Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Շիրակի մարզում
13.03.2017
14:00
Խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները տարբեր մոտեցումներ են առաջարկում Հայաստանում ծառացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման համար:

Նրանք տարբեր խոստումներ են տալիս, սակայն գրեթե բոլոր ուժերի ծրագրերում երկրում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերված է ընդհանրական մոտեցում: Մարզերի խնդիրների լուծման համար տարբերակված մոտեցումներ գրեթե չեն առաջարկում, կամ խոսում են կրկին շատ ընդհանրական ձևակերպումներով:

Նպատակ հետապնդելով հասկանալ ընտրապայքարին մասնակից քաղաքական միավորների ծրագրային մոտեցումները Հայաստանի ընդհանուր առմամբ, եւ մարզերի մասնավորապես խնդիրների լուծման վերաբերյալ, «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների Ասապրեզ ակումբի գրասենյակում մարտի 13-ին անցկացրեց քննարկում «Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Շիրակի մարզում. նախընտրական պայքար» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Վարդևան Գրիգորյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Աշոտ Կուրղինյանը, «ԵԼՔ» դաշինք ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Սոֆյա Հովսեփյանը, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Հովհաննես Ասոյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, վարկանիշային թեկնածու Արթուր Պողոսյանը և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Ժաննա Ժամկոչյանը:

Շիրակի մարզը Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ իրավական խնդիրների խճանակարի կարելի է ասել ամենախտացված արտահայտությունն է: Տրածաշրջանը դեռ չի հաղթահարել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքները, հազարավոր ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում, իսկ մարզկենտրոն Գյումրիում գրեթե ամեն քայլափոխին կարելի է նկատել երկրաշարժից մնացած շենքերի փլատակները: 29 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի վերքը դեռ «արնահոսում է»: Սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված միգրացիայի եւ աղքատության մակարդակը Հայաստանի մաշտաբով այս մարզում ամենաբարձրներից է:

Միեւնույն ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները վստահ են, որ մարզի բնակիչների հոգսերն ու հարցերը պետք է դիտարկել Հայաստանի խնդիրների ընդհանուր համայնապատկերում և սխալ կլինի դրանք առանձնացնել, եւ տարբերակված լուծման «դեղատոմսեր» առաջարկել:

«Մենք գտնում ենք, որ Շիրակի մարզն իր խնդիրներով հնարավոր չէ առանձնացնել ու առանձին ինչ-որ ծրագրեր առաջարկել: Շիրակի մարզի խնդիրները կլուծվեն, երբ Հայաստանի տնտեսությունը զարգանա, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգանան, որի կոնտեքստում արդեն կարելի է առանձնացնել Շիրակի մարզը, թե մարզում ինչ կարելի է անել: Որպես այդպիսին` Շիրակի մարզի համար առանձին ծրագիր, որ առաջ է քաշում մարզի խնդիրները, չունենք», - ասաց «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Հովհաննես Ասոյանը: Իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու իրավաքաղաքական խնդիրների լուծման համար, նշում է Ասոյանը, ՕՐՕ դաշինքն առաջարկում է երկրի քաղաքական եւ տնտեսական ժողովարդավարացում: «Քանի դեռ երկրում իշխում է քաղաքական մենաշնորհը, որն իր հետ հանգեցնում է տնտեսական մենաշնորհի, ապա ոչինչի չի փոխվելու», - ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մոտեցումը եւս ընդհանրական է: «Անհրաժեշտ է նախ երկիրը դուրս բերել այս ծանր տնտեսական կացությունից: Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ առանց արմատական փոփոխությունների ոչ մի առանձին հարց չի կարող արդյունավետ լուծվել: Մենք այժմ փակ շղթայում ենք՝ աղքատություն եւ ընտրակաշառք: Ուշադիր կարդալիս կտեսնեք, որ բոլոր այն պրոբլեմները, որոնք նշված են ծրագրում, վերաբերում են և ՀՀ բոլոր մարզերին, ինչպես նաև Շիրակի մարզին», - ընդգծեց Արթուր Պողոսյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության ծրագրում առաջարկված է ցածր տոկոսադրույքներով վարկեր գյուղացիական տնտեսություններին:

Թե ինչպես են պատրաստվում «Ազատ դեմոկրատներ» ՀՀ տնտեսության ռիսկայնության այս մակարդակի պայմաններում բանկերին համոզելու կամ ստիպելու ցածր տոկոսադրույքով վարկեր տալ, Պողոսյանը պատասխանեց. «Ի՞նչ համոզել, դա պետք է կարգավորվի օրենքով եւ դառնա օրենքի պահանջ»:   

Շիրակի մարզը ոչ մի խնդրից զերծ չի մնացել, ամենաշատ գործազրկությունն ու արտագաղթը հենց Շիրակի մարզում են, իր խոսքում նշեց «Ելք» դաշինքից վարկանիշային թեկնածու Սոֆյա Հովսեփյանը: «Այս բոլոր խնդիրները ներառված են մեր ծրագրում: «Ելք» դաշինքի ծրագիրը բացառապես հենված է հենց Շիրակի մարզի խնդիրների վրա, ոչ մի խնդիր անմասն չի մնացել: Մենք իշխանության գալու պարագայում ներդրումներ ենք ներգավելու Շիրակի մարզ եւ ՀՀ մարզեր ընդհանրապես: Այստեղ պետք է ստեղծվեն ամենահարմար պայմանները նրդրումների իրականացման համար՝ լինի հարկային արտոնություններ եւ լոգիստիկ նոր հնարավորություններ», - ասաց Հովսեփյանը:

Կոնկրետ Շիրակի մարզի համար ծրագիր չունի նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Այն եւս խնդիրները դիտում է ընդհանուր համայնապատկերում: Միեւնույն ժամանակ ՀՅԴ-ը ունի երեք առաջնահերթություններ: «Առաջինը ծրագրով մենք ուզում ենք զարգացող Հայաստան ապահովել, երկրորդը` Արցախն է, որ մեր հիմնական ուշադրության կենտրոնում պետք է լինի, և, բնականաբար, արտաքին քաղաքականությունը», - ասաց ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Կյուրեղյանը՝ միեւնույն ժամանակ խնդիր համարելով այն հանգամանքը, որ սոցիալական ծանր պայմաններից դրդված մարդիկ հետքրքված չեն կուսակցությունների ծրագրերով եւ հատկապես մարզերում շատերն առաջնորդվում են այլ խթաններով: «Մարդիկ օրը ցերեկով հայտարարում են, որ ով փող տա, նրան էլ կընտրեն: Սա ուղղակի սարսափելի բան է», - ասաց նա:

«Ծառուկյան դաշինքի» 15 կետից բաղկացած ծրագիրն էլ առաջարկում է տնտեսական աճ ամբողջ երկրում: Այն բազմաթիվ քննարդատությունների թիրախ է դարձել: Որոշ մասնագետներ եւ քաղաքական գործիչներ դաշինքի ծրագիրը համարում են պոպուլիստական եւ իրականությունից կտրված: Միեւնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կտրականապես համամիտ չեն այդ գնահատականների հետ: «Ծառուկյան դաշինքի»  վարկանիշային թեկնածու Վարդևան Գրիգորյանը նշեց, որ իրենց ծրագրում կան այն 15 առաջնային քայլերը, որ կուսակցությունը մշակել և ներկայացրել է հասարակությանը: «Առաջարկում ենք կենսաթոշակը բարձրացնել 25 հազար դրամով, նույնչափ բարձրացնել աշխատավարձը, և այլ տնտեսական կետեր», - ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ Շիրակի մարզին, դաշինքը խոստանում է զարկ տալ բնակարանաշինությանը, որպեսզի տնակներում ապրողներն ապահովվեն բնակարաններով:

Հայ ազգային կոնգրես կուսակցությունից ռեյտինգային թեկնածու Ժաննա Ժամկոչյանն էլ ընդգծեց, որ հնարավոր չէ որևէ հույս ունենալ պատերազմող երկրում: «Հայաստանը պատերազմող երկիր է, ունենք Ղարաբաղի չլուծված բարդ հարց, և վերջը պետք է այս հարցին շատ լուրջ մոտենալ, քանի որ շատ զոհեր ունենք, տնտեսական անկում, ժողովրդի վիճակը ծանր է, ոչ մի հույս պատերազմող երկրում հնարավոր չէ ունենալ: Մենք առաջարկում ենք խաղաղության ծրագիր, այն է՝ ԼՂ հակամարտության կարգավորում, որից հետո միայն կարող է շունչ քաշել Հայաստանի տնտեսությունը», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ