Այս խոստումները ներառված են ընտրություններին մասնակից ինը քաղաքական ուժերի ընտրական ծրագրերում, եւ ընտրողների վստահությունը ստանալու ու իշխանության ղեկը ստանձնելու պարագայում նրանք խոստանում են կարճ ժամանակահատվածում իրողություն դարձնել այդ դրույթները:
««Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է քաղաքացիներին 15 կետերից բաղկացած գործողությունների հստակ պլան: Դրանք շատ իրատեսական են, եթե բարձրացվի Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետությունը, հարկվի ստվերային տնտեսությունը, բարձրացվի արտադրողականությունը: Անգամ ստվերային տնտեսության մի փոքր հատվածի կրճատման դեպքում «Ծառուկյան» դաշինքի 15 դրույթները շռնդալի կերպով կիրականացվեն», - հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ում ներկայացրած քաղաքական բոլկի առաջնորդը Հայաստանի ամենահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկն է:
Թեպետ դաշինքի 15 կետերից բաղկացած նախընտրական պլատֆորմում սահմանված են կոնկրետ ժամանակահատվածում աշխատավարձերի բարձրացման հստակ նշաձողեր, սակայն Բոստանջյանը, չի կարծում, որ ընտրական ծրագրի իրականացման համար ժամանակահատված նշելը ճիշտ է: «Սա տնտեսություն է եւ կառավարման համակարգ, որը շատ բարդ մեխանիզմներ ունի: Երբ մտնում ես դրա մեջ, պետք է գործողություններ կատարել, սպասել արդյունքների եւ այլն: Ուստի ով իր ծրագրի համար կոնկրետ ժամանակ է նշում, նա կարող եմ ասել, որ այն չի իրականացնելու», - ասաց Բոստանջյանը: Հարցին` թե այդ դեպքում դաշինքն ինչպե՞ս է նախատեսում 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ, որը ներառված է վերջինիս 15 կետերում, Բոստանջյանը նշեց. «Հնարավոր է, եւ չհասցնի»:
«Մեդիա կենտրոնում» մարտի 9-ին Վարդան Բոստանջյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, «ԵԼՔ» դաշինք Գևորգ Գորգիսյանի, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինք Անդրանիկ Գրիգորյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն Սուրեն Պարսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն Նարեկ Այվազյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին» թեմայով քննարկում: Քնարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ նաեւ իշխող ՀՀԿ եւ ընդդիմադիր ՀԱԿ կուսակցություններից, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով չմասնակցեցին միջոցառմանը: ՀՀԿ-ից «Մեդիա կենտրոնին» ընդհանրապես պաշտոնապես հայտնել են, որ նախընտրական փուլում չեն մասնակցելու որեւէ քննարկման:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ իշախանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ը շարունակում է դեմ լինել պարտադիր կենսաթոշակային համակարգին: «Մենք դեմ ենք պարտադիր կենսաթոշակային համակարգին և ունենք մշակված ավելի արդյունավետ կենսաթոշակային համակարգ», - չնեկայացնելով մանրամասները՝ հայտարարեց Պարսյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ը մասնակցում է ընտրություններին, որպեսզի կյանքի կոչի նաեւ այս պահին կառավարության օրակարգում գտնվող մի շարք ծրագրեր: «Մենք արդեն սահմանել ենք մի քանի մլրդ դոլարի հասնող ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնք պետք է կյանքի կոչվեն», - ասաց բանախոսը:
Ընդդիմադիր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շեշտը դնում է երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման գործընթացքի վերափոխման վրա: «Անհրաժեշտ է վերացնել 30 տոկոս կանխավճարը, ինչպես նաեւ նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները, որոնք տարածաշրջանի մակարդակով ամենաբարձրերից են», - Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ըստ իրենց ծրագրի՝ ընթացիկ խնդիրները լուծվելու են 1 տարում, միջինաժամկետ խնդիրները՝ 3-5 տարում, իսկ մեծ գլոբալ խնդիրների համար անհրաժեշտ են 10 և ավելի տարիներ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդհանրապես առաջարկում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու սկսել բանակցել Եվրամիության հետ անդամակցության հարցով: «Մենք գտնվում են մի կոռումպացված համակարգում, որից դուրս գալու պարագայում կարող ենք զարգացնել տնտեսություն, սկսել բանակցել եվրամիության հետ անդամակցության ուղղությամբ եւ ներդրումներ ներգրավվել այնտեղից», - կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժը նախատեսում է նաեւ ՏՏ ոլորտի պետական ֆինանսավորում, ինչպես ՀՀ-ում և Արցախում հիմնելու է 20-ից ավել իննովացիոն կենտրոններ:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը շեշտը դնում է սփյուռքի հետ հարաբերությունների խորացման եւ արտասահմանյան ներդրումների ներգրավման վրա: Բացի այդ տնտեսության ոլորտում կառավարման արդյունավետությունն է ցանկանում բարձրացնել: «Մեր ծրագրային կետերից մեկն է նաեւ, որ մեծ սուպերմարկետները չաշխատեն ժամը 21:00-ից հետո, որպեսզի հնարավորություն տան փոքր խանութներին աշխատել», - ասաց դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը:
Հանքարդյունաբերության վրա վերասհկողության սաստկացման տեսանկյունից լուրջ շեշտադրում է խոստանում իրականացնել «ԵԼՔ» դաշինքը: «Մենք պլանավորում ենք հանքարդյունաբերության վրա լուրջ շեշտադրում անել վերահսկողության տեսանկյունից, համաչափ զարգացման համար կգոտիավորվի երկիրը և մարզերի համար կսահմանվի առանձին ԱԱՀ», - ընդգծեց դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: