«Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին»
09.02.2017
13:00
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար Ադրբեջանի պահանջով 2016թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալված Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը փետրվարի 8-ին արտահանձնվեց Ադրբեջան:

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (պետության դեմ ուղղված կոչերի) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար) հոդվածներով:

Մեդիա կենտրոնում փետրվարի 9-ին տեղի ունեցավ քննարկում «Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, ովքեր ներկայացրեցին իրենց տեսակետները, թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ «Լապշինի գործը» եւ ինչպիսի դասեր է պետք քաղել:

Բանախոսները միանշանակ համակարծիք էին, որ թեւ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, սակայն միջադեպը շոշափում է Հայաստանի ու ԼՂՀ շահերը:  Ուստի Հայաստանն այս գործում դիտորդի դերակատարություն չպետք է որդեգրի, այլ պետք է ակտիվ դերակատարություն ունենա հնարավոր բացասական քաղաքական հետեւանքները մեղմելու եւ ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:

«Ցանկացած երեւույթ, որը վերաբերվում է եւ որի կոնտեքստի մեջ կա  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չի կարող մեզ չհետաքրքրել», -նշեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա զուգահեռներ անցկացրեց Լապշինի եւ տարիներ առաջ Ռամիլ Սաֆարովի (ադրբեջանական բանակի սպա, ով Հունգարիայում պատիժ էր կրում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար) Ադրբեջան արտահանձնման դեպքերի միջեւ:

«Դասերը հիմա չէ, որ պետք է քաղվի, դասերը պետք է քաղվեր Սաֆարովից հետո, ու այսպիսի սցենարը պետք է ծրագրավորվեին, պետք է նախապատրաստված լինեինք,- նշեց պատգամավորը՝ հավելով,- սա պետության վատ աշխատանքի արդյունք է»,-ընդգծեց Պողոսյանը: 

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լապշինի արտահանձնումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա հարցին ի պատասխան՝լրագրող Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ոչ մի ազդեցություն էլ չի ունենալու՝ ավելացնելով, որ չնայած մենք Լապշինի գործում տանուլ տվեցինք, սակայն չի համարում, որ դա մեծ պարտություն է, այլ հերթական բացթողումն էր, որը կարող է շարունակվել:

Լրագրողը «Լապշինի գործը» համարեց հերթական լակմուսի թուղթը, որը երեւան բերեց  Հայաստանի իշխանությունների վարած արտաքին ու ինտեգրացիոն քաղաքականության սնանկությունը:

«Մենք անհասկանալի միավորումների մեջ ենք, որտեղ մեր դաշնակիցները աշխատում են մեր դեմ, ինձ ավելի շատ մտահոգում է, որ նույն ՀԱՊԿ-ի անդամ առնվազն երկու երկիր՝ Ռուսատանն ու Բելառուսը, զենք է վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը պաշտպանում է Ադրբեջանին ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում…», -նշեց լրագրողը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, «Լապշինի գործի» ձախողման մեջ մեղադրելով  ՀՀ բարձրագույն իշխանություններին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  Ադրբեջանը միշտ էլ աշխատել է ցավոտ հարվածներ հասցնել Արցախի տնտեսությանը, ու «Լապշինի գործը» կարելի է դիտարկել նաեւ այդ համատեքստում:

«Մի բան հստակ է՝ Ադրբեջանը հստակորեն աշխատում է Արցախի տնտեսության ամենակարեւոր ճյուղերը թուլացնելու ուղղությամբ, այն ճյուղերը, որոնք ապահովում են սեփական եկամուտների մի մասը: 2016թ. ապրիլյան էսկալացիայի հիմնական ուղղությունը  այն շրջաններն էին, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունն ու հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչեւ այդ փորձում էին գյուղատնտեսական աշխատանքներին խանգարել: Իսկ այժմ զբոսաշրջության գործն է թիրախ ընտրվել,  եւ «Լապշինի գործը» հենց այս համատեքստում է: Տարեկան Արցախ այցելում են մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, այս թիվը անկում է ապրել 2014թ. օգոստոսյան դեպքերից հետո, անկում է ապրել 2016թ. «ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո»,-ասաց Խանումյանը:

Ւսկ թե «Լապշինի գործը» ինչպես կանդրադառնա դեպի Արցախ զբոսաշրջային հոսքերի վրա, ԼՂ պատգամավորը դժվարացավ ասել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է հայկական կողմի պատասխան գործողություններից: 

Ժողովրդավարությունը որպես ռեսուրս:

Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները շեշտեցին, որ Հայաստանի համար «Լապշինի գործի» նման ու առհասարակ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու ազդեցիկ ռեսուրս կարող է դառնալ երկրի ներսում ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը: Այն հնարավորություն կընձեռնի նաեւ միջազգային հանրության աջակցության շնորհիվ դիմագրավելու վտանգներին, հատկապես այն դեպքերում, երբ դրանք գալիս են Բելառուսի ու Ադրբեջանի նման բռնապետական վարչակարգերից:

«Ես միշտ համարել եմ, որ Հայաստանը պետք է մաքրել ներսից, գործընթացը սկսել ներսից: Քանի դեռ Հայաստանի ներսը մաքուր չէ, քանի դեռ այս իշխանություններն են, որեւէ բան չի փոխվելու: Նույնը կարող եմ ասել ԼՂՀ-ի մասին»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

Իր հերթին Թեւան Պողոսյանը գտնում է, որ բռնապետական ռեժիմների դեմ կարեւոր զենք է ժողովրդավարության աստիճանի բարձրացումը:

«Դու ինքդ պետք է այնքան անբիծ լինես, որ օրինակ նույն օրը փորձես գնաս հայտ ներկայացնես մարդու իրավունքների իրավիճակը Բելառուսում ռեզալուցիա ընդունելու համար, մարդիկ շուռ չգան ասեն՝ մի հատ ձեզ կնայեք՝ ձեր մոտ ինչ վիճակ է, մամուլի ազատության մասին չասեն՝ իսկ ձեզ մոտ տեսե՞լ եք, թե ինչպիսին է…»,- հավելեց Պողոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ