Այս մասին հունվարի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին և«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը:
Նրանք ներկայացրեցին 2016-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացված «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքի ոտնահարման դրսևորումները Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալները և ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ էլեկտրոնային մամուլում խտրականության, ատելության խոսքի և բռնության կոչերի վերաբերյալ զեկույցը:
Նարե Հովհաննիսյանը նշում է, որ հետազոտության խնդիրները և նպատակները նույնն են, ինչ իրենց կազմակերպության նպատակները. հասնել խոցելի խմբերի, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հավասարությանը և վերջիններիս նկատմամբ խտրականության կանխարգելմանը:
«Մենք իրականացնում ենք նաև իրազեկվածության բարձրացմանը ուղղված դասընթացներ, տրամադրում ենք մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավաբանական խորհրդատվություն և իրականացնում նմանատիպ հետազոտություններ: Այս հետազոտությունը ծրագրով արված երկրորդ հետազոտությունն է, որը իրականացվել է ՀՀ 10 մարզերում և Երևանում»,-ասաց Հովհաննիսյանը:
Իսկ առաջին զեկույցը վերաբերում էր ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության խոսքերին և խտրականության դրսևորմանը առցանց տիրույթում:
«Կատարել ենք 2016-ի էլեկտրոնային մամուլում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության կոչերի և բռնության, խտրականության վերաբերյալ զեկույց: Սակայն այս զեկույցը ավելի շատ հարցին անդրադառնում է պաշտպանական մեխանիզմների բացակայության տեսակետից»,-ասաց Հովհաննիսյանը:
Նանե Բագրատունին՝ ներկայացնելով «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքի ոտնահարման դրսևորումները Հայաստանում» որակական սոցիոլոգիական հետազոտության տվյալները, ընդգծեց, որ այն իրականացվել է մի քանի ֆոկուս խմբերում. ԼԳԲՏ անձինք, ընտանիքներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերկպություններ, ԶԼՄ-ներ, պետական կառույցների աշխատակիցներ, մարզային ՏԻՄ-եր, ինչպես նաև հանրային ակտիվություն ցուցաբերող ակտիվ անձանց շրջանակներ և ուժային կառույցներ:
«Յուրաքանչյուր երկրում ԼԳԲՏ համայնքը տվյալ երկրի հասարակության անքակտելի մասն է` տվյալ հասրակությանը բնորոշ կարծատիպերով ու հիմնախնդիրներով: Այն ինչ այսօր ես կներկայացնեմ, դա հասարակության խնդիրն է: Բոլոր քննարկումները` սկսած հեռուստաեթերներից մինչև անձնական զրույցներ, իջնում է անձնական վիրավորանքի սեփական շահի բախման և շատ հաճախ հիմնախնդիրները չեն լուսաբանվում»,-նշեց Բագրատունին:
Ըստ հետազտության արդյունքների՝ ուժային կառույցներում արձանագրվել է բռնության մի քանի տեսակ. ֆիզիկական, սեռական, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորում, հոգեբանական ճնշումներ և անարդարացի վերաբերմունք:
«Ուժային կառույցներում բոլոր դրսևորումները միաժամանակ են: Օրինակ՝ բանակում, երբ հայտնի է դառնում, որ անձը նույնասեռական է, հոգեբանական ճնշումներն են առաջին հերթին սկսում: Նա առանձնանում է, նրա ափսեից, գդալից չեն օգտվում, նրան մեկուսացնում են: Այն անձինք, ովքեր մասնակցել են հարցմանը, պատմել են, որ հաճախ գենդերային կարծատիպի հիման վրա, երիտասարդին ենթարկում են սեռական բռնության, վստահ լինելով, որ նա նույնասեռական է նրան նուրբ շարժուձևից, իսկ նույն պահին նույնասեռական կողմնորոշում ունեցող տղան ծառայում է բանակում՝ թաքցնելով իր սեռականությունը և չենթարկվելով բռնություների: Այսինքն այստեղ խնդիրը շատ խորը ու բազասեկտոր է բոլոր առումներով: Այստեղ շատ հաճախ հանդիպում ենք ինֆորմացվածության պակասին: Երիտասարդները, մարդիկ, որոնք ենթարկվել են սեռական բռնության, փոխանակ բարձրայնեն սեռական բռնության մասին, իրենց թվում է, թե վերջ, իրենք նույնասեռական են դարձել»,-նշեց Բագրատունին:
Անդրադառանլով մեդիա դաշտին՝ նա ընդգծում է, որ այստեղ արձանագրվել են միայն անհանդուրժողականության, ատելության խոսքի և հոգեբանական ճնշման դեպքեր, որը կազմում է 90 տոկոս:
«Սա ԶԼՄ-ներն են և սոցիալական ցանցերը ներառյալ: Ցավոք սրտի ատելության բուռն դրսևորումներ կան հայհոյանքներով, հոգեբանկան ճնշումներով, շանտաժով և այլն: Լրագրական առումով լուրջ բացթողում ունենք, որ լրագրական նյութերի մի զգալի մասը չեն պարունակում ինֆորմացիա, հանդուրժողականություն կամ անհանդուրժողականության մասին որևէ փաստ: Այսինքն հիմնախնդիրը չի բարձրացվում, փոխարենը մերկապարանոց ատելություն և բռնություն են քարոզում»,-ասաց Բագրատունին:
Ըստ հետազոտության արդյունքների՝ ուժային կառույցներից հետո բռնությունների ամենամեծ թիվը ընտանիքներում է տեղի ունենում: Այսինքն, երբ բացահայտվում է, որ տղան, եղբայրը կամ ընտանիքի անդամներից մեկը նույնասեռական է, ֆիզիկական բռնություն է տեղի ունենում:
«Ծեծ, ջարդ ու հիմնականում արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Հաճախ նրանք ստիպված են լքում տները, զրկվում են շփվելու կարողություններից ծնողների հետ և հոգեբանական շատ լուրջ խնդիրների են բախվում: Հատկապես այս խնդիրը արտագաղթին է նպաստում»,-նշում է Բագրատունին:
Պետական կառույցներում բռնությունները քիչ տոկոս են կազմում: Այստեղ հիմնականում տրանսսեքսուալ անձինք են որևէ ֆիզիկական բռնության ենթարկվել, ըստ հետազտության արդյունքների, երբ դիմել էին պետական կառույցներին որևէ փաստաթղթային կամ իրավական հարցով: Բռնության ենթարկողները հիմնականում եղել են պետական կառույցների, մարզային ՏԻՄ-երի աշխատակիցները:
«Առողջապահական ոլորտում հոգեբանական բռնությունները հատկապես կապված են սեռավարակների հետ: ԼԳԲՏ համայնքը կամ անձինք միանգամից դիտարկվում են որպես սեռավարակներ տարածող խումբ, սպասարկող անձնակազմի կողմից ենթարկվում են ծաղր ու ծանակի: Ցավոք սրտի, շատ լուրջ խնդիր է մասնագետների տեղեկացվածության պակասը սկսկած գիտական գրքերից, որ նույնասեռականությունը համարվում է հիվանդություն և այն պետք է բուժել»,-հավելեց Բագրատունին:
Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: