«Մարդու իրավունքների հիմնահարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում»
16.03.2017
19:30
Մարտի 16-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Մարդու իրավունքների հիմնահարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին Արտակ Զեյնալյանը (ԵԼՔ դաշինք), Արամ Մանուկյանը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք), Անահիտ Բախշյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն), Բագրատ Եսայանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն) և Տիգրան Սարգսյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն):

«Այսօրվա վիճակով մարդիկ ինչպես են ընկալում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, յուրաքանչյուրը թող ինքը մտածի՝ ինչպիսին է այսօր այդ վիճակը: Արդյո՞ք ՀՀ-ն կատարում է իր վրա դրված պարտականությունը, եթե ոչ, ապա դրա համար պատասխանատու է  ՀՀ կառավարությունը, օրենսդիր մարմինը և այս ընտրություններում նրանք պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա՝ որրպեսզի կարողանան ապահովել մարդու իրավունքները այնպես, ինչպես ուզում է ժողովուրդը, ապա պետք է կարողանան ապահովել  մարդկանց, քաղաքացիների ընտրական իրավունքը:

«Դրանից է  սկսվում մնացած ամեն ինչ:  Եթե այլ իրավունքների ապահովման, պաշտպանության համար անհրաժետ  են որոշակի գործողություններ, ընթացակարգեր, օրենքների ընդունում, ապա ընտրական իրավունքի համար հենց մեզնից է պահանջվում անել ուղղակիորեն գործողություններ: Այսինքն մենք իշխանության գալու ենք քվեարկությամբ, ընտրություններով և ընտրություններով հեռանալու ենք իշխանությունից: Սա հենց այն է,  ինչ որ մենք ապահովելու ենք ընտրական իրավունքի մասով»,-ասաց Զեյնալյանը:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով քաղաքական բանտարկյալների խնդրին, նշեց, որ ՀԱԿ-ը այդ առումով ամենաշատ տուժած քաղաքական ուժն է:

«Ամենաշատ քաղբանտարկյալները մենք ենք ունեցել, և ըստ այդմ էլ, մեր ծրագրի մեջ շատ հստակ կետ է՝ ազատել բոլոր այն մարդկանց, որոք համատասխանում  են ԵԽԽՎ-ի 1900-րդ բանաձով  սահմանված չափանիշներին: Իսկ մենք այսօր ունենք այդ չափանիշներին համապատասխանող ազատազրկվածներ և բոլոր քաղաքական ուժերը պետք է այս խնդրին հետամուտ լինեն»,-ասում է Մանուկյանը:

Նա նշում է, որ բոլոր քաղաքական ուժերը ոչ միայն նախընտրական պայքարի ժամանակ, այլ ընդհանրապես  իրենց ամբողջ էներգիան պետք է ներդնեն մարդու սահմանադրականությունը պաշտպանելուն,  իր երկրում մարդու ազատ գործելու իրավունքը  ներդնելուն, որից հետո նոր կարելի է խոսել ժողովրդավար երկրի մասին:

«Ընդհանուր առմամբ մարդու իրավունքների առումով Հայաստանը շատ տխուր վիճակում է, շատ տխուր»,-ասում է Մանուկյանը:

ԲագրատԵսայանը կարծիք հայտնեց, որ քաղաքական հայացքներ ունենալը և բանտարկված լինելը անմիջական իրար հետ կապելը թյուրիմացության մեջ կարող է դնել բոլորին:

«Քաղբանտարկյալներ, քաղաքական հոդվածով բանտարկված մարդիկ Հայաստնում չկան, որովհետև քաղաքական հոդվածներ չկան: Հիշեցնեմ, որ  երևի ամենաժողովրդավարական սահմանադրությունը ստալինյան Սահմանադրությունն էր, ԽՍՀՄ Սահմանադրությունն էր, բայց այն ժամանակ կային քաղբանտարկյալներ: Որպեսզի քաղբանտարկյալ գնահատականը տրվի, դու պետք է խորանաս գաղափարախոսության մեջ: Մենք այստեղ դնում ենք մարդու հիմնական իրավունքները, մարդը ունի հանգստի, կրթության, առողջության իրավունք և այն լիբերալ գաղափարախոսությունը,  որ վերջին 26 տարում եղել է Հայաստանում, մենք մտադիր ենք փոխել և հանդես ենք գալիս մեր հիմնական սկզբունքից՝ ելնելով, որը ընկերվարական, սոցիալիստական գաղափարախոսությունն է»,-ասում է Եսայանը:

Անահիտ Բախշյանն ասում է, որ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրում ներառված է թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը, թե մարտի 1-ի սպանությունների բացահայտումը:

«Մեր ծրագրում ներառել ենք ու շատ կարևոր կետեր ունենք նաև այն մասին, որ պետք է ուժեղացնել Հայաստանում մարդու իրավուքնների պաշտպանի ինստիտուտը և եվրոպական դատարան դիմելու ինստիտուտը: Պիտի բոլոր այն որոշումները, որոնք այս կամ այն դատավորների սխալականության հետևանքով են ու եվրոպական դատարանի կողմից կառավարությանը ստիպում են գումար վճարել, այդ բոլոր գումարները պետք է սխալը գործած դատավորների գրպանից գանձվի»,-ասում է Բախշյանը:

Տիգրան Սարգսյանն էլ կարծիք հայտեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսում է օրենսդրությունից:

«Մարդու իրավունքների հռչակումը բավարար չէ, անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, որպեսզի մարդը կարողանա հասկանալ խաղի կանոնները: Հայաստանում իհարկե կան քաղբանտարկյալներ, ես կտամ Շանթ Հարությունյանի անունը, որովհետև ինքը ընդամենը բողոքի ակցիա էր անում, ինքը գործողություն էր բեմականացնում և հասարակական հնչեղություն էր ուզում տալ իր պահանջներին, և ես այնտեղ որևէ հանցավոր բան չտեսա»,-ասում է Սարգսյանը:

Նա ասում է, որ մարդու իրավունքները պաշտպանելու համար շատերին թվում է, թե պետք է ունենալ ուժեղ իրավապահ մարմիններ, դատական համակարգ, բայց Սարգսյանի համոզմամբ պետք է ունենալ լավ խորհրդարան:

«ՀՀ-ն ցավոք խորհրդարան չունի, որովհետև բոլոր օրենսդրական նախաձեռնությունները կառավարությունն է բերում, իսկ խորհրդարանի թիվ մեկ խնդիրը օրենսդիր աշխատանք կատարելն է: Լավ գրված օրենքը շատ հազվադեպ կարող է ոտնահարվել, եթե լավ գրված օրենքի հետևում կանգնած է  լավ քաղաքացի, այդ օրենքը հնարավոր չէ ոտնահարել: Այսօր Ընտրական օրենսգիրքը այնպես  է գրված, որ անգամ մասնագետները չեն հասկանում և նման պայմաններում ինչպես կարող է ընտրողը իր ընտրական իրավունքը պաշտպանել, եթե ինքը օրենսդրությունը չի կարողանում հասկանալ: Որովհետև օրենսդիր մարմինը չի կարողանում լավ ձևակերպել իր պահանջները»,-ասում է Սարգսյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին
20.04.2017
12:00
Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով:
Թուրքիան հանրաքվեից հետո. Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով». փորձագետներ
18.04.2017
13:00
Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում:
«2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» Զեկույցի ամփոփ արդյունքների ներկայացում
14.04.2017
12:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» թեմայով:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
14.04.2017
11:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ:
Իրավապաշտպաններ. Տնօրենների հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի ահաբեկելու նպատակ ունի
12.04.2017
13:00
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հարցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: