանակի առումով հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել, սակայն պետք է հաշվի առնել ոչ միայն թվային տվյալները, այլ նաև բովանդակային մասը: Նրա խոսքով՝ բովանդակային մասի հետ կապված որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կան:

«Նշանային բնութագրիչների քանակով, այսինքն՝ պոզիտիվ ու նեգատիվ լուսաբանելու առումով, ամենաշատ լուսաբանված կուսակցությունների մասով մենք ունենք միանգամայն տարբեր պատկեր: ՀՀԿ՝ 26 դրական, 47 բացասական, Ծառուկյան դաշինք՝ 36 դրական, 6 բացասական, 0 դրական, 12 բացասական՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինք, 16 դրական, 3 բացասական՝ ՀՅԴ:  Սա նշանակում է, որ եթերային ժամանակը կուսակցությունների ու դաշինքների համար կարող էր և՛  նպաստավոր, և՛ աննպաստ լինել՝ կախված նրանից՝ ինչպիսի՞ համատեքստում էին իրենք ներկայացվում»,- ասաց Նավասարդյանը:

Վերջինս նաև հավելեց, որ իրենք բավականին տագնապալի վիճակագրություն են արձանագրել քարոզարշավի լուսաբանման բովանդակային մասի հետ կապված:

«Մենք համեմատեցինք այս ընտրությունների մշտադիտարկման արդյունքները 2012 և 2013 թվականների համապետական ընտրությունների նշանային բնութագրիչներով լուսաբանման  տոկոսների համատեքստում: Եթե լուսաբանման ընդհանուր ծավալի մեջ 2012 թ. այդ տոկոսը կազմել էր 3,5 %, 2013 թ. էլ ավելի ցածր թիվ էր արձանագրվել՝ 2,2 %, այսինքն՝ ընդհանուր քարոզչության լուսաբանումը եթերում չեզոք էր, ապա այս անգամ այդ տոկոսը բարձրացել է՝ հասնելով 6,5-ի: Այսպիսի տոկոս մենք վաղուց չենք ունեցել, այդպիսի թվեր մենք ունեցել ենք 2007 թ., 2008 թ. համապետական ընտրությունների ժամանակ: Վիճակագրական այս տվյալը որոշ անհանգստություն է պատճառում, քանի որ եթե մենք համեմատում ենք այլ երկրներում համապատասխան ուսումնասիրությունների հետ, ապա նորմալ համարվում է մինչև 5%-ը: Եթե 5-ից անցնում է, դա նշանակում է, որ պայքարն ավելի նյարդային է, և դա արտացոլվում է եթերում»,- նշեց Նավասարդյանը:

Երևանի Մամուլի ակումբի ղեկավարը մտահոգիչ համարեց այն պրակտիկան, որ միևնույն նկարահանումն օգտագործել են տարբեր հեռուստաալիքներ: Բանախոսն այդ հանգամանքը բացատրեց նաև ռեսուրսների անբավարարությունով: Հեռուստաընկերությունները փոխանակել են նկարահանած տեսանյութերը՝ առանց նշելու, թե որ հեռուստաալիքի տեսանյութն են օգտագործում:

Մամլո ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին
20.04.2017
12:00
Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով:
Թուրքիան հանրաքվեից հետո. Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով». փորձագետներ
18.04.2017
13:00
Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում:
«2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» Զեկույցի ամփոփ արդյունքների ներկայացում
14.04.2017
12:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» թեմայով:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
14.04.2017
11:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ:
Իրավապաշտպաններ. Տնօրենների հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի ահաբեկելու նպատակ ունի
12.04.2017
13:00
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հարցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: